Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՃՇՏՈՒՄ Է

Ապրիլ 12,2001 00:00

ԱՇՈՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՃՇՏՈՒՄ Է Ձեր թերթում ապրիլի 10-ին հրապարակվել էր հաղորդակցություն, որում ճիշտ չէր ներկայացված Երկրորդ համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի տեսակետը՝ այդ Խաղերի մասնակիցներին Ծաղկաձորում տեղավորելու վերաբերյալ: Ուստի խնդրում եմ հրապարակել իմ պարզաբանումները: Երբ իմ կողմից մամուլում մտահոգություն հայտնվեց, որ երեւանյան հյուրանոցների մեծ մասում գները չափից դուրս բարձր են, Երկրորդ համահայկական խաղերի Կառավարական կազմկոմիտեի ներկայացուցիչները առաջարկեցին տեղավորել Խաղերի մասնակիցներին Ծաղկաձորի օլիմպիական եւ այլ պանսիոնատներում՝ $25-ով օրական եւ օրը երեք անգամ սնունդով՝ հաշվի առնելով, որ Ծաղկաձոր-Երեւան փոխադրումն անվճար է լինելու: Ըստ այդմ, առաջ էր քաշվում մասնակիցների անվտանգության հարցը (՞), ինչպես նաեւ օլիմպիական բազայում մարզվելու հնարավորությունը: Կառավարական կազմկոմիտեի եւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի համատեղ նիստում թե ես եւ թե այդ կոմիտեի մյուս անդամները ողջունեցինք այդ գաղափարը: Սակայն մենք կարծիք հայտնեցինք, որ տեղավորումը Ծաղկաձորում պետք է իրականացվի կամավոր սկզբունքով. ով ցանկանում է՝ Ծաղկաձորում, ով ուզում է՝ Երեւանում: Հօգուտ դրան բերվում էին բազմաթիվ փաստարկներ, որոնց թվարկումով չեմ ցանկանում ծանրաբեռնել թերթի տարածքը: Համաշխարհային կոմիտեի անդամները նաեւ ցանկություն հայտնեցին ստանալ Կառավարական կազմկոմիտեի գրավոր հաստատումը՝ Ծաղկաձորում ապրելու գների եւ Երեւան-Ծաղկաձոր անվճար տեղափոխման հաճախականության վերաբերյալ: Մեր կոմիտեի նիստում, որը տեղի ունեցավ վարչապետի հետ հանդիպումից առաջ, ես առաջարկեցի համաձայնել Կառավարական կազմկոմիտեի առաջարկի հետ, սակայն իմ այդ տեսակետը աջակցություն չգտավ՝ Համաշխարհային կոմիտեի այլ անդամներ արտահայտվեցին ավելի ճկուն մոտեցման օգտին՝ ընտրելու հնարավորություն տալով Սփյուռքի ներկայացուցիչներին: Դրա հետ համաձայնեց նաեւ վարչապետ Մարգարյանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Կազկոմիտեի նախագահի տեղակալ Իշխան Զաքարյանը պաշտոնապես կներկայացնի Ծաղկաձորում ապրելու պայմանները, որոնք մենք կուղարկենք Խաղերի մասնակիցներին: Նույն օրը Ծաղկաձորի մարզական բազայի տնօրենի կողմից ներկայացվեց մի փաստաթուղթ, որտեղ խոստացված $25-ի եւ 3 անգամյա սնունդի փոխարեն ներկայացված էր մոտ 28 դոլարի գինը եւ 2 անգամյա սնունդը, ինչը գրեթե հավասարազոր է երեւանյան որոշ հյուրանոցների գներին: Հուսով եմ, սակայն, որ այդ թյուրիմացությունը կհարթվի: Հենց որ գները հստակեցվեն Կառավարական կազմկոմիտեի կողմից, մենք այդ փաստաթուղթը կուղարկենք բոլոր մասնակիցներին: ԱՇՈՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, Համահայկական խաղերի համաշխարհային նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել