Լրահոս
Օրվա լրահոսը

Գույները մեղուների պես բզզում են կամ քրտինքի նման հոսում։ Գույնն ամենուր է, այն պարուրում է քեզ ու ե

Ապրիլ 12,2001 00:00

Գույների աշխարհում Գույները մեղուների պես բզզում են կամ քրտինքի նման հոսում։ Գույնն ամենուր է, այն պարուրում է քեզ ու եթե զգույշ չլինես, կարող ես խեղդվել նրա քաղցրությունից, բայց եւ՝ թեթեւ հպումը բավական է, որ խունկի նման բարձրանաս երկինք։ Գույնը կուրտիզանուհու նման գայթակղում է եւ նեխած ձվի հոտի պես՝ վանում։ Այն ամենուր է. մանկան ճիչում, լռության, քամու, բանաստեղծության եւ երաժշտության մեջ։ Շոպենի նոկտյուրները, մանուշակագույնի նման ծորալով հասնում են մշուշապատ հիշողությանը, որը վաղուց արդեն դարձել է կրկնվող հեքիաթ։ Մարդու աչքն ունակ է տարբերելու 150 գունային անցումներ։ Համաձայն Պլատոնի՝ գունային տեսանելիությունը առաջանում է 2 լուսային հոսանքների բախումից, ընդ որում, լույսը ոչ այնքան հայտնաբերում է գույնը, որքան՝ արարում է այն։ Գույների նկատմամբ այսպիսի վերաբերմունք կար միջնադարում։ Այդ ժամանակաշրջանում գեղեցիկ էին համարվում այն գույները, որոնք փայլում էին, ինչն ավելի շատ աստվածային էներգիայի մարմնավորումն էր։ Դա լավ նկատվում է միջնադարյան խճանկարներում, որտեղ գույնը կենդանանում էր լույսի ազդեցությունից. երբ լույսն անհետանում է՝ այն խամրում է, գունազրկվում եւ կորցնելով լույսը՝ կորցնում է գեղեցկությունը։ Գույնը լույսի կերպարանքն է եւ այն ամենը, ինչ կերպարանք ունի, միշտ ի հայտ է գալիս գույնի մեջ։ Սեւը, մութը խավարի կերպարանքն է։ Սեւով են պատկերում դժոխքը, անդունդը։ Իսկ լույսը բարին է։ Լույսն այն է, ինչը կերպարանք է տալիս, խավարը չարն է, որը ոչնչացնում է ամեն ինչ։ Միջնադարում գույները սիմվոլիկ բնույթ են կրել։ Գյոթեն առաջիններից էր, ով լրջորեն սկսեց հետազոտել գույնի ֆիզիոլոգիական եւ հոգեբանական ազդեցությունը։ Նա 20 տարվա համառ աշխատանքի արդյունքում գտավ, որ յուրաքանչյուր գույն ազդում է որոշակի ձեւով։ Գյոթեի կարծիքով, կապույտ գույնը ցրտի զգացողություն է առաջացնում, կարմիրը՝ ջերմության, կանաչը, որում պարփակված է բարությունը, ունակ է հանգստացնելու աչքն ու հոգին։ Հետագայում հոգեբանները պարզեցին, որ նարնջագույնի, դեղինի եւ կարմիրի ազդեցության տակ արագանում եւ ուժեղանում են շնչառությունը ու զարկերակի բաբախումը, իսկ երկնագույնը, կապույտը, մանուշակագույնը եւ կանաչը ունենում են հակառակ ազդեցությունը։ Դրա հետ կապված գիտնականները գույները բաժանում են 2 խմբի՝ գրգռող եւ հանգստացնող։ Կարմիրը գրգռող, կենդանացնող, ջերմացնող է, դեղինը եւ նարնջագույնը տաք են, ուրախ, առույգ, հրապուրիչ։ Կանաչը հանգիստ գույն է, ստեղծում է հաճելի խաղաղ տրամադրություն, հարուստ է ասոցիացիաներով։ Կապույտը հանգիստ, լուրջ, քնքուշ, թախծոտ գույն է։ Մանուշակագույնը կարմիրի եւ կապույտի էմոցիոնալ ազդեցության միացությունն է։ Այն միաժամանակ եւ ձգում է իրեն, եւ հետ մղում, լիքն է կյանքով ու դրա հետ մեկտեղ առաջացնում է տխրություն ու կարոտ։ Արդեն տասնիններորդ դարի վերջում գույնը օգտագործում էին հոգեկան հիվանդների բուժման մեջ։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել