Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան

Ապրիլ 12,2001 00:00

ԽԱՆԴԸ ՍԻՐՈ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆ Է Որքան էլ ընդդիմանանք, վերջիվերջո, ստիպված ենք համաձայնել այն մտքին, որ խանդը սիրո մշտական ուղեկիցն է։ Ու որքան էլ հոգեբանները փորձեն համոզել, թե այդ «նվաստացուցիչ զգացումը ոչ թե սիրո, այլ եսասիրության արգասիք է», միեւնույն է, դարերի փորձը հուշում է, որ խանդն ուղեկցում է սիրուն ստվերի պես։ Այդպես եղել է դեռեւս հին հունական աստվածների ժամանակ եւ այդպես կլինի միշտ, քանի դեռ կա սերը։ Իրենք՝ հոգեբաններն ու անգամ հոգեվերլուծության նախահայր Զիգմունդ Ֆրեյդը, շատ հաճախ ստիպված են եղել խոստովանել, որ խանդը բնական, նորմալ զգացում է, որով իրենք էլ են տառապում։ Եվ ուղեղի հրամանը՝ «ամո՛թ է, մի խանդիր», ազդում է միայն այն դեպքում, երբ սերը հեռացել է՝ տեղը զիջելով անտարբերությանը։ Սակայն փաստը մնում է փաստ. խանդից խուսափել չեք կարող (եթե սիրում եք), ուրեմն՝ ավելի լավ է «թուլանաք եւ հաճույք ստանաք», այսինքն՝ փորձեք գտնել խանդն արդարացնող հիմքեր եւ անգամ որոշեք, որ «խանդը սիրո պահապան հրեշտակն է»։ Խանդը՝ զգացմունքի չափորոշիչ Պատկերացրեք, վերադառնում եք աշխատանքից գիշերվա ժամը 3-ին եւ ձեր սիրեցյալը կամ քնած է, կամ հիմար ժպիտով հարցնում է. «Ջանիկս, հուսով եմ՝ լավ ժամանակ ես անցկացրել»։ Դե հիմա անկեղծ խոստովանեք՝ այդ ռեակցիան ձեզ դուր կգա՞։ Եվ արդյո՞ք դուք այն կընդունեք որպես անսահման վստահության արտահայտություն, թե՞ այնուամենայնիվ կմտածեք, որ այլեւս ոչինչ չեք նշանակում նրա համար։ Գերմանացի հոգեբան Սիբիլլա Վեբերը մխիթարում է. «Խանդի փոքրիկ արտահայտությամբ ձեր երկրորդ կեսը հավաստում է, որ դուք կարեւոր եք նրա համար»։ Խանդը՝ խթան Տարիների համատեղ կյանքից հետո կինը, չունենալով խանդելու որեւէ պատրվակ եւ վստահելով, որ ամուսնու կյանքում «ինքն է, որ կա», մոռանում է կանացի փոքրիկ խորամանկությունների մասին, օծանելիքի փոխարեն բուրում է սոխեռածով, շրթներկի փոխարեն շուրթերը զարդարում է մածունի մնացորդը, մետաքսե գուլպաներին փոխարինում է բրդյա պատռված կիսագուլպան։ Եվ հանկարծ… խանդի մի փոքրիկ առիթ եւ նա նորից վերագտնում է իր մեջ կնոջը։ Եվ տիպիկ «օջախի կնկա» նկարագրից դուրս գալով, սկսում է աշխատել ինքն իր վրա, անել ամեն ինչ՝ զուգընկերոջ սերը պահպանելու համար։ Նույն Սիբիլլա Վեբերն այս առիթով ասում է. «Խանդը դառնում է մի ազդակ՝ խելքի եկ, թե չէ կկորցնես։ Ու դրանով իսկ խթանում է կնոջ մեջ կանացիության, քնքշանքի, նրբության զարթոնքը»։ Խանդը՝ կոմպլիմենտ Եթե դուք որեւէ օբյեկտիվ պատճառ չունեք խանդելու, ուրեմն ձեր զուգընկերը բանի պետք չէ։ Իսկ եթե նա իրոք արժանի է որեւէ զգացմունքի եւ նրա համար «ա՜խ» են քաշում շրջապատի բոլոր կանայք, ձեր ընկերուհիներն ու նրա գործընկերուհիները, եւ, եթե այդքանից հետո նա ձե՛ր, հատկապես ձե՛ր կողքին է մնում (իհարկե՝ ինքնակամ), ուրեմն շտապեք տոնել ձեր հաղթանակը՝ որքա՜ն լավն եք, ուրեմն դուք։ Դրանից էլ լավ հաճոյախոսությո՞ւն։ Խանդը՝ նախազգուշացում Բալզակը իր «Երկու կին» վեպում գրել է խանդի մասին. «Դա մի ժամապահ է, որը երբեք չի քնում»։ Խանդը նախազգուշացում է, սեյսմոգրաֆ։ Նա թույլ է տալիս զգալ սպասվող ցնցումը, երբ այն դեռ շատ հեռու է։ Եվ սկսում եք նախապատրաստվելը։ Հետաքրքիր է միայն խանդող տղամարդու եւ կնոջ տարբերությունը։ Տղամարդն, իմանալով կնոջ դավաճանության մասին, կատաղում է, գազազում, կորցնում իրեն։ Կինը, տեղեկանալով ամուսնու դավաճանության փաստին, աննկարագրելի հոգեկան տառապանք եւ ցավ է ապրում. «Սիրտս փշուր- փշուր է եղել» այս արտահայտությունն ամենատեղինն է նրա զգացողությունը նկարագրելու համար։ Կենսաբանները զգացողությունների այդ տարբերությունը բացատրում են մարդու էվոլյուցիայով. տղամարդը դավաճանությունն ընկալում է որպես ցեղի շարունակությանը սպառնացող վտանգ, իսկ կինը սկսում է սարսափել «թիկունք եւ պաշտպան» կորցնելու մտքից։ Խանդը՝ կայունության հիմք «Հոգեբանությունն այսօր» հանդեսում տպագրված է Իլլինոյսի համալսարանի հոգեբանների հետազոտությունը, որտեղ ասվում է այն մասին, որ առավել կայուն են այն զույգերի հարաբերությունները, որոնք արդեն անցել են խանդի փորձության շրջանը։ Համոզվելով, որ աշխարհը լիքն է այլ կանանց եւ տղամարդկանց տեսքն ունեցող գայթակղություններով, զույգերն, ի վերջո, հասկանում են, որ իրենց կողքին լավագույնն է ու միակը։ Վերջաբան Ամեն դեպքում խանդի հիմքում ընկած է մեն-միակ, ոմանց կարծիքով, եսասիրական ձգտում՝ լինել սիրեցյալի համար միակն ու անկրկնելին։ Իսկ ո՞վ ասաց, որ դա՛ չէ սերը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել