Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ, յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում այս հարցի առաջ ու մտորում երկար ու,

Ապրիլ 12,2001 00:00

Երբ ճնշումը «վերեւից է» եւ բավականին ուժեղ Կարծում եմ, յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում այս հարցի առաջ ու մտորում երկար ու, ցավոք, ապարդյուն։ Ու դեռ երկար կմտորենք, քանի դեռ չեն դադարել գործել «իշխանական լծակները», որոնք սեղմում են վերեւից եւ բավականին ուժեղ։ Իր արադարացի վրդովմունքն ու զայրույթի ձայնն է բարձրացնում Արաբկիր համայնքի բնակչուհի Անուշ Ասատրյանը, որի իրավունքներն են ոտնահարվում ու ապօրինաբար լուծվում ամեն տեսակի հարց սեփական «մեթոդներով»։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը քննության առնելով Սամվել Խաչատրյանի հայցն ընդդեմ Անուշ Ասատրյանի՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջի մասին քաղաքացիական գործը խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի որոշում-եզրակացությունը ստանալու նպատակով հարցում է կատարել Արաբկիր թաղապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովին։ Երեքամսյա ձգձգումից հետո ապրիլի 3-ին հանձնաժողովը հրավիրել է Անուշ Ասատրյանին, նրա փաստաբանին եւ իր նախկին ամուսնուն նիստի, որտեղ հանձնաժողովի 6 անդամները՝ Հ. Սառիկյան, Գ. Գեւորգյան, Գ. Հովսեփյան, Լ. Հայրապետյան, Լ. Մարության, Լ. Մելիքսեթյան, ապահովելով ժողովի անցկացման քվորումը լսել են կողմերին, քննել, քննարկել եւ կայացրել որոշում, որով երեխաների խնամքն ու դաստիարակությունը հանձնել են Անուշ Ասատրյանին։ Երկու օր անց, հանձնաժողովի եզրակացությունը ստանալու նպատակով, Անուշ Ասատրյանը թաղապետարանում տեղեկանում է հանձնաժողովի քարտուղար Հ. Զեյնալյանից, որ նիստը համարում են տեղի չունեցած եւ թաղապետն իր համաձայնությունն ու հավանությունը չի տվել որոշմանը, ուստի պետք է նոր նիստ հրավիրվի։ Հարգարժան թաղապետ Ֆ. Յայլոյանն անտեսել է, որ խնամակալության ու հոգաբարձության մարմինը գործում է ՀՀ կառավարության կողմից 2000թ. մարտի 13-ի թիվ 111 որոշմամբ ընդունված եւ նույն օրը ՀՀ նախագահի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ խնամակալության ու հոգաբարձության մարմիններն իրենց իրավասության սահմաններում ընդունում են որոշումներ, որոնք կարող են բողոքարկվել միայն դատական կարգով։ Համաձայն նույն կանոնադրության 9-րդ հոդվածի՝ խնամակալության ու հոգաբարձության մարմիններն իրենց վրա դրված պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու համար ենթարկվում են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդուհանդերձ, թաղապետը թույլ է տվել իր պաշտոնական լիազորությունների սահմանազանցում, որը նախատեսված է ՀՀ Քրօրի 183 հոդվածով։ Թաղապետին նման ինքնակամ կամայականությունների դրդողը հանդիսանում է Ազգային ժողովը՝ մասնավորապես անմիջական ճնշում է գործադրվել ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի կողմից։ Թաղապետի կարգադրության հիման վրա ապրիլի 5-ին հանձնաժողովի անդամները նոր այց կազմակերպեցին, որով էլ լիարժեք հաստատվեց, որ իրենց նպատակը նախկինում կայացրած նիստը եւ եզրակացությունը հիմնովին վերացնելն է։ Եվ, ի զարմանս բոլորի, Սամվել Խաչատրյանի մեջ արթնացել է ոչ թե սիրող եւ հոգատար հայրը, այլ նրա պայքարը հետապնդում է մի նպատակ՝ առանց մոր համաձայնության օտարել բնակարանը՝ իր ունեցած պարտքը մարելու նպատակով։ Որքան սարսափելի է մարդ արարածը եւ առավել սարսափելի է, երբ նման անձանց հովանավորներ են գտնվում եւ այն էլ՝ «վերեւներում»: ԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել