Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականների արծարծած բազմաթիվ հարցերին կոնկրետ պատասխաններ տալու փոխարեն, երեկ կոչ արեց ՀՀ վարչապետ

Ապրիլ 12,2001 00:00

«ԵԿԵՔ ՄԱԶՈԽԻԶՄՈՎ ՉԶԲԱՂՎԵՆՔ» Գիտնականների արծարծած բազմաթիվ հարցերին կոնկրետ պատասխաններ տալու փոխարեն, երեկ կոչ արեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Նախ ծանր պայմաններից բողոքող գիտնականների երեսով տվեց, թե չեն հիշում, որ պատերազմ ու երկրաշարժ ապրած պետություն ենք։ Հետո էլ թե՝ լավ եք անում, որ չեք հիշում, «չի կարելի ցավը անընդհատ հիշել, մազոխիզմով զբաղվել»։ Պետական վերաբերմունքից դժգոհ գիտնականներին կառավարության ղեկավարը հստակ երաշխիքներ կամ հայեցակարգային լուծումներ չառաջարկեց։ Դեռ «մուննաթ» եկավ, թե «դուք ինքներդ պիտի կարողանաք նեցուկ կանգնել ցանկացած կառավարությանը, ցանկացած նախագահին։ Նախագահով, վարչապետով, նախարարներով չի որոշվում պետության, գիտության բախտը, դո՛ւք եք որոշում»։ Ի պատասխան՝ դահլիճից արձագանքեցին՝ «Մեզ ո՞վ է լսում որ»։ Լավ էր գոնե, որ վարչապետը ընդունեց՝ «մենք պարտավոր ենք համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի ձեր խնդիրները լուծվեն»։ Այլ բան է, որ նման պարտավորությունը միայն խոսքերով են ընդունում։ Վարչապետը գիտնականների ինքնասիրությունը շոյող խոսքեր էլ գտավ՝ «Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել ձեր հաշվետու ժողովին, որովհետեւ տասնամյակներ առաջ, երբ ես ուսանող էի, ինձ համար ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր պատիվ է, երբ տեսնում կամ լսում եմ մեր մեծ գիտնականներին, որոնց դասագրքերով ե՛ւ ես եմ սովորել, ե՛ւ իմ երեխաները, ե՛ւ սերունդ է դաստիարակվել։ Եվ սերունդ է դաստիարակվել ոչ միայն սովորելով, այլ նաեւ ձեր միջոցով մեր ժողովրդի, ազգի պատիվը բարձր պահելով»։ Նաեւ գնահատեց, թե «դո՛ւք եք մեր ցեղի ոգին, մեզ պահպանողը, գիտակցությունը, ոգին պահպանողը»։ Սակայն գիտնականները ոչ թե ճոխ խոսքերի, այլ իրական հոգածության ու մեծարանքի կարիք ունեն։ Վարչապետը վստահեցրեց, թե «ձեր ցանկացած ցավը, ցանկացած խնդիրը, որ բարձրացնում եք, դա ոչ միայն ձեր, այլ մեր պետության, մեր ժողովրդի խնդիրն է»։ Բայց անմիջապես էլ հավելեց՝ «Ցավոք սրտի, որքան էլ ցանկանանք, բոլոր խնդիրները, որ բարձրացնում եք, հնարավոր չէ լուծել»։ Այնուամենայնիվ, Անդրանիկ Մարգարյանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել գիտնականների արծարծած հարցերը։ Իսկ ընդհանրապես, ԳԱԱ-ի տարեկան հաշվետու ժողովը հավատարիմ մնաց նախորդ տարիների սցենարին։ Ծանր ու մեծ մատուցվեցին նվաճումները՝ տեղ-տեղ թերություններից խոսելով։ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանի ծավալուն խոսքը այնքան հագեցած էր գիտական տերմիններով, որ մեջբերելու հարմար բան չգտանք։ Դահլիճը եւս այն ուշադրության չարժանացրեց՝ խուլ աղմուկով ուղեկցելով։ Բայց խաղաղվեց՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ սրբազանի մեծ պաթոսով ու արտիստիզմով մատուցված խոսքի ժամանակ։ Սրբազանը տեղ-տեղ այնպես էր ձայնը բարձրացնում, որ որոշ գիտնականներ հանկարծակիի եկած վեր էին թռչում տեղներից։ Ակադեմիկոս, ԵԲՀ ռեկտոր Վիլեն Հակոբյանի խոսքը հանգիստ լսեցին՝ թեեւ կանխատեսեց, որ իր ելույթը «որոշ մարդկանց դուրը չի գա»։ Այդպիսիք, իրոք, գտնվեցին։ Մասնավորապես, ակադեմիկոս Կոստանդին Ղարագյոզյանը խիստ վրդովվել էր պարոն Հակոբյանի այն առաջարկից, թե հարկավոր է գիտահետազոտական ինստիտուտները վերակառուցել ու վերամիավորել։ «Այն, ինչ ստեղծել են Համբարձումյանները, դուք ուզում եք այսօր մի ձեռքի շարժումով փակե՞լ։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան անել։ Դե բերեք սկսեք բուհերից, բժշկական համալսարանը դարձնենք ԵՊՀ-ի ֆակուլտետ, ինչպես որ եղել է»,- բուռն ծափողջույնների ներքո առաջարկեց Կ. Ղարագյոզյանը։ Վերջինս չներեց Վիլեն Հակոբյանին նաեւ նրա համար, որ մասնավոր բուհերի որակը անխնա քննադատեց եւ մասնավոր բժշկական բուհերի գոյությունը վնասակար որակեց։ Պարոն Ղարագյոզյանը հակադարձեց. «Ես աշխատում եմ Հայկական բժշկական ինստիտուտում, եւ դուք ասում եք՝ շատ ցածր որակի դասախոսներ են։ Ո՞վ ձեզ թույլ տվեց այդպիսի արտահայտություններ անել։ Ձեր բիոքիմիայի ամբիոնի պրոֆեսորները իմ ձեռքի տակ են դարձել պրոֆեսորներ»։ Ընդհանուր առմամբ, սակայն, ժողովն ընթացավ բավականին հանգիստ, հատուկենտ բորբոքված ելույթներով ու տեղ-տեղ շիկացած մթնոլորտում։ Առանց ավելորդ կրքերի տրվեց նաեւ ԳԱԱ-ի 2000թ. աշխատանքի գնահատականը. ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը առաջարկեց գնահատել բավարար եւ պարզ քվեարկությամբ այն հաստատվեց։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ. Գ. Ժողովում հնչած առավել ուշագրավ ելույթներին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա համարներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել