Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց նպաստ չեն տալիս

Ապրիլ 12,2001 00:00

Գործազուրկներին գարնանն էլ են հաշվում Բայց նպաստ չեն տալիս Բնակչության թվի պակասելուն զուգընթաց, պակասում է նաեւ գործազուրկների թիվը։ Բնականաբար, սա չի նշանակում, թե գործազուրկների թվի պակասելը աշխատատեղերի ավելացման արդյունք է, քանի որ աշխատանքի տեղավորվողների թիվը շատ ավելի քիչ է՝ Վանաձորում մի քանի հարյուր: Մինչդեռ գործազուրկները պակասել են մի քանի հազարով՝ մեկ տարվա ընթացքում 15091-ից դառնալով 12583։ Այս թիվը հայտնեցին աշխատանքի եւ զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում, որտեղ գրանցված գործազուրկների վերոնշյալ թվից նպաստառու է ընդամենը 1010-ը։ Դրամական օգնություն ստանում է 660-ը։ Ընդ որում, գործազուրկին տրվող նպաստը 3120 դրամ է, իսկ «դրամական օգնություն» կոչվածը՝ 1360 դրամ։ Փաստորեն, գործազուրկներն էլ բաժանվում են կատեգորիաների՝ ըստ գործազրկության սանդղակում զբաղեցրած իրենց աստիճանի։ Նպաստ ու դրամական օգնություն ստացող 1670 գործազուրկների թիվը ընդհանուրի թվից հանած՝ 10913 գործազուրկներ «մեռած հոգիներ» չեն միայն այն պատճառով, որ ամիսը մեկ անգամ կանոնավոր ներկայանում են զբաղվածության կենտրոն եւ ստորագրում՝ իրենց կենդանությունը ֆիզիկական ներկայությամբ հավաստելով։ Չներկայացողներին կենտրոնը հանում է հաշվառումից (դեռեւս 2000թ. 3-րդ եռամսյակում հաշվառումից միանգամից դուրս են եկել 2049-ը՝ «1 տարվա ընթացքում առնվազն 1 անգամ կենտրոն չներկայանալու պատճառով»։ Սա նշանակում է, որ մարդիկ աշխատանք գտնելու հարցում հույսը կտրել են պետության աջակցությունից, ինչպես նաեւ տարվա ընթացքում ընդամենը 5 ամիս տրվող չնչին գումարներից, որոնք էլ ստանում են մեծ ուշացումներով)։ Մի առանձին հիմնահարց էլ գումար ստանալու «չեկի» եւ դրանից հետո միայն գումար ստանալու համար օրերով հերթ կանգնելն է։ Պարզապես ապշեցուցիչ է, որ 2001թ. ապրիլի դրությամբ գործազուրկները դեռեւս չէին ստացել նախորդ տարվա մարտ, ոմանք էլ՝ փետրվար ամսվա նպաստները։ Ըստ երեւույթին, այդ անտանելի վիճակից հոգնած՝ 9 գործազուրկ 1 տարվա ընթացքում հեռացել է բնակության վայրից։ Երեքը մահացել է։ 54 գործազուրկ անցել է կենսաթոշակի (այսպիսով, նրանք հայտնվել են ավելի «բախտավոր» վիճակում, քան՝ հաշվառվող, բայց նպաստ չստացող գործազուրկները)։ 2000թ. ընթացքում աշխատանքի եւ զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնից այդպիսի տեղեկանք ստացել է 4000 քաղաքացի, սակայն թե նրանցից քանիսի՞ն է հաջողվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ձեռք բերել՝ արդեն այլ թեմա է։ Այն հարցին, թե գործազուրկի նպաստ ստացող քաղաքացին կարո՞ղ է նաեւ աղքատության նպաստ ստանալ, աշխատանքի եւ զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը նշեց, որ այդ մասին ինքը կարող է նաեւ տեղյակ չլինել։ Վերջինիս հավաստմամբ, սակայն, զբաղվածության կենտրոնի կողմից տրվող տեղեկանքում նշվում է՝ քաղաքացին նպաստառո՞ւ է, դրամական օգնություն կամ նպա՞ստ է ստանում, թե՞ պարզապես հաշվառված է որպես աշխատանք փնտրող։ Աշխատանքի եւ զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրենից տեղեկացանք, որ 125 կեղծ գործազուրկներ, որոնց հայտնաբերել է կենտրոնը 2000թ. ընթացքում, հանիրավի «կերած» գումարները «հետ են տվել»՝ 157304 դրամ. ընդ որում, առանց դատ ու դատաստանի, պարզապես «խաթրով» հանձնել են պետբյուջե։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել