Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ

Ապրիլ 12,2001 00:00

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ Ոչ մի կերպ չեն հանդարտվում կրքերը դեղորայքի շրջանառության նկատմամբ ավելացված արժեքի հարկ կիրառելու շուրջ։ Օրենսդրական այս նախաձեռնությունը խորհրդարան մտնելու առաջին իսկ պահից որոշակի ընդդիմության հանդիպեց ու, չնայած դրան, կառավարությանը հաջողվեց օրենքն անցկացնել։ Հիշեցնենք, որ հարկային ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանի քննությանը ներկայացրեց այդ փոփոխությունների հայրը՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը։ Սակայն, չգիտես ինչու, երբ հունվարին այս հարցի շուրջ բարձրացավ դժգոհության առաջին ալիքը՝ «հարվածն» իր վրա վերցրեց ՀՀ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Ինչ տեղի ունեցավ. պետեկամուտների նախարարն անձամբ նախաձեռնություն ցուցաբերեց դեղորայք ներկրողների հետ հանդիպելու եւ որոշակի փոխզիջումների գնալու առնչությամբ։ Չնայած մինչեւ ապրիլի 1-ը դեղորայքի գները չբարձրացնելու առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը, այդուհանդերձ, գները կտրուկ բարձրացան՝ որոշ դեպքերում նույնիսկ մինչեւ 50%-ով։ Այդ ընթացքում շրջանառության մեջ դրվեց այն տեսակետը, թե դեղորայքի բիզնեսում մենաշնորհ գոյություն ունի, թեպետ, ծանոթ լինելով Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություններին, պետք է արձանագրել, որ այս տեսակետը հեռու չի իրականությունից։ Սակայն միաժամանակ արձանագրենք նաեւ, որ մինչ օրս Անդրանիկ Մանուկյանը այդպես էլ չբացահայտեց, թե ում է պատկանում Հայաստանում դեղորայքի մենաշնորհը։ Փոխարենը դեղորայք ներկրողները չեն դադարում կրկնելուց, թե գոյություն ունեցող մոտ 140 դեղորայքի ներկրողների պայմաններում չի կարող մենաշնորհ լինել։ «Պայքարի մեջ» մտնելու առաջին իսկ պահից, երբ պրն Մանուկյանին դիմում էին, թե՝ հնարավոր չէ՞ դեղորայքի շրջանառության նկատմամբ ավելացված արժեքի հարկ չկիրառել՝ նա սիրալիր պատասխանում էր, թե ինքն օրենքն ընդունողը չէ, ինքն օրենքը կատարողն է։ Ավելին, պրն Մանուկյանը շեշտում էր, թե այդ հարցն իրեն մարդկայնորեն է հուզում, քանի որ, որպես պետեկամուտների նախարար, իր իսկ պնդմամբ, ինքը շահում է։ Պրն Մանուկյանն այն համոզումն ունի, որ որքան բարձր լինեն հարկերը, այնքան ինքն ավելի հարկեր կհավաքի ու կապահովի բյուջեի մուտքերը։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե բարձր գների դեպքում կկրճատվեն դեղորայքի գնման ծավալները (որքան էլ որ դրանք անհրաժեշտ լինեն), ուստի եւ՝ դրանց շրջանառությունից ստացվող հարկերը։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է այս հարցը կարգավորելու ամենաշահագրգիռ պաշտոնյայի դերում հանդես գալիս ՀՀ պետեկամուտների նախարարը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակն ինքը չի, բավական ժամանակ է արդեն պատգամավոր էլ չի, ուրեմն ինչո՞ւ է հատկապես պրն Մանուկյանը մտահոգվում այս հարցի կարգավորմամբ։ Մի՞թե միայն մարդկայնորեն է պրն Մանուկյանին հուզում դեղերի գների բարձրացումը։ Բոլորովին չկասկածելով Անդրանիկ Մանուկյանի մարդկային արժանիքներին, հիշեցնենք, որ այդ հարցերը եւ ստեղծված իրավիճակն առաջին հերթին պետք է հուզեր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանն ու մասնավորապես Գագիկ Արզումանյանին։ Դեղորայքի բիզնեսով զբաղվողներից ոմանք այն կարծիքին են, թե պետական եկամուտների նախարարի հայտարարությունները դեղորայքի բիզնեսում գոյություն ունեցող մաֆիայի շուրջ, գների բարձրացումը միայն կազմակերպված սաբոտաժ որակելով՝ մի նպատակ է հետապնդում. դեղորայքի շուկայում ճանապարհ բացել այլ մարդկանց համար։ Մեկ այլ տեսակետի համաձայն, ներկայումս կառավարությունը պարզապես չի ցանկանում հետ կանգնել օրենսդրական իր նախաձեռնությունից ու դեղորայքի շրջանառությունը ազատել ավելացված արժեքի հարկից։ Ուստիեւ, մի ձեռքով, այս դեպքում, Գագիկ Արզումանյանի տեսքով կառավարությունը կիրառում է ավելացված արժեքի հարկը, մյուս ձեռքով՝ արդեն Անդրանիկ Մանուկյանի տեսքով, հասարակության մոտ պատկեր է ստեղծում, թե կառավարությունը մտահոգված է հարազատ ժողովրդի ճակատագրով։ Այս ցանկությունը առավել ակնառու դարձնելու համար կառավարությունը հայտարարեց, իբր թե, դեղորայքի շրջանառությունից հարկվող ավելացված արժեքի հարկը առանձին հաշվեհամարի վրա է նստում, որն էլ ուղղվելու է սոցիալապես անապահով խավերին։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել