Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՊՏՈՒԿՆԵՐՈՎ ՉԵՆ ՏԵՍԵԼ

Ապրիլ 12,2001 00:00

ՆՐԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՊՏՈՒԿՆԵՐՈՎ ՉԵՆ ՏԵՍԵԼ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն էլ իրենց հայտարարություններով նպաստեցին, որ հյուսվի առասպել, թե ինչ «անմարդկային խոշտանգումների» եւ բռնությունների է ենթարկվել Նաիրի Հունանյանը։ Մինչդեռ կարելի էր խոսել թերեւս միայն հարվածների կամ ծեծի մասին։ Մեր հարցին՝ մի՞թե ծեծն ու խոշտանգումները տարբերակելի չեն, այդ հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, ծեծն ու խոշտանգումը բացարձակապես տարբեր բաներ են։ Չի կարելի ծեծն անվանել խոշտանգում»։ Այսուհանդերձ, մեր զրուցակիցը նաեւ նկատեց. «Ինձ թվում է, այնքան էլ ճիշտ չէ այսօր Նաիրի Հունանյանի ֆիզիկական տեսքից դատելը, թե նրա նկատմամբ արդյոք ծեծ, բռնություններ կամ խոշտանգումներ կիրառվե՞լ են ամիսներ առաջ։ Սա շատ սուբյեկտիվ կլինի հիմք ընդունելու համար, թե նրան չեն ծեծել կամ խոշտանգել»։ Նկատենք, որ մեր դատողությունների համար հենք էր ծառայել ոչ թե նրա ներկայիս տեսքը, այլ նախաքննության ընթացքում Նաիրի Հունանյանի իսկ տված ցուցմունքներում պարունակվող «ապացույցները»։ Քանի որ Վարդան Հարությունյանը եւ Մարդու իրավունքների հանձնաժողովի այլ անդամներ մի քանի անգամ այցելել էին Հունանյանին, իրենք կարող էին այս հարցում վերջնական պարզություն մտցնել։ «Ես չգիտեմ՝ նա ծեծվե՞լ է, թե՞ խոշտանգվել։ Նաիրի Հունանյանն էր տեղեկացնում, թե իր նկատմամբ կիրառվել են բռնություններ,- ասաց պրն Հարությունյանը։- Բայց ես միշտ հիշում եմ, որ կալանավորը կարող է ստել եւ իրավունք ունի ստելու։ Նա կարող էր եւ սուտ ասել ինձ»։ Մի հարց է, թե Հունանյանն ինչ էր ասում եւ այլ, թե իրենք ինչ են տեսել. «Ես նրան երբեւիցե չեմ տեսել արնաշաղախ վիճակում։ Չեմ տեսել նաեւ կապտուկներով։ Հետս էլ մանրադիտակ չի եղել, որ, ինչպես պնդում են որոշ պատգամավորներ, նրան մերկացնեի եւ ուսումնասիրեի։ Եվ դա չէր իմ խնդիրը՝ ես բժիշկ չեմ, այլ իրավապաշտպան։ Եվ որպես իրավապաշտպան պարտավոր եմ ցանկացած կալանավորի ահազանգից հետո արձագանքել»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել