Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍԱԾՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՄԻ ԸՆԴՈՒՆԵՔ»

Ապրիլ 12,2001 00:00

«ԱՍԱԾՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՄԻ ԸՆԴՈՒՆԵՔ» Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մոտ մեկ շաբաթ առաջ խոստացավ, որ ԱԺ խմբակցություններին կներկայացնի բոլոր այն կուսակցությունների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել աշխատատեղեր ունենալ էներգահամակարգում։ Ըստ վարչապետի, բոլոր այդ կուսակցությունները՝ «մոռանալով հանդերձ, որ անձամբ ինձ են դիմել 2-3 ամիս առաջ՝ գոնե էլցանցում պետ կամ պետի տեղակալ կամ տեղամասի պետ ունենալու համար։ Այն բոլոր կուսակցությունները եւ պատգամավորները, ովքեր մեծ-մեծ խոսում էին էլցանցերի գողության, թալանի մասին։ Ես ուղղակի ստիպված եմ լինելու այն բոլոր դիմողներին, ում խնդրանքով ես առաջարկել էի էներգետիկայի նախարարությանն այս հարցը քննարկել եւ մասնագետներին նշանակել՝ ուղղակի գերկորուստների վերաբերյալ, որ այդ մարդիկ ունեցել են։ Եվ կներկայացնեմ ԱԺ խմբակցություններին, որից հետո կտեսնենք, թե ինչպես լենինականցիներն են ասում՝ «պոռո խոսացողների» վերջն ի՞նչ է լինելու»։ Ըստ երեւույթին «պոռո խոսացողների» վերջը դեռ չի եկել, քանի որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դեռեւս խմբերին եւ խմբակցություններին որեւէ ցուցակ չի ներկայացրել։ Համենայնդեպս, «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտի» հարցումին ի պատասխան ասաց, որ «Միասնությունը» ոչինչ չի ստացել։ «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Վարդան Այվազյանը եւս խնդրեց հարցն ուղղել «Միասնությանը», իսկ իրենց խմբի մասով ասաց. «Ոչ մի բան չենք ստացել, ոչ թուղթ, ոչ գրիչ, մենք մեր տեղը խելոք նստած ենք, ոչ էլ հեռախոսազանգ ենք ստացել»։ Վստահ ենք, ֆաքս եւ էմեյլ եւս ստացած չեն լինի, թե չէ պրն Այվազյանը չէր թաքցնի։ ԱԺՄ խմբակցության անդամ Ֆիլարետ Բերիկյանը մեր հարցումին ի պատասխան թելադրեց բառացիորեն հետեւյալը. «Մենք ցանկություն չենք հայտնել այդպիսի ցուցակ ստանալու»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով վարչապետի մտքին, ասաց. «Վարչապետն իր ելույթում խոստովանեց, որ էլցանցերի պետեր են նշանակվել, որոնք գերկորուստներ են տալիս։ Սրանից կարելի է միայն ենթադրություն անել, որ կոռուպցիայի հետեւում կանգնած է կառավարությունը»։ Երեկ պրն Գեղամյանը «Առավոտի» հարցումին ի պատասխան ասաց. «Ասածները լուրջ մի ընդունեք»։ Թեպետ պրն Գեղամյանը ասաց նաեւ, որ դեռ մեկ շաբաթ է անցել, մեկ էլ տեսար՝ ուղարկեցին։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել