Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում

Ապրիլ 12,2001 00:00

Ինքը ժողովրդի ամոթն է Դատարանում հնչեց Նաիրի Հունանյանի, այսպես կոչված, «Փրկության ծրագիրը», որով ժամանակին հիացած էին մի քանի քաղաքական գործիչներ եւ նույնիսկ ցանկություն ունեին հրապարակել այդ «Ծրագիրը» առանձին բրոշյուրով։ Այսպես կոչված «Փրկության ծրագիրը» լսելով ծայրից ծայր, առաջին տպավորությունն այն էր, որ Նաիրի Հունանյանը հոգեկան հիվանդ է։ Բայց քանի որ բժիշկների ասելով դա այդպես չէ, ուրեմն Նաիրի Հունանյանն անբուժելի փառամոլ է, ինքնահավան ու ինքնասիրահարված։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել սեփական անձի նկատմամբ անզուսպ հրճվանքը։ Իր ինքնասիրահարվածության մեջ ամբաստանյալն այնքան հեռու է գնում, որ միայն «մայկայի վրա տիպեր կպցնելու» նպատակով ստեղծված «ՆեւՆ» ՍՊԸ-ի անվան տակ իրեն հռչակում է գլխավոր խմբագիր եւ այդպես ներկայանում Ֆրանսիայի դեսպանատանը։ Ընտանիքի մասին Նաիրի Հունանյանը խիստ տեղայնացված պատկերացում ունի, քանի որ ինքը ծնվել ու մեծացել է, մեղմ ասած, ոչ այնքան բարոյական ընտանիքում (քր. գործի մեջ կա մոր վարքի եւ հոր անկայուն բնավորության մասին), ուրեմն իրեն իրավունք է վերապահվում ընդհանրացված դատողություններ անել հայկական բոլոր ընտանիքների մասին։ Նաիրի Հունանյանի ցնցող «գլուխգործոցը» այն է, որ առաջարկում է անհապաղ 1 դրամը հավասարեցնել 1 դոլարին, որից հետո «ժողովուրդը կդառնա գնողունակ եւ վճարունակ, ինչը աննախադեպ աշխուժություն կառաջացնի թե՛ առեւտրի, թե՛ սպասարկման ոլորտում։ Պատկերացնելու համար ասեմ, որ եթե այսօր Երեւանի որեւէ թաղամասում մեկ վարսավիր հասցնում է բնակիչներին սպասարկել այն պարզ պատճառով, որ մարդիկ դրամ չունենալու պատճառով շատ ուշ-ուշ են վարսավիրանոց գնում, ապա աշխատավարձը եւ թոշակը ստանալով ավելի հաճախակի կօգտվեն հիշյալ ծառայությունից, արդյունքում՝ մեկի փոխարեն 5-10 վարսավիրի կարիք կզգացվի։ Երկրի մասշտաբով հազարավոր աշխատատեղ կբացվի միայն այս ոլորտում»։ Զառանցանք, որի մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողին։ Խոսում է ցուրտ ու մութ տարիների մասին, այն դեպքում, երբ ինքը ոչ թե կիսում էր ժողովրդի դժվարությունները, այլ հանգիստ ապրում էր տաք ծովափերում։ Խոսում է ընտրությունների մասին եւ սպանում 1998թ. ընտրություններում ամենաշատը տուժած Կարեն Դեմիրճյանին։ Նաիրի Հունանյանի «Ծրագրին» ծանոթանալով՝ պարզ է դառնում, որ նա առաջնորդվել է ոչ թե բարձր իդեալներով, ինչպես ինքն է փորձում ներկայացնել, այլ որոշակի գործիք է դարձել՝ կասեցնելու Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի սկսած երկրի փրկության գործընթացը։ Պարզ դարձավ, որ Նաիրի Հունանյանի, այսպես կոչված, «Փրկության ծրագիրը» իրականում իր՝ Նաիրի Հունանյանի ինքնափրկության ծրագիրն է։ Խոսելով ժողովրդի անունից՝ ինքնափքվածությունից Նաիրի Հունանյանը մոռանում է, որ ինքը այդ ժողովրդի ամոթն է եւ իրեն չի հաջողվելու փրկվել հայրենասիրության շապիկով։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել