Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Ապրիլ 12,2001 00:00

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Երեկ վճռաբեկ դատարանի 2-րդ հարկի դահլիճում շարունակվեց Նաիրի եւ Կարեն Հունանյանների, եւս 11 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Ընթերցվեցին 2000 թ. մայիսի 2-ի, 8-ի, 3-ի, 7-ի, 8-ի, 4-ի (հերթականությունը մեղադրողներինն է) նախաքննության ժամանակ Նաիրի Հունանյանի տված ցուցմունք-բացատրությունները, ինչպես նաեւ՝ նրա 197 էջից բաղկացած հայաստանյան իրավիճակն ամփոփող «ազատ շարադրանքը»։ Գաղտնալսման ժամանակ (ԱԺ նիստերի դահլիճի) հնչել էր Աբո անունը։ Ն. Հունանյանն ասել էր, թե «Աբո անունով մեկի հետ» չի խոսել եւ ժխտել էր, թե այդպիսի ծանոթ է ունեցել։ Ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի ցուցմունքի համաձայն էլ Նաիրին ԱԺ դահլիճում հեռախոսով խոսել էր ինչ-որ մեկի հետ, որին դիմել էր սիրալիր «պարոն» բառով, ապա հրաժարվել էր նրա գալուց՝ ծառայություններից։ Հունանյանն ասել էր նախաքննական մարմնին, թե «որեւէ պարոնի հետ սիրալիր արտահայտություն չեմ արել» եւ զարմացել էր, թե ընդհանուր աղմուկի մեջ ինչպես կարող էր Դերոն լսել։ Ամբաստանյալն ասել էր նաեւ, որ ցանկություն էր հայտնել, որ մամուլից գային ԱԺ նիստերի դահլիճ, բայց նրանք չեն կարողացել գալ։ Այդ ցուցմունքներում նորից է փորձ արվում ճշտելու, թե ուղիղ եթերի պայմանավորվածությունն ո՞ւմ հետ է եղել։ Ն. Հունանյանը հայտնում է, որ Հարութ Հարությունյանի հետ է եղել պայմանավորվածությունը եւ ոչ թե՝ Տիգրան Նաղդալյանի։ Նաիրի Հունանյանին հարցրել էին, թե ո՞ւմ հետ է շփվել ԱԺ-ում։ Նա հայտնել էր, որ Հմայակ Հովհաննիսյանին էր դիմել, թե. «Դու ինչո՞ւ ես վախենում, դու հո այս երկիրը չե՞ս թալանել»։ Ամբաստանյալը հիշել էր, որ ինքը Հրանտ Մարգարյանին չի ասել, թե «Վազգեն Մանուկյանին վերցրու, արի» եւ զարմացել, որ այդ մասին Հրանտ Մարգարյանն է իր ցուցմունքում ասել։ Ինչ վերաբերում է ոճրագործության օրը Սերժ Սարգսյանին փնտրելուն, նրա հասցեին կոշտ արտահայտություններ անելուն (այն է՝ «գնացել է բենզին ծախելո՞ւ»), Ն. Հունանյանը պնդեց իր նախորդ ցուցմունքները, որով «արդարացել» էր, թե Սերժ Սարգսյանին փնտրել է, որ կարգավորեին իրավիճակը։ «Տիկո, շուտ արեք, զենքը բերեք» եւ «Տիկո» արտահայտությունը վերծանեց այսպես. թե ԱԺ-ի Տիգրան Բալայանին գիտեր եւ Տիգրան Նազարյանին… Նախաքննական մարմինը շագանակնե՞ր է հանում Նաիրի Հունանյանին նախաքննական մարմինը հարցեր էր ուղղել այս կամ այն վկայի տված ցուցմունքի հիման վրա։ Ըստ վկա ներից մեկի էլ (Աննա Իսրայելյան, որը դատակոչվելու է)՝ Նաիրին ասել էր, թե լրագրողները «գնան կոնկրետ ուղղությամբ», որ «իրենց մարդկանցից կան»։ Նաիրի Հունանյանը բացատրել էր. «Ես լրագրողներին ասել եմ, որ դուրս գան կենտրոնական մուտքից դեպի Բաղրամյան փողոց, ուր մենք թողել էինք Աշոտին եւ Համլետին։ Հենց նրանց էլ նկատի եմ ունեցել՝ մերոնք ասելով»։ Հետեւում է քննիչի հաջորդ հարցը ամբաստանյալ Նաիրի Հունանյանին. «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը, ՀՀ-ից Ռուսաստանի հեռուստատեսության թղթակից Իրինա Արզումանովան, եւ «Հայկանդուխտ» հասարակական կազմակերպության նախագահ Արմենուհի Ղազարյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ 99 թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, ժ. 1-ի սահմաններում Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ մուտքի մոտ մի քանի՝ Ռուդիկ, Ռուդոլֆ, Վիլիկ, Վիլեն անուններով ներկայացող, 30-38 տարեկան անձնավորություն, որը հագին ունեցել է մուգ կանաչ գույնի հնամաշ կաշվե բաճկոն, ներկայանալով որպես ձեր ընկերը, հայտարարել է, որ կարեւոր բան ունի հայտնելու ոչ տեղական լրատվամիջոցներին եւ առաջարկել է մեկ կին լրագրողի եւ երկու օպերատորի հետ հանդիպել ձեզ եւ այլն։ Վերջինս միաժամանակ ցուցմունք էր տվել, որ այդ անձնավորությանն ինքը տեսել է դեռեւս 92-95 թթ. ընթացքում, թատերական հրապարակում Ցեղապաշտական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Քիչ հեռվում կանգնած են եղել եւս 3-4 երիտասարդներ, որոնք, ըստ իր ընկալման, եղել են այդ անձնավորության հետ, հանդիսացել են ձեր ընկերները կամ համախոհները։ Ի՞նչ կասեք այդ մասին»։ Ն. Հունանյանը պատասխանել էր. «Կարող եմ ասել, որ դրսում մենք թողել ենք Աշոտին եւ Համլետին եւ ուրիշ որեւէ մեկին։ Ես ոչ մի առաջադրանք չեմ տվել։ Թե ինչ մարդկանց մասին է խոսքը գնում, չեմ կարող ասել, եւ այդ անուններն ինձ անծանոթ են»։ Դատաքննությունը լուսաբանող լրագրողիս համար առնվազն անակնկալ էր սեփական ցուցմունքի այսօրինակ մատուցումը. ցուցմունք, որ չպետք է միացվեր մյուս երկու վերոնշյալ անձանց ցուցմունքներին։ Զինվորական դատախազություն ինձ հրավիրել էին «ճշտելու» (դեպքից ամիսներ անց), թե մեզ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը (երբ ես ռեպորտաժ էի պատրաստում եւ ԱԺ մուտքի մոտ եմ անցկացրել ողջ գիշերը), որեւէ կողմնակի անձ մոտեցե՞լ է։ Ես հստակ ասել եմ, որ մոտեցել է մեկը, որն անլուրջ մարդու տպավորություն է թողել, որը սկզբում ցանկություն է ունեցել որեւէ բան ասելու, ապա՝ չի ասել։ Իսկ «միացյալ»- «խմբագրված» ցուցմունքում այլ բաներ, անուններ հնչեցին։ Անձամբ ինձ այդ անձը չի ասել, թե Նաիրիի ընկերն է եւ կհանդիպեցնի մեզ նրա հետ։ Այդ անձն անգամ իր անունը չի ասել։ Ն. Հունանյանը 197 էջանոց «ազատ շարադրանքում» խոսել էր ազգի փրկության ճանապարհների, կոշիկի արտադրության, ներմուծումների- արտահանումների մասին։ Նախկինի պես, ամբաստանյալների հարազատներից դահլիճում ոչ ոք չկար։ Տուժողներից հիմնականում մի քանի պատգամավորներ են գալիս դատարան, իսկ 2-րդ կեսին դահլիճում լրագրողներն ու ոստիկաններն են… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել