Լրահոս
Օրվա լրահոսը

Համարում

Ապրիլ 12,2001 00:00

«ԴԱՇԻՆՔԻ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ՀՐԱՀՐՎԱԾ Է» Համարում է ՀԺԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը, որն, ինչպես անցած սեպտեմբերին, այնպես էլ այժմ, գտնում է, թե «Միասնությունն» անպայման պիտի պահպանվի. «Այն արյամբ մկրտված դաշինք է եւ «27»-ի պահանջատերը»։ Հանգամանքների բերումով, Էմմա Խուդաբաշյանը դաշինքին առնչվող վերջին իրադարձություններին հետեւում էր միայն, այսպես ասած, կողքից եւ հարկ համարեց հայտնել մի նկատառում. «Շատ զարմանալի էր մի իրողություն, երբ որ ՀԺԿ-ն բաշխիչ ցանցերի համար բողոքի ձայն բարձրացրեց եւ պատժվեց, ինչո՞ւ չարձագանքեցին այն կուսակցությունները, որոնք այսօր հանրահավաքներ են անցկացնում։ Ինչո՞ւ նրանք չհայտարարեցին, թե ՀԺԿ-ի հետ անարդարացի են վարվում։ Բայց այսօր, երբ այդ արտախորհրդարանական կուսակցությունները հանրահավաք են անցկացնում, անպայման ցանկանում են ՀԺԿ-ին էլ ներքաշել»։ Նա գտնում է, որ «Միասնության» տարաձայնություններն արհեստականորեն են ուռճացվում եւ անընդհատ հրահրվում է դաշինքի պառակտումը։ Տեսակետը հիմնավոր է, եթե հաշվի առնենք, թե ինչպես է մատի փաթաթան դառնում ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի փոքր-ինչ տարբեր ցանկացած քվեարկություն։ ՀՀԿ-ի որոշ գործիչներ իրենք էլ տուրք են տալիս սրան. առանձնապես չեն երկնչում ՀԺԿ-ին որպես դաշնակից կորցնելու հավանականության առջեւ, թերեւս, հուսադրում են իրենց այն հեռանկարով, թե միշտ էլ կարողանում են պայմանավորվել անկախ պատգամավորների, «Կայունության», ՀՅԴ-ի եւ այլոց հետ, ուստի դաշնակիցների պակաս չեն զգա։ Անտեսվում է, որ վերոթվարկյալ գրեթե բոլոր ուժերը, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ցանկության դեպքում, մենակ կթողնեն իրենց։ Եվ այդ պարագայում 1999-ի խորհրդարանական ընտրությունների՝ շատերին նյարդայնացնող արդյունքները խմբագրելը եւ կառավարության հարցը լուծելը հաշված րոպեների խնդիր կդառնա։ Այնպես որ, «Միասնության» տրոհումն այս ճանապարհով առաջին քայլը կլինի։ «Հոկտեմբերի 27»-ից հետո իշխանամետ մամուլում անընդհատ գրվում էր, թե էլ «Միասնություն» չի՛ լինելու,- նշեց Էմմա Խուդաբաշյանը։- Եվ հանրապետության բոլոր դժվարությունները ցանկանում են բարդել մեր դաշինքի ուսերին։ Անընդհատ վարկաբեկում են Ազգային ժողովը. կարծես թե խորհրդարանը պիտի երկրի վիճակը բարելավի, Ղարաբաղի հարցը լուծի եւ այլն։ Մինչդեռ սա ընդամենն օրենսդիր մարմին է։ Այս նպատակաուղղված քարոզչությունը վաղուց է տարվում։ Բայց ինձ թվում է, «Միասնության» մեջ կգտնվեն լուրջ մարդիկ, որոնք հետեւություններ կանեն, թե ուր է տանում այս ամենը եւ ում է ձեռնտու»։ Սակայն մի կողմ թողնենք այն, որ հակասություններն իրոք արհեստականորեն խորացվում են։ Իսկ արդյոք ՀԺԿ-ն իր պահվածքո՞վ չի նպաստում այդ ամենին։ Ինչ արժե միայն ԲԷՑ-երի կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀԺԿ-ի դիրքորոշումը՝ «Միասնության» ծրագիրն անպայմանորեն կատարելու հավաստիացումների ֆոնին եւ այն պայմաններում, երբ հաստատված է, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կողմ էր էլեկտրացանցերի սեփականաշնորհմանը։ «ՀԺԿ-ն էլ էր կողմ սեփականաշնորհմանը,- պնդեց տիկին Էմման։- Բայց հիշում եմ՝ Կարեն Դեմիրճյանը միշտ ասում էր, թե մենք հո չպիտի՞ բոլոր օրենքները հալած յուղի տեղ դնենք ու անցկացնենք, օրենքներ կան, որ պիտի չընդունվեն, հետ գնան»։ Մեկնաբանների դիտարկմամբ, ՀԺԿ-ում այսօր կան ե՛ւ ծայրահեղ իշխանամետներ, ե՛ւ իրենց պաշտոնն ու դիրքը կորցնելու վախից զգուշավոր դարձածներ, ե՛ւ ընդդիմադիրներ։ «ՀԺԿ-ում առանձնապես պաշտոնավորներ էլ չկան»,- նկատեց Էմմա Խուդաբաշյանը։ Իսկ իր՝ առավել ընդդիմադիր պահվածքի առնչությամբ ասաց. «Ես ՀԺԿ-ի ներսում ավելի կարծր դիրքորոշմամբ եմ հանդես գալիս միայն «Հոկտեմբերի 27»-ի դատավարության առնչությամբ։ Թե չէ, ինձ երբեք թույլ չեմ տալիս ընդդիմադիր լինել, օրինակ, Ղարաբաղի հարցում։ Կարծում եմ, այդ հարցի մասին ավելի շատ պետք է մտածի Քոչարյանը»։ Էմմա Խուդաբաշյանը բացառում էր տարաբեւեռ մոտեցումները. «Երբ պահը գա՝ ՀԺԿ-ն միասնական է լինելու եւ քվեարկելու»։ ՀՀԿ-ի առաջնորդների հրապարակային ելույթներից պարզորոշ զգացվեց, որ նրանց քիմքին նաեւ հարմար չէ ՀԺԿ-ական պատգամավորների մասնակցությունը հակակառավարական եւ ընդդիմադիր զանազան ձեռնարկներին։ Իսկ Արամայիս Բարսեղյանից բացի՝ նաեւ Էմմա Խուդաբաշյանն է որպես կանոն մասնակցում նման միջոցառումներին. «Ես չեմ ընդունում այդ դիտողությունը, թե ես հայտնվում եմ տարբեր կուսակցությունների կողքին, բայց չեմ էլ վիրավորվում։ Ես դեռ 1998-ից պայքարում եմ արդարության եւ ճշմարտության համար եւ այդ նպատակով կարող եմ համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ, լսել նրանց, կարծիքներ հայտնել։ Բացառված է, որ փորձեմ այլ կուսակցությունների դիրքորոշումը պարտադրել ՀԺԿ-ին։ Եվ ես գտնում եմ, որ «Միասնությունը» պետք է պահպանվի»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել