Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԳՑՈՒՄ ԲԷՑ-ԵՐԻ ԳԻՆԸ

Ապրիլ 11,2001 00:00

Ո՞Վ Է ԳՑՈՒՄ ԲԷՑ-ԵՐԻ ԳԻՆԸ «Ժողովուրդը եթե կանգնի եւ ասի «ո՛չ» բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը՝ հաշվի առնելով, որ քաղաքական ուժերի բացարձակ, լուրջ մեծամասնություն կա, որոնք ասում են «ո՛չ», չեմ կարծում, որ գնորդ ընկերություններն այս պայմաններում (հաշվի առնելով, որ կապիտալն ամենավախկոտ կենդանին է)՝ փորձեն մտնել այս երկիր»,- համոզված է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Առավոտի» հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ իրենց բարձրացրած աժիոտաժի արդյունքը («Միասնության» պառակտումից բացի) միայն այն է լինելու, որ ԲԷՑ-երի գինն են գցելու, պրն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Լավ, եթե դրանք գին ունեին՝ 16 ընկերություններից մնացել է ընդամենը 2-ը, չէ՞։ Այդ ժամանակ էլ հո աժիոտաժ չկա՞ր։ Գին գցելս ո՞րն է, եթե պրն Վարդան Խաչատրյանն ասում է, որ էժան վաճառենք՝ սակագների գինը չի բարձրանա։ Եթե այս մակարդակի է ֆինանսների նախարարը՝ ինքն է գին գցողը, մենք ի՞նչ կապ ունենք»։ Արամ Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ կառավարությունը ԲԷՑ-երի նախնական գինը սահմանել էր 200-220 մլն դոլար. «Իսկ հիմա պատրաստ է ստանալ ընդամենը 13-16 մլն դոլար։ Մե՜ծ հարցականի տակ են նաեւ ներդրումները։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. ամերիկյան ընկերությունը ներդրումներ անելու է միայն շահույթի հաշվին»։ Ի դեպ, Արամ Սարգսյանի այն պահանջի առնչությամբ, թե պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որը ծրագիր կունենա եւ օրացուցային պատասխանատվություն այս կամ այն քայլերը կատարելու համար՝ հիշեցրինք, որ ներկա կառավարությունը եւս ունի ծրագրի կատարման ժամանակացույց։ ՀԴԿ նախագահն առարկեց. «Եթե Վանաձորի 3 ձեռնարկություններից, որ պետք է վաղուց աշխատեին՝ մինչ այժմ որեւէ մեկը չի գործում, ուրեմն, այդ ժամանակացույցը ոչ մի նշանակություն չունի։ Մենք փաստերն ենք նշում՝ հանրապետության նախագահն ինքն էլ չի կարողանում նախանշել, թե 40 հազար աշխատատեղերը արդյունաբերության ո՛ր ոլորտներում են ստեղծվելու եւ ընդամենը «Լինսի» կամ մասնավոր այլ ծրագրերի մասին է խոսում։ Բա մի պետության մեջ, եթե էներգահամակարգից տարեկան 50 մլն դոլար է գողացվում՝ այդ կառավարությունն իրավունք ունի՞ մնալ իր տեղում, եթե չի կարողանում գողերի ձեռքը բռնել»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել