Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ ավանգարդիստները

Ապրիլ 11,2001 00:00

Ի՞նչ կա-չկա «Հայ-Արտում» Դարձյալ ավանգարդիստները Այս օրերին «Հայ-Արտի» կլոր դահլիճներում ներկայացված գործերը չեն նվիրված որեւէ առիթի, հոբելյանի կամ իրադարձության։ Ցուցադրությունն անվանված է «Չնվիրված»։ Այնուամենայնիվ, Ալեքսանդր (Սաշա) Մելքոնյանի գործը նվիրված էր Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Հայաստանում տիրող մշակույթի, բարոյահոգեբանական անկումին։ «Կիչը», որը նշանակում է անճաշակություն, տափակություն, տիրում է մեր կյանքը։ Կենտրոնում եկեղեցին է՝ շրջապատված ոսկեգույն զինվորիկներով, որոնց մի մասն արդեն տապալված է, մյուսները չգիտես ումից են պաշտպանում մեր եկեղեցին ու հավատքը։ Կողքերին վեներաների կեղծ արձանիկները պատվանդան են դարձել մանրակերտ պլաստմասսայե կենդանիների համար եւ դրանց վերեւում իր լույսն է սփռում մի անճաշակ լուսամփոփով ճրագ։ Այս բավականին պարզ այլաբանության ներքո թաքնված է մի խոր մտահոգություն՝ մեր հոգեւոր աշխարհի, հավատքի ու մշակույթի այլասերումն ու դեֆորմացիաների ենթարկվելը։ Մուտքի աստիճանների դիմաց հանգուցյալ Սամվել Ստեփանյանի կտավն է. երկայնակի, երեք հիշողությունների շարք, գեղեցիկ գույների մի խճանկար։ Դավիթ Կարեյանի աշխատանքը՝ ինստալացիան խոտի դեզ է, խրտվիլակ եւ հող։ Դավիթն ասաց. «Ինձ վերադարձրեք իմ անմեղությունը»։ Դավիթը կարոտում է բնությանը, բնականությանը, եւ համարում, որ քաղաքակրթությունը մարդուն հեռացրել է իր բնական վիճակից։ Իսկ Գրիգոր Խաչատրյանը, Արմեն Դավթյանը, Նորայր Այվազյանն ու Արտակ Բաղդասարյանը շատ բնական վիճակում՝ մորեմերկ, մտել են «Վանա լիճն» ու իրենց երեւակայում են Վանա լճում։ Սակայն ինքնացենզուրան նրանց ստիպել է ցենզուրի ենթարկել իրենց «անմեղությունը»։ Ապրիլի 6-ին բացված այս ցուցահանդեսում հետաքրքիր աշխատանքները շատ են, բայց մի քանի տարի նույն բաներն ենք տեսնում։ Ցնցող նորություն չկա, թեպետ ոչ մի նոր բան էլ չկա լուսնի տակ, միայն փոխվում են մեկնաբանությունները։ Մի բան պարզ է միայն։ Հավանենք, թե ոչ, մեր արվեստագետներն աշխարհն ընկալում են յուրովի, իրենց այլաբանությունները, սիմվոլիկան ու լեզուն հաճախ անհասկանալի են, բայց հստակ դիրքորոշում ունեն։ Վատի, տգեղի, անբարոյականության, հոգեւոր աղքատության դեմ են նրանց տարօրինակ-հանելուկային «ստեղծագործությունները»։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել