Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանուն

Ապրիլ 11,2001 00:00

«ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» Մեծանուն երգչուհի, Երեւանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի վարիչ, պրոֆեսոր Գոհար Գասպարյանին հանդիպեցի կոնսերվատորիայի իր դասարանում, շրջապատված իր ուսանողներով։ -Վոկալիստի համար կարեւոր է, թե ի՞նչ «դպրոց» է անցնում։ Եթե կարելի է, զուգահեռ անցկացրեք Ձեր անցած եւ այսօրվա այս «կուկլաների» դպրոցների միջեւ։ – Այո, ամենակարեւորը «դպրոցն» է ու էլի «դպրոցը»։ Իմ ուսման տարիները համընկան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հետ։ Իտալիայից, եւ ոչ միայն, Կահիրե էին փախչում մեծանուն երգիչներ ու մանկավարժներ։ Կահիրեն այն քաղաքն էր, ուր առաջին անգամ բեմադրվեց մեծն Վերդիի «Աիդան»։ Այստեղ 5-6 տարի դասեր վերցրի աշխարհահռչակ Էլիզ Ֆելդմանից ու Վինչենցո Կարրոյից։ Կահիրե հյուրախաղերի էր գալիս «Լա Սկալա» օպերային թատրոնը եւ ունկնդրելով վերջինիս մեներգիչներին, կարող եմ ասել, որ ինձ համար, իսկական «դպրոց» էր։ Ինչ անցել եմ, այն էլ տալիս եմ իմ «կուկլաներին», արդեն 40 տարի շարունակ։ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտներն այսօր, բառիս իսկական իմաստով՝ զարդարում են աշխարհի հայտնի օպերային թատրոնների բեմերը։ Իսկ մինչ մեծ բեմ դուրս գալը, պետք է հասնել նրանցից յուրաքանչյուրի բնականից գեղեցիկ ու զրնգուն ձայնի բացառիկ մշակվածությանը, նրանք պետք է կատարելապես տիրապետեն վոկալ արվեստի գաղտնիքներին եւ անկաշկանդ կերտեն օպերային նորանոր պարտիաներ հենց այստեղ՝ կոնսերվատորիայի ուսումնառության տարիներին։ – Իհարկե, բոլորը չեն կարող դառնալ օպերային թատրոնի մեներգիչներ։ Ոմանք կդառնան համերգային կատարողներ, ընդունված է ասել՝ կամերային երգիչներ։ – Իրավացի եք։ Ուսումնառության տարիներին, օպերային ստեղծագործություններից բացի, ես զգալի տեղ եմ հատկացնում արեւմտաեվրոպական, ռուս եւ, իհարկե, հայկական երաժշտական գրականության բազմաթիվ նմուշների ուսուցմանը։ Ավելին՝ յուրաքանչյուրի ուշադրությունը հրավիրում եմ հայկական ժողովրդական երգերի կատարման վրա։ – Վոկալիստի համար կարեւոր ի՞նչ հատկություններով եք ջանում զինել Ձեր ուսանողներին ուսման հինգ տարիների ընթացքում։ – Օպերային արտիստի համար կարեւոր է, որ գեղեցիկ ձայնն ունենա լայն դիապազոն, որի բոլոր նոտաները, վերեւից մինչեւ ներքեւ, միատեսակ մաքուր լինեն։ Ֆրազիրովկան հասած լինի վերին աստիճանի կատարելության, տեխնիկան լինի ամենակիրթ, երաժշտագիտությունը՝ անսահման։ Ունենալով այս հատկությունները եւ ըստ հարկին օգտագործելով դրանք, յուրաքանչյուր երգիչ՝ թե օպերային եւ թե կամերային, կհասնի յուրաքանչյուր ստեղծագործության ռեալիստական մեկնաբանության։ Իսկ մինչ դերի կամ ստեղծագործության մեկնաբանությունը… Նախ պետք է ուսումնասիրել տվյալ ստեղծագործությունը, խորանալ՝ եթե դա դերերգ է, գործող անձանց հոգեբանության մեջ, լրիվ պատկերացնել ժամանակաշրջանը, հանգամանքները եւ գործող անձանց փոխհարաբերությունը, թափանցել վոկալ պարտիայի «մանրուքների» մեջ եւ ապա պատկերել տվյալ տիպը որպես կենդանի գործող էակ՝ իր զգացմունքների ու ապրումների ամբողջ հարստությամբ։ – Դուք Ձեր ուղին հարթել եք ու խոսել ամբողջ ձայնով, քանի որ կատարելապես եք տիրապետում վարպետության բարձր ու մաքուր ձեւերին։ Բայց, այնուամենայնիվ, ունեցել եք կոնֆլիկտներ, օրինակ, Օհան Դուրյանի հետ… – Իրավացի եք։ Տարիների բարձունքից այժմ ես դա դիտում եմ որպես հրեշտակների երկխոսություն, եթե համեմատենք այսօրվա օպերային թատրոնում «կայացած» կոնֆլիկտների հետ։ – Իսկ, ասենք, Տաթեւիկ Սազանդարյանի հետ… – Հիմա, կարծում եմ, դրան չարժե անդրադառնալ, մանավանդ որ, պայծառահիշատակ Տաթեւիկը՝ իմ բեմի ու աշխատանքի ընկերուհին, մեզ հետ չէ։ Պատասխանեմ այսպես՝ վերադառնանք կոնսերվատորիա։ Հենց այստեղ, վերջին տասնհինգ տարիների ընթացքում մեծ, հուզիչ, ուրախալի մտերմություն էր ստեղծվել մեր միջեւ… Էս օջախը՝ կոնսերվատորիան մի չպատմելու գեղեցիկ օջախ է։ Նման ուսումնական օջախ, որտեղ տիրի այսքան մտերմիկ, սրտացավ… մթնոլորտ, հավատացեք, աշխարհում չեմ հանդիպել։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել