Լրահոս
Օրվա լրահոսը

Քսան րոպեի ընթացքում տասը տարբեր առիթներով երեկ բարդույթավորվեց Պարույր Հայրիկյանը

Ապրիլ 11,2001 00:00

«ԵՍ ՉԵՄ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎՈՒՄ» Քսան րոպեի ընթացքում տասը տարբեր առիթներով երեկ բարդույթավորվեց Պարույր Հայրիկյանը Նախ գուժեց, որ «առաջիկայում երեւի մենք մի քիչ տեւական չհանդիպենք, նկատի ունեմ՝ մի երկու շաբաթ»։ Այս հարվածին դիմանալու համար լրագրողներիս հոգեբանորեն նախապատրաստել էին՝ մինչ Պարույր Հայրիկյանի ներկայանալը նրա երգի խրոխտ կատարումներով գոտեպնդելով։ Հայրիկյանը բարդույթավորվել է, քանի որ՝ «վերջին շրջանում չափից ավելի եմ անհանգստացրել կամ հանգստացրել լրագրողներին, հանգստացրել լուրեր տալու իմաստով (վերջին ճշտումը հավանաբար եւս բարդույթ է՝ երկրիս անմրցելի տղամարդ ՀՀ նախագահից փոխանցված։- Ն. Հ.)»։ Ի գիտություն լրագրողներիս, Պարույր Հայրիկյանն ասաց, որ ԱԻՄ-ի պատասխանատու քարտուղարը սպառնացել է, թե, բացի օրվա թեմայից, այլ հարցերի չանդրադառնա։ Բայց օրվա թեմայից շեղելու կարիք չզգացվեց, քանի որ Հայրիկյանն ինքը շեղվեց՝ հասցնելով բազմաթիվ հույժ կարեւոր հարցերի անդրադառնալ։ Իսկ ասուլիսի թեման, այսինքն՝ դրանցից մեկը, հատկապես Հայրիկյանի համար խիստ կարեւոր է՝ այս տարի պետականորեն պետք է նշենք անկախության հանրաքվեի տասնամյակը։ Այս տարին նաեւ հայտարարվել է Գարեգին Նժդեհի տարի։ Սա Հայրիկյանի համար ողջունելի է, «բայց արտառոց է, գիտե՞ք, Գարեգին Նժդեհի տարի հայտարարող նույն կառավարությունը ու պառլամենտական մեծամասնությունը Մայիսի 1-ն է ազգային տոն դարձնում։ Այսինքն՝ Գարեգին Նժդեհին սպանողնե՛րի տոնը դարձնում են տոն՝ Գարեգին Նժդեհի տարվա ընթացքում»։ Այսքանով բանախոսը չբավարարվեց եւ ավելի ուշ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որից մեջբերում ենք միայն մի հատված. «Կարս-Արդահանը թուրքերին, Նախիջեւանը եւ Արցախը Ադրբեջանին հանձնած, 1920-ին Հայաստանի անկախությունը կործանած, Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, Զապել Եսայանին, հազարավոր այլ մտավորականների, միլիոնավոր անմեղ մարդկանց կործանած, վերջապես՝ Մինաս Ավետիսյանին եւ Գարեգին Նժդեհին սպանած կոմունիստների նախաձեռնությամբ ներկայիս ԱԺ-ի կարճատեսության հետեւանքով՝ 2001-ին հայ ժողովրդին պարտադրվեց ազգային արժանապատվությունը նսեմացնող, քրիստոնեական առողջ մտածելակերպը խեղող, ՀՀ սահմանադրության տրամաբանությանը եւ ինքնիշխանության գաղափարին հակասող Մայիսի 1-ը պետականորեն նշել ազգային տոն»։ Կոմունիստներին պարսավելու առիթներ Հայրիկյանն էլի ունեցավ։ Ի տարբերություն կոմունիստների՝ Հայրիկյանն ու իր կուսակիցները արժանի են միայն պարգեւների ու մեծարանքի։ «Անկախության հանրաքվեն Ազգային միացյալ կուսակցության հետեւողական, տեւական պայքարի արդյունքն է»,- առանց բարդույթների պնդում է 1968-ից այդ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը։ Ըստ նրա՝ «Ես չեմ ուզում բարդույթավորել ինքս ինձ։ Տվյալ պահին ի՛մ մասին չեմ խոսում։ Խոսում եմ մեր ժողովրդի մի հերոսական ջոկատի մասին»։ Նա նաեւ համոզված է, որ պետականորեն պետք է տեսաֆիլմեր պատրաստվեն, գրքեր հրատարակվեն ԱՄԿ-ի մասին։ Բացի այդ՝ «անկախ Հայաստանի դպրոցական դասագրքերում կոմունիստների, բոլշեւիկների եւ ամեն տեսակի պատահականությունների մասին շատ ավելի բան է գրված, քան ԱՄԿ-ի մասին»։ Ավելին, «մեր իշխանությունները, փոխանակ այդ մեծագույն ձեռքբերումը արժանապատիվ հայեր դաստիարակելու տեսանկյունով օգտագործեն, քաղաքական նկատառումներով, ինչ է թե՝ պիտի Հայրիկյանի, ԱԻՄ-ի հետ հակադրվեն, դա էլ են մոռացության մատնում»։ Պարույր Հայրիկյանն ամենայն պատասխանատվությամբ ասում է. «Բարդույթավորվել պետք չէ։ Ոչ ես պիտի բարդույթավորվեմ՝ չկամենալով դրա մասին խոսել, ոչ էլ՝ ընդդիմախոսներս, որովհետեւ ԱՄԿ-ի ձեռքբերումները ազգինն են»։ «1991թ. սեպտեմբերի 21-ը ունեցել է նաեւ իր պոեզիան»,- դրանք հրապարակելու պահանջ դնելով՝ Պ. Հայրիկյանը չի բարդույթավորվում, որ երգերի ու բանաստեղծությունների մեծ մասի հեղինակն ինքն է։ Երգերը հնչեցնելու ակնկալիքով՝ իր վերջին ձայներիզը բաժանեց լրագրողներին։ Առանց բարդույթավորվելու նաեւ տեղեկացրեց, որ աշխարհի քաղաքական գործիչների մասին 1991թ. ԱՄՆ-ում լույս տեսած տեղեկատուում «Ձեր խոնարհ ծառան նշվում է որպես Սովետական Միությունում ժողովրդավարական շարժումների հիմնադի՛ր եւ առաջնո՛րդ»։ Բարդույթավորված չէր նաեւ, երբ պահանջեց, որ «ՀՀ նախագահը պետք է հատուկ պարգեւատրությունների արժանացնի անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով ուղեգիծը որդեգրած ԱՄԿ-ի 1973թ. խորհրդի անդամներին»։ Սկզբում տալով իր անունը՝ թվեց նաեւ խորհրդի մյուս անդամներին էլ՝ ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյան, Աշոտ Նավասարդյան, Հակոբջան Թադեւոսյան եւ Ազատ Արշակյան՝ նրանց «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան տալու պահանջով։ Ճիշտ հասկացեք, Պարույր Հայրիկյանը սա իր համար չի ասում, եւ ասաց, որ իր հասցեին որեւէ ակնարկ չնկատենք։ Նա բարդույթավորված չէ, եւ ինչպես ասել է նրան իր ընկերներից մեկը՝ «քո ինչին է պետք պարգեւը, հետագայում քո անունո՛վ պարգեւներ կլինեն, կբաժանեն մարդկանց»։ Պարույր Հայրիկյանը հասցրեց խոսել նաեւ համաներման, մեկ միասնական լեզվի եւ նույնիսկ այն մասին, որ «վերջապես ժամանակն է, որ մենք ունենանք մեր արտաքին քաղաքականությունը»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել