Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գնումների կենտրոնացված կարգի սահմանմամբ ողջ քաղաքակիրթ աշխարհը նպատակ է ունեցել չինովնիկին զ

Ապրիլ 11,2001 00:00

Հին ու փորձված մեթոդներով Պետական գնումների կենտրոնացված կարգի սահմանմամբ ողջ քաղաքակիրթ աշխարհը նպատակ է ունեցել չինովնիկին զրկել պետական միջոցները վատնելու եւ դրանցով իր գրպանը համալրելու հնարավորությունից։ Հայաստանն աշխարհին այլ պրակտիկա է առաջարկում։ 2001թվականին ապրանքների գնման եւ ծառայությունների վճարման ծախսերի համար նախատեսված 97,6 մլրդ-ից միայն 3,6-ն է (որից 1,6 մլրդ-ն է այս տարի ծախսվելու- Ա. Ֆ.) Պետական գնումների գործակալության (ՊԳԳ) միջոցով ծախսվելու՝ ապրանքների ձեռքբերման համար, եւ դեղորայքի ու վիրակապային նյութերի համար՝ եւս 1 մլրդ։ Մնացածը, ինչպես ՊԳԳ պետ Զարեհ Սարգսյանը հայտնեց, «համակարգի պահպանման ծախսեր են, որ պետբյուջեում մանրամասնված չեն, սակայն պետական գաղտնիք պարունակելու պատճառով կիրականացվեն ապակենտրոնացված կարգով»։ Ուստիեւ, դատելով ՊԳԳ-ի գնման ենթակա ապրանքների (ծառայությունների, աշխատանքի) ցանկից, պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի ոլորտում չկա որեւէ ապրանք, ծառայություն, որ պետական գաղտնիք չպարունակի։ Եթե անգամ վիճելի է, որ, օրինակ, զինվորի կոշիկների քանակը կարող է գաղտնիք պարունակել, ապա դժվար է ապացուցել, որ նույն գերատեսչության համար գնվող թուղթը կամ շենքի (վերա)կառուցումը նույնպես կարող են գաղտնիություն պահանջել։ Զ. Սարգսյանի մեկնաբանությամբ, այդպես է որոշվել առնվազն այս տարվա համար, «Կառավարության օգոստոսի 31-ի թիվ 531 որոշմամբ սահմանվել է, որ ԱԱ, պաշտպանության, ՆԳ կարիքները պետական գաղտնիք են պարունակում եւ պետք է իրականացվեն ապակենտրոնացված փակ մրցույթների միջոցով»։ Իսկ եթե նկատի ունենանք, որ պետական կարիքների համար ծախսվող բյուջետային միջոցների առյուծի բաժինը հենց այս ոլորտների համար էլ նախատեսված է, ապա կարելի է արձանագրել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մի ռիսկ էլ չկա։ Պետական կառավարման մարմինների շուրջ 80%-ը միայն բենզինի եւ թղթի կարիք ունի, մնացած 20%-ը՝ նաեւ լրացուցիչ ապրանքների՝ համակարգչային տեխնիկա, ավտոմեքենա, պահեստամասեր, իսկ երբեմն շատ սպեցիֆիկ ծառայություններ, օրինակ, վնասատուների դեմ պայքարի։ Ծառայություն մատուցողները, Զ. Սարգսյանի դիտարկմամբ, շուկայում շատ չեն եւ մեծ մրցակցություն չի սպասվում, իսկ եթե նրանք համերաշխություն դրսեւորեն, կարող է նույնիսկ մրցակցություն տեղի չունենալ։ Լոռու մարզում շենքերի կառուցման համար աշխատանքի գնման արդյունքում գործակալությունը խնայել է 19,3 մլն դրամ բյուջետային գումար։ Իսկ Շիրակի մարզում 6 բնակելի շենքերի ամրացման համար առաջարկվում է ծախսել 691 մլն դրամով պակաս, քան նախատեսված է եղել նախահաշվով։ Զ. Սարգսյանը գտնում է, որ գոնե շինարարության մեջ ամեն գնով խնայողություն անելը չի թույլատրվում, որովհետեւ կարող է դա որակի հաշվին արվել, իսկ աշխատանքի խնդիր լուծելու համար շինարարական կազմակերպությունները ստիպված են ցածր գին առաջարկել։ Այս պատճառով էլ հաճախ չեն կարողանում աշխատանքն ավարտին հասցնել եւ տույժերի են ենթարկվում։ Այս տարվա համար 15-20%-ի խնայողություն է ակնկալվել, հետագայում, սակայն, ըստ Զարեհ Սարգսյանի, այդպիսի խնայողություններ չեն կարող լինել. «Եթե խնայողություններն անընդհատ պետք է լինեն, առաջին տարին՝ 20%, հետագայում պլանավորողն այդ չափով պակաս կնախատեսի, նորից՝ 20% խնայողություն, ապա այդպես կարելի է մտածել հասնել նրան, որ առանց որեւէ միջոց ծախսելու կբավարարվեն պետության կարիքները»։ Սակայն մեզ թույլ տանք նկատել, որ պլանավորելիս նկատի է առնվում շուկայական միջին գինը, ոչ թե նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսը։ Բացի այդ, եթե հետագայում պիտի ապացուցվի, որ նույնիսկ հրապարակավ գնումներ կատարելու դեպքում խնայողություն գրեթե չկա, նշանակում է անուղղակիորեն պետք է ընդունենք, որ նախկինում չարաշահումներ չեն եղել այս ոլորտում։ Լիազոր մարմնի ղեկավարի՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գնահատմամբ, պետական կառավարման մարմինների կողմից գնման հայտերը ժամանակին չեն ներկայացվում, պահանջվող կարգին համապատասխան չեն ներկայացվում, հաճախ գների անհամապատասխանություն կա բյուջեով նախատեսված գնի հետ։ ՊԳԳ պետը լիովին համաձայն է այս գնահատականին, բայց մեծահոգաբար կարծում է, որ սրա գլխավոր պատճառը գնումների կենտրոնացված համակարգի նոր լինելն է, չնայած չբացառեց, որ առանձին դեպքերում, կարող է, արհեստականորեն է այդպիսի վիճակ ստեղծվում։ Խոսքը նաեւ որոշ ապրանքների դեպքերում 250000-ի շեմը չգերազանցելուն է վերաբերում, չնայած չի կարելի անտեսել, որ ապրանքները շատ են (տեսականու առումով)։ Այնուամենայնիվ, կառավարությունը հավանություն է տվել նշված շեմը 750 հազարով փոխարինելուն: Զարեհ Սարգսյանի մեկնաբանությամբ, «նպատակը կենտրոնացված գնումը չէ, այլ գնումների ոլորտում քաղաքակիրթ հարաբերություններ ձեւավորելը, քանի որ պետությունը նաեւ համակարգը ներդնելու, ավանդույթ դաստիարակելու խնդիր ունի»։ Եթե ներդնել, ապա ավելի լավ է ճիշտ հիմքերով։ Կառավարությունը, հաշվի չառնելով օրենքի գաղափարախոսությունը, նախ գաղտնիքների շարքն է դասում մեծ ծախսեր անող գերատեսչությունները, ապա կենտրոնացված գնումների շեմն է բարձրացնում, այն էլ 3 անգամ։ Այս «արդյունավետությամբ» շարունակելու դեպքում հայրենի կառավարությունը ողջ աշխարհին դաս կտա, հասնելով այն բանին, որ, «Պետական գնումների մասին» օրենք ունենալով, քաղաքակիրթ «խաղի կանոններին» դեմ չլինելով, կկարողանա շրջանցել դրանք՝ ոչ մի օրենք չխախտելով, զուգահեռաբար իր չինովնիկին հնարավորություն տալով պետության ու հարկատուներիս հաշվին գրպանը լցնել։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել