Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի կոլեկտիվի դեմ

Ապրիլ 11,2001 00:00

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի կոլեկտիվի դեմ պայքարը նոր ձեւեր է ստանում։ Ի դեպ, այդ ինստիտուտի մասին խոսելիս այլեւս (կամ առայժմ) չպետք է դրա ենթակայությունը վերագրել ՀՀ առողջապահության նախարարությանը. սեփականաշնորհման գործընթացի ազդարարումով ինստիտուտի բաժնետոմսերի տնօրինումը հանձնվել է պետական գույքի կառավարման նախարարությանը։ Վերջինս շատ ինքնատիպ է տնօրինում։ Նախ՝ մասնագիտական հարցերին «կոմպետենտ» մոտեցում ցուցաբերելու մեկ այլ օրինակ բերենք։ Մի քանի օր առաջ ԱԺ-ում դեղաշուկայի շուրջ քննարկումների ժամանակ հանդիպելով դեղատներում ստուգումներ անցկացնող պետեկամուտների նախարարության աշխատակիցների կողմից թույլ տրված կոպիտ սխալներին եւ դեղագործությունից նրանց իսպառ անտեղյակությանը, մի քանիսը տեղերից միաժամանակ «գյուտ արեցին». «Ստուգումներին առաջարկում ենք ընդգրկել նաեւ դեղագործ մասնագետների»։ Երեւի դժվար էր մինչեւ այդ գլխի ընկնել։ Հիմա էլ՝ ՊԳԿ նախարարության մոտեցումը վերոնշյալ ինստիտուտին։ Քիչ էր, որ նախարար Դավիթ Վարդանյանն իրեն «վառել» էր՝ գիտահետազոտական ինստիտուտը գնահատելով առաջին հերթին դրա տեղակայվածությամբ։ Այժմ գոյություն ունի այդ կարծիքի գրավոր տարբերակը։ ՊԳԿ նախարարության մասնավորեցման գլխավոր վարչության պետ Գ. Գագյանի տեղեկանքում գրված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՊՓԲԸ-ն իր գործունեության բնույթով չի համարվում զուտ բժշկական ծառայություն մատուցող հաստատություն, այն կատարում է նաեւ հիվանդների ռեաբիլիտացիա եւ բժշկական կոնսուլտացիա, հանրապետության բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրում, գիտա-բժշկական հետազոտությունների անցկացում, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը գտնվում է ք.Երեւան, Օրբելու 41 հասցեում, անհրաժեշտություն ենք համարում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու եւ մրցունակ ներդրող գտնելու նպատակով երկարացնելու ՀՀ կառավարության որոշման նախագծի պատրաստման ժամկետները»։ Ինչպես նկատեցիք, բժշկական ծառայություն չեն համարվում հիվանդների ռեաբիլիտացիան, բժշկական կոնսուլտացիան եւ «բուժ» արմատով կառուցված այլ արտահայտություններ։ Հիշեցնենք, որ 2001թ. ապրիլի 2-ին ՀՀ առողջապահության նախարարության լիցենզիայով ինստիտուտին «տրված է բժշկական, դեղագործական գործունեության իրավունք» (նշված են տեսակներն ու ծավալները եւ, եթե որեւէ մեկն ասում է, որ դրանցում ի թիվս այլ ծառայությունների ընդգրկված մանկաբուժությունը եւ գինեկոլոգիան «զուտ բժշկական» չեն, ուրեմն ինքն ավելի լավ գիտի)։ ՊԳԿ նախարարությունում մի բան էլ ավելի լավ գիտեն։ Նախարարի տեղակալ Մ. Մելքումյանի ստորագրությամբ ԿՖԲ ԳՀԻ-ին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարան փոխանցել ընկերության 1999-ի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքից առաջացած զուտ շահույթի 15 տոկոսը՝ 1 միլիոն 935 հազար դրամ։ Հակառակ դեպքում՝ «խոստացվում» է վարչական խիստ պատասխանատվություն։ Ինստիտուտի գլխավոր հաշվապահ Լյուսյա Գրիգորյանից ճշտեցինք, որ այդ 1 մլն 935 հազարի զուտ շահույթը թղթի վրա է։ 1999-ին 70 մլն 900 հազար դրամի պետպատվերի կատարողականի դիմաց ինստիտուտին տրվել է 40 մլն։ Այսինքն, մոտավորապես 31 մլն դեռ վճարված չէ։ Իսկ ծախսերը, փաստացի գումար չլինելու պատճառով, շատ քիչ են եղել եւ կատարողականի ու ծախսերի մեծ տարբերությունից էլ հաշվարկվել է վերոնշյալ 1 մլն 935 հազարը։ Ի դեպ, ինստիտուտից առաջարկել են այդ պարտքը հաշվանցումով փակել՝ բյուջեի մի գրպանից՝ մյուսը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից այդ առաջարկին չեն արձագանքել։ Իսկ ընդհանրապես, այս ինստիտուտի (եւ հատկապես շենքի) նկատմամբ ոտնձգություններն սկսել են շատ ավելի վաղ, ինչի մասին կներկայացնենք մեր առաջիկա համարներում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել