Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշտանգված է» եւ շատ ինքնավստահ

Ապրիլ 11,2001 00:00

«Խոշտանգված է» եւ շատ ինքնավստահ Եթե հիմք ընդունենք, թե ճշմարտությունից բոլորովին հեռու չէին Նաիրի Հունանյանի «անմարդկային» խոշտանգումների եւ տառապանքների վերաբերյալ մեկամյա շարունակականության պատումներն ու նկարագրությունները, ապա այսօր դատարանի դահլիճում պիտի լիներ այդ մարդասպանի ուրվականը միայն։ Սակայն ինչպես նշեց ՀԺԿ-ական պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը, որը միշտ ներկա է լինում դատավարությանը. «Նաիրի Հունանյանն իրոք շա՜տ լավ է պահպանվել։ Նրա մաշկն անգամ արեւի սով չի զգացել։ Այնպես որ, շատ հոգատար ձեռքերում է գտնվել»։ Այս կարգի դիտարկումներին ի պատասխան՝ իշխանամետ լրատվամիջոցները նոր հակափաստարկ են գտել, թե «ի՞նչ է, ավելի լավ կլիներ, եթե նա իրոք խոշտանգված ու կեղեքված տե՞սք ունենար»։ Խուսափելով տալ այն հարցի պատասխանը, որ արդյոք նման տեսքի բացակայությունն ապացույցը չէ, որ իրենք ամիսներ շարունակ ուղղակի ապատեղեկատվություն են հաղորդել։ Ընդսմին, այս առնչությամբ նրանք երկրորդում են նույն Նաիրի Հունանյանին, որը թեեւ ցուցմունքներ է տվել, թե իրեն ծեծել են «թե՛ աշխատանքային, թե՛ հանգստի օրերին, ցերեկվա եւ երեկոյան ժամերին», բայց երբ գործը հասնում է նման ինտենսիվ ծեծի հետեւանքով նրա մարմնի վրա ենթադրաբար մնացած բազմաթիվ խոշոր ապացույցներին՝ պարզվում է ընդամենը, որ նրա «աջ ձեռքի դաստակի աջ անկյունում» փոքր չափի հետք կա, բացի այդ՝ «ձախ ոտքիս ներքնամասում կան հետքեր» եւ այլն։ «Իրավապաշտպանները գրեթե մանրադիտակով են նրան զննել,- ասաց տիկին Էմման։- Ո՞ւր են այդ խոշտանգումների հետքերը։ Չկա՛ն»։ Ավելին, պարզվում է, այս «անմարդկային խոշտանգումների» արդյունքում Նաիրի Հունանյանը ոչ միայն ֆիզիկապես առանձնապես չի տուժել, այլ հոգեպես էլ այնպիսի վիճակում է, որ ճաղավանդակից դուրս գտնվողներն ավելի ընկճված են երեւում։ Այսպես, Նաիրի Հունանյանը միջնորդում է իրեն կալանքից ազատ արձակել եւ ռադիոեթեր հատկացնել, դատավորից է տեսակցություն պահանջում՝ «իրավաբանական կոնսուլտացիայի կարիք ունեմ» եւ այլն։ Մեր հարցին, թե գուցե այս ամենն իրոք միայն Հունանյանի բնածին հավակնությունների հետեւա՞նքն է, տիկին Էմման պատասխանեց. «Ո՛չ, ես համոզված եմ, որ նա թիկունքում հզոր հենարան ունի եւ, եթե երաշխիքներ չունենար, վստահ չէր լինի, որ իր պահանջածը ստանալու է»։ Մի խոսքով, «անմարդկային խոշտանգումները», մեծ հաշվով, ուղղակի բլեֆ էին եւ նպատակը էլի հանրությանն ապակողմնորոշելն էր։ Այդ նպատակին միտված այլ օրինակներ էլ մատնանշեց Էմմա Խուդաբաշյանը. «Ամեն հասարակ մարդու մոտ հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ պիտի Ջհանգիրյանը քննությունը տաներ այլ ուղղությամբ։ Ինչ է, ի՞նքն էր երեւի սպանությունները կազմակերպել եւ ուզում էր շեղել կասկածն ուրիշների՞ վրա։ Բացի այդ, «Օրակարգի» նույն տեսաշարով իրար են կապում «27»-ի դեպքերը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ի՞նչ են ակնարկում, որ նա առնչությո՞ւն ունի։ Դե, թող նրան էլ պատասխանատվության ենթարկեն։ Հետո էլ ասում են՝ «Շիրխանյանն է» ու կանգ առնում։ Այսպես փորձում են ապակողմնորոշել։ Բայց ժողովուրդը չի ապակողմնորոշվի»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել