Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան դիվանագետների պնդմամբ՝ բանակցությունները ավարտվել են «մեծ հաջողությամբ» եւ «հասել են հնարա

Ապրիլ 11,2001 00:00

4-րդ տարբերակով «Սերգո ջանը» լավ է ապրելու Ամերիկյան դիվանագետների պնդմամբ՝ բանակցությունները ավարտվել են «մեծ հաջողությամբ» եւ «հասել են հնարավոր առավելագույն արդյունքին»։ Իհարկե, Հայաստանում այդ «հաջողությունների» էության մասին իշխանությունները դեռեւս երկար կլռեն։ Կլռեն նաեւ նախագահին սատարող ուժերը, որոնք կշարունակեն պնդել, թե իրենք շատ քիչ են տեղեկացված՝ վերաբերմունք հայտնելու համար։ Լավագույն դեպքում՝ վերջիններս կարող են պնդել, թե Մեղրիի միջանցքի տրամադրումը դեռեւս չի նշանակում այդ տարածքում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում։ Մինչ բանակցությունների հաջորդ փուլը, Քոչարյանի քարոզչամիջոցները սկսել են չափավոր դոզայով հայ հասարակայնությանը նախապատրաստել բանակցությունների արդյունքների հրապարակմանը։ Նախ, հպանցիկ հայտարարվում է, թե Մինսկի խմբի ֆրանսիական կողմի համանախագահ Գայարդին Իրանում Ֆրանսիայի դեսպանով փոխարինելը եւ ղարաբաղյան կարգավորումը չեն հակասի Իրանի ռազմավարական շահերին։ Սա, ըստ դիտորդների, Մեղրիին վերաբերող առաջին ազդանշանն էր։ Ի դեպ, մենք երեկ կապվեցինք ՀՀ-ում Իրանի դեսպանատան հետ եւ խնդրեցինք մեկնաբանել այդ երկրում Ֆրանսիայի դեսպանին Մինսկի խմբի համանախագահող նշանակելու փաստը, ապա՝ նաեւ Մեղրիի միջանցքի ստեղծման հնարավորությունը։ Դեպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատուն փոխանցեց, որ դրանց առնչությամբ առաջիկայում մեկնաբանություններ կանի պաշտոնական Թեհրանը, երբ բավարար տեղեկատվություն ունենա։ Երկրորդը իշխանական քարոզչամիջոցների այն հայտարարությունն է, թե առաջիկայում մեծ ներդրումներ են սպասվում եւ այս կամ այն գործարանը սկսելու է ավելի մեծ թափով աշխատել։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ մշակած 4-րդ տարբերակը գործողության մեջ դնելով, իրոք, դա հնարավոր կլինի։ Հարցն այն է միայն, որ դրա արժեքը լինելու է Հայաստանի ինքնիշխանության կորուստը։ Այն տարբերակը, որին պատրաստ է Ռոբերտ Քոչարյանը, ինչպես Լեւոն Զուրաբյանն էր նրբորեն ակնարկել, նշանակում է, որ Քոչարյանն, ի տարբերություն իր նախորդի, «ծախում» է ոչ թե Ղարաբաղը, այլ՝ Հայաստանը։ Իսկ աշխարհում ընդունված է բազմամիլիոն քաղաքական ներդրումներ անել այն երկրներում, որոնք պարում են Արեւմուտքի դուդուկի տակ։ Եթե նախորդ իշխանությունների օրոք նման ներդրման չափը, ըստ լավատեղյակ աղբյուրների, կարող էր կազմել շուրջ 300 մլն դոլար, ապա Քոչարյանին կարող է առաջարկվել 10 անգամ ավելին, ինչը պաշտոնապես ձեւակերպվում է իբրեւ տնտեսության վերականգնմանն ուղղված ներդրում։ Ընդունված կարգի համաձայն, քաղաքական ներդրման 15-20 տոկոսը բաշխվում է Արեւմուտքի ծրագիրն իրականացնողի եւ նրա քաղաքական թիմի միջեւ։ Դիտորդները չեն բացառում, որ Արեւմուտքի կողմից վաղուց նախապատրաստված ծրագրի համաձայն, որն անհնարին էր եղել գործի դնել մինչեւ «Հոկտեմբերի 27»-ը ու հիմա ներկայացվում է իբրեւ նոր տարբերակ, ենթադրում է առանց նախապայմանների վերադարձնել գրավյալ տարածքները, ձեւավորել Մեղրիի միջանցքը, այնտեղ տեղակայել օտար ուժեր։ Հակամարտության կարգավորման համատեքստում արդեն նախատեսվում է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները եւ հակամարտող ուժերի բարի կամքի առկայության պարագայում միանգամայն անհասկանալի է դառնում, թե ո՞րն է Հայաստանի տարածքով անցնող այդ ուղիների անվտանգությունն ապահովելու համար միջազգային ուժեր տեղակայելու տրամաբանությունը։ Ըստ մեր աղբյուրների, Ղարաբաղի կարգավիճակի հարցը նոր տարբերակով հետաձգվելու է 50 տարով։ ՀՅԴ գործիչ Վահան Հովհաննիսյանը, եթե, իհարկե, բանտում լիներ, կհայտարարեր, թե՝ պարոնա՛յք, հարցն այդպես չի լուծվելու՝ «առավոտյան՝ փողերը, երեկոյան՝ աթոռները»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել