Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական

Ապրիլ 11,2001 00:00

«ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐԸ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է» Տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը, անդրադառնալով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց, որ այդ օրենքը հակառակորդներ ունի, բայց «մենք ընդունել կտանք»։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել կամ ենթադրություններ անել այն մասին, թե ի՞նչ կարող է նշանակել «ընդունել կտանք»-ը։ Բայց առայժմ չանենք այդ բանը եւ տեսնենք, թե ինչո՞ւ է նախագահ Քոչարյանը ձգտում այդ օրենքը ընդունել տալ եւ ինչո՞ւ ՀԺԿ 12 պատգամավորներ 19 կետից կազմված առաջարկություններ են ներկայացրել ԱԺ եւ չեն թաքցնում, որ «դեմ» են քվեարկելու օրենքի նախագծին։ Իրավագետ Վլադիմիր Նազարյանի գնահատմամբ, ԲՑ-ների մասնավորեցման հարցը վերոհիշյալ օրենքի համեմատ, «շոյանք է ուղղակի, որովհետեւ այս օրենքի ընդունմամբ կսկսվի տոտալիտար պետությունը, որտեղ ամբողջ չինովնիկական ապարատը ենթարկվում է մի մարդու»։ Պետական պաշտոնյաների որակավորումը պետք է ստուգվի քաղաքացիական ծառայության խորհրդի եւ նրա կողմից ստեղծվելիք մրցութային-ատեստավորման հանձնաժողովների կողմից։ Իսկ իրենք՝ խորհրդի եւ հանձնաժողովների անդամները, ո՞ւմ կողմից պետք է որակավորվեն։ Համաձայն օրենքի նախագծի 36 հոդվածի՝ «Քաղաքացիական ծառայության խորհուրդը ենթակա եւ հաշվետու է հանրապետության նախագահին»։ Իսկ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետը նախագահին լիազորում է սոսկ խորհրդակցական մարմիններ ստեղծել։ Մինչդեռ ստեղծվում է ոչ թե խորհրդակցական մարմին, այլ՝ ինչպես նշված է առարկություններում, «ստեղծվում է կադրերի նախարարություն, որը, չգիտես՝ ինչու, ոչ թե մտնում է կառավարության կազմի մեջ, այլ դուրս է նրա կազմից եւ իրենով սոսկ մարմնավորում է հանրապետության նախագահի փորձը, շրջանցելով ՀՀ Սահմանադրությունը, անմիջականորեն իրականացնել գործադիր իշխանություն»։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով նախագահը կարող է դժգոհ լինել պետական այս կամ այն չինովնիկից, կարող է ասվել՝ թե այս կամ այն նախարարը իր ծանոթ-բարեկամներին է նշանակում աշխատանքի։ Սակայն որտե՞ղ է երաշխիքը, որ նախագահի կողմից ստեղծվելիք Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը իր ծանոթին չի նշանակել այս կամ այն աշխատանքին։ Իրավագետ Վլ. Նազարյանը այս խորհուրդը գնահատում է որպես մի «հրեշ, որը ամբողջ Հայաստանի բոլոր բարձր եւ գլխավոր մասնագետներին որակավորելու ունակությամբ է օժտված, ինքը՝ չորակավորված»։ Սա, իրոք, մեղմ ասած, տարօրինակ է։ Բայց նպատակային տարօրինակություն է. «Որպեսզի բյուրոկրատական ռեսուրսները, այսինքն՝ վարչական ռեսուրսները, դառնան կառավարելի, որոշակի քաղաքական նպատակների համար»։ Վերոհիշյալ խորհրդի անդամները չեն համարվում քաղաքացիական ծառայողներ, իսկ հանրապետության նախագահն իրավունք ունի նշանակել միայն քաղաքացիական ծառայողների։ Մեջբերենք առաջարկություններից մեկը եւս։ Սահմանադրության 55 հոդվածի 5-րդ կետով սահմանված է նախագահի լիազորության հարցը, ըստ որի, նախագահը, «օրենքով նախատեսված դեպքերում, նշանակումներ է կատարում քաղաքացիական պաշտոններում։ Ներկայացված օրենքի նախագծով Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների պաշտոնները չեն համարվում ոչ քաղաքացիական, ոչ հայեցողական։ Օրինական հարց է առաջանում. եթե խորհրդի անդամները քաղաքացիական ծառայողներ չեն եւ, հետեւաբար, նրանց զբաղեցրած պաշտոնները քաղաքացիական պաշտոններ չեն համարվում, ապա ի՞նչ լիազորության հիման վրա է հանրապետության նախագահը նշանակում խորհրդի անդամներին»։ Վլ. Նազարյանը համաձայն չէ այն պնդումներին, թե առաջարկվող օրենքի նախագիծը կարելի է այնպես փոփոխել, որ ստացվի նորմալ օրենք։ Այդ «չի կարելի»-ի բացատրությունը, ինչպես միշտ, խիստ նազարյանական է. «Կարելի է Չապաեւի արձանից ստանալ Ֆուրմանովի արձանը, բայց Չապաեւի արձանից Տիմիրյազեւի արձանը չի ստացվի, ուղղակի չի ստացվի»։ Օրենքի նախագծում, ըստ Վլ. Նազարյանի, խախտված է ամբողջ Սահմանադրության գաղափարախոսությունը։ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի 57 հոդվածը սահմանում է. «Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտաքին գործերի, հարկային, մաքսային եւ արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմի վրա սույն օրենքի գործողությունը, եթե օրենքով այլ բան չնախատեսվի, տարածվում է 2004թ. հունվարի 1-ից»։ Հարց՝ ինչո՞ւ է այդպիսի կարեւոր ոլորտների համար երկարաձգվել օրենքի (եթե նախագիծը դառնա օրենք) տարածումը։ Պատասխանը կարող է միայն ենթադրություն լինել, ասենք, հետեւյալ տիպի՝ 2003-ի նախագահական ընտրություններից հետո ավելի հարմար կլինի կարեւոր գործադիր օղակների «որակավորման» հարցը։ Վերջում կրկին վերադառնանք Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմին։ Այն, ըստ նախագծի, կազմված է լինելու 7 հոգուց, որոնց պաշտոնի է նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ նախագահը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել