Լեզվի տեսչությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասվում է. «Լեզվի պետական տեսչությունը հայտնում է լուրջ մտահոգություն, որ վերջին տարիներին էապես ընկել է զանգվածային լրատվամիջոցների (հատկապես հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) լեզվական մակարդակը։ Ամենօրյա եթերում մշտապես իրենց խաթարված հայերենն են հնչեցնում անհրաժեշտ պատրաստվածություն չունեցող լրագրողներ ու ծրագրավարներ։ Էլ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ զանգվածային լրատվամիջոցների ղեկավարները առայսօր անտեսում են այս մասին տարիներ շարունակ արտահայտվող դժգոհությունները։ Հետեւանքը եղել է այն, որ մեր պետական լեզուն զանգվածային լրատվամիջոցներում պարզապես խեղանդամվում է։ Այս առումով միանգամայն անհիմն է լրատվամիջոցների ղեկավարների այն ինքնարդարացումը, թե չկան անհրաժեշտ գրագիտությամբ մասնագետներ։ Անհնար է հավատալ, թե չկան այնպիսի «լոտոյավարներ», որ կարողանան մեկից իննսուն թվերը արտասանել ճիշտ, իմանան, որ ճիշտ է ոչ թե շնհավորել-ը, այլ շնորհավորել-ը։ Ճիշտ է ընտանեկան-ը, ոչ թե ընտանեական-ը կամ ընտանեկական-ը։ Անհնար է հավատալ, որ հեռուստածրագրավարը ի լուր ամենքի կարող է հայտարարել, թե ջենտլմեն բառի գրական հայերեն համարժեքը օրիորդապնդիչն է։ Ճշմարտությունն այն է, որ հայերենը զանգվածային լրատվամիջոցներում անտեսված ու արհամարհված է եւ լրագրողների առջեւ չի դրվում լեզվական անհրաժեշտ մակարդակ ապահովելու պահանջ, որի մասին երբեմն իրենք՝ լրագրողներն էլ հայտարարում են։ Ավելին։ Պետական լեզուն հաճախ աղավաղվում է ոչ թե չիմացության պատճառով, այլ կանխամտածված։ Որոշ հաղորդաշարերի միայն վերնագրերը ասվածի վկայությունն են։ Բերենք մի քանի օրինակ. «Սեկտոր PRO», «PRO դիեզ», «Civilis», «Star մեկնարկ», «Մաժոր երեկո», «Ռետրո», «Մեյ-դեյ», «Բիս», «Ամբա TV», «Դիեզ X», «Հոթ լայն», «Արտ- պրոմո», «Պոստֆակտում», «TV-մենյու», «ՄագԱվտոShow», «MuzZon» եւ այլն, եւ այլն։ Ցանկության դեպքում, ինչ խոսք, կարելի է գրել ոչ միայն հայատառ, այլեւ գտնել հայերեն անվանումներ։ Ոչ մի արդարացում չունի նաեւ հայերենի արտասանության դիտավորյալ եւ հետեւողական խեղաթյուրումը։ Երեւույթ, որը ընդլայնվելու միտում ունի եւ լուրջ մտահոգության առարկա է։ Ի դեպ, նշված հարցը կարող է կարգավորվել անմիջապես, որովհետեւ չի պահանջվում ո՛չ գիտելիք, ո՛չ ֆինանսական միջոց։ Հարկավոր է ընդամենը համապատասխան ղեկավարի հրահանգը։ Ելնելով վերը ասվածից, ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը, հայտարարելով, որ ոտնահարվում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ լեզվի, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքները, կոչ է անում զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներին՝ անհրաժեշտ ուշադրություն դարձնել մայրենի լեզվին, կատարել օրենսդրական պահանջը եւ ապահովել պետական լեզվի պատշաճ մակարդակ»։