Խորհրդանիշների աշխարհում Նկարներ են արարվում… թելից Ապրիլի 7-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում բացվեց գեղանկարիչ Ժենյա Հարությունյանի եւ թելարար Լիանա Բուռնազյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Հարությունյանի արվեստին բազմիցս անդրադարձել ենք եւ խոսենք Լ. Բուռնազյանի նորաստեղծ արվեստի մասին։ Լիանա Բուռնազյանը Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի շրջանավարտ է (1957թ.), սակայն դերասանուհի դառնալուն խանգարեցին տարբեր հանգամանքներ եւ նա երկար տարիներ աշխատեց «Ֆիլմ», «Էկրան», «Հայինֆորմկինո» պարբերագիրներում (հանդեսներում)։ 1988թ. երկրաշարժից ցնցված, Լիանա Բուռնազյանը սկսեց թելից պատրաստել խորհրդանիշ-տիկնիկներ, հիշելով մանուկ հասակում իր վանեցի տատիկի սովորեցրածը։ Հիշողության մեջ խնամքով պահում է տատիկի հիշատակը թե իր պատմություններով, թե ասեղնագործելով, թե տիկնիկներ պատրաստելով։ 80-ական թվականների վերջին պատրաստած նրա տիկնիկները այլաբանորեն արտացոլում են մեր երկրի լարված քաղաքական վիճակը։ Վիշապը, հրեշը, ընձուղտը չարի, բացասականի խորհրդանիշեր են, բարունը, դրականինը՝ մարդակերպ տիկնիկները։ Բացի այդ, նա գեղանկարչական պատկերի գունային սկզբունքով «նկարներ» է արարում թելից. հիմքում՝ հաստ եւ սպիտակ, տեսանելի, վիզուալ շերտում՝ փայլուն թելերով իրականացնում է իր ասելիքը՝ ընդգծելով խորհրդանշական իմաստը։ Լ. Բուռնազյանի տիկնիկների եւ պատկերների գեղարվեստական կերպարի ստեղծման ամբողջականությանը նպաստում է Սերգեյ Փարաջանովից փոխառնված կենցաղային իրերի կտորտանքների, բեկորների օգտագործման հմտությունը։ Նա արարում է իր սեփական պոետիկ աշխարհն՝ ինչպես իրականացվող երազանք՝ փայլող եւ հուսադրող։ Հիմնական աշխատանքի նյութը թելն է, սակայն իր կատարողական եղանակով այն տարբերվում է ասեղնագործությունից։ Նույն այս տարիներին Վանի բարբառով գրեց «Չքնաղ ոստան» պիեսը, որի հիմքում ընկած են սիրելի տատիկի պատմական հիշողությունները՝ կապված մեր ժողովրդի անցյալի հետ։ Նա բազմաթիվ բանաստեղծությունների եւ դրանց խոսքերով գրված մեղեդիների հեղինակ է։ ՄԵՐԻ ԵՐԶՆԿՅԱՆ, արվեստաբան