ՊՆ-ն ուզում է ավելացնել իր տեղերի թիվը Իսկ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունը համարձակվում է մերժել ՀՀ կառավարությունը դեռեւս չի հաստատել բուհերի ընդունելության պետպատվերով ու վճարովի տեղերի քանակը։ Դրա պատճառով չի հրապարակվում «Դիմորդ-2001» տեղեկագիրը, որը, ԿԳՆ-ի պաշտոնյաների խոստումներով պետք է պատրաստ լիներ դեռ փետրվարի վերջին։ Այսպիսով, արժեզրկվում է քննություններին առնչվող վերջին քննարկումների ժամանակ շեշտվող այն փաստարկը, թե աննախադեպ իրողություն է, որ ընդունելության նորույթները դիմորդներին ներկայացվում են բավականին վաղ, մինչդեռ ոմանք, քննությունները բուհերին հանձնելով, ուզում են խաղի կանոնները փոխել քննություններից մի քանի ամիս առաջ։ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանից երեկ տեղեկացանք, որ տեղերի թիվն ու դրանց բաշխումը սահմանող նախագիծը, որ ներկայացվել էր շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը, վերջիններիս դիտողություններով ու առաջարկներով արդեն ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Կառավարության առաջիկա նիստերից մեկի ընթացքում նախագիծը կքննարկվի եւ կհաստատվի։ Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի տեղեկագիրը հրատարակել։ Արա Ավետիսյանի հավաստմամբ՝ տեղեկագրի մյուս բոլոր նյութերը վաղուց պատրաստ են եւ ընդունելության տեղերի թիվը հաստատվելուց հետո, մոտ տասը օրվա ընթացքում, տեղեկագիրը կներկայացվի դիմորդներին։ Ըստ նախագծի՝ ընդունելության տեղերի թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել։ Թեպետ նախորդ տարի ՆԳՆ համակարգի բարձրագույն ուսհաստատություններում թափուր տեղեր էին մնացել՝ վերջինս պետպատվերով տեղերը ավելացնելու առաջարկ էր ներկայացրել, ինչը մերժվել էր նախագծի մշակման ընթացքում։ ՊՆ-ի ներկայացրած նույն առաջարկը խուսափել է այդ ճակատագրից։ Սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, իր անվանը հավատարիմ, որոշել է խնայել պետբյուջեի միջոցները եւ բացասական կարծիք է ներկայացրել նախագծի՝ ՊՆ համակարգի ուսհաստատությունների ընդունելության տեղերը ավելացնելու առնչությամբ։ Հարցը վերջնական լուծում կստանա կառավարության նիստի ժամանակ։ Հավանաբար այն հօգուտ ՊՆ-ի կլինի, քանի որ այս պետության մեջ ՊՆ նախարարի փաստարկները շատ ավելի «ծանրակշիռ» են, քան ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարինը։ «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ՝ այս տարի բուհերին իրավունք է տրվում վճարովի համակարգում, կառավարության սահմանած թվից բացի, ընդունել այնքան ուսանող, որքան իրենք հնարավորություն ունեն։ Վերջիններս, սակայն, չեն օգտվի բանակից տարկետման իրավունքից։ Իսկ պետպատվերով համակարգի տեղերի թիվը, ըստ նախագծի, չի փոխվել։ Եթե կառավարությունն այդ թիվը մեր պետական բյուջեի համար շռայլություն չհամարի, այն չի կրճատվի։ Համենայնդեպս, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն այս առնչությամբ իր եզրակացությունում առանձնապես դժգոհություններ չի ներկայացրել։ Հիշեցնենք, որ նախորդ տարի կառավարության հաստատած պետպատվերով տեղերի թիվը 4069 էր, իսկ վճարովի համակարգինը՝ 6261։ Պետպատվերով տեղերից 3308-ն էր պետական բուհերինը։ Մնացածը ՊՆ եւ ՆԳ համակարգերի ուսհաստատությունների, ԼՂՀ-ի եւ Սփյուռքի ուսանողների համար էր նախատեսված։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ