«ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ» Իզուր են նախկին բորսայատերերը բողոքում, թե դաշտը կարգավորող հակասահմանադրական օրենք ընդունելով Հայաստանի իշխանություններն իրենց դուրս մղեցին շուկայից, ինչին հետեւելու է ներդրողների, բաժնետեր-սեփականատերերի շահերի անտեսումն ու ոտնահարումը։ Իրականում այն չորս ֆոնդային բորսաների թեկուզեւ աներեւույթ գործունեության փաստն անգամ չխանգարեց «Գլաձոր» ԲԲԸ-ի գոյությանը։ «Գլաձորը» բաց բաժնետիրական մի ընկերություն է, որը հետագայում «դասականների» շարքն է անցնելու եւ որի օրինակի վրա տնտեսագիտական համալսարաններում ուսանողներին բացատրելու են, թե ինչ հետեւանք կարող է ունենալ արժեթղթերի չգրանցումը եւ ինչպիսին չպետք է լինի ԲԲԸ-ն։ Ըստ Արժեթղթերի հանձնաժողովի անդամ Արծվի Մինասյանի, «Գլաձորը» խախտել է ոչ միայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» նոր օրենքը, այլ նաեւ «ԲԲԸ-ների մասին» օրենքը եւ Քաղաքացիական օրենսգիրքը, ինչպես նաեւ՝ մի շարք նորմատիվ ակտեր։ Արժեթղթերի հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԲԲԸ-ն առ այսօր կենտրոնացված կարգով չի վարում ռեեստր, չկա բաժնետերերի ճշտված ցուցակ, ժողովները հրավիրվում եւ անցկացվում են օրենքի կոպիտ խախտումներով, բաժնետերերը չգիտեն իրենց փայաբաժնի իրական քանակը։ Ընկերությունն ունեցել է 2 կնիք, 2 ղեկավար մարմին (խորհուրդ), 2 գործադիր տնօրեն։ Կողմերից ոչ մեկը չի ընդունել մյուսի իշխանությունը։ Սրանց հետեւանքով բաժնետերերը ոչ միայն չեն կարողացել իրականացնել իրենց իրավունքները, այլ նաեւ չեն հանդիսացել փաստացի սեփականատերեր։ Անհայտ է նաեւ 10 սեփականատիրոջ կարգավիճակը, որոնց բաժնետոմսերը վճռորոշ նշանակության են, քանի որ կողմերից յուրաքանչյուրին միանալու դեպքում վերահսկիչ փաթեթն անցնում է այդ կողմին։ Այս հարցը դատարանի լուծելիք խնդիր է։ Իր իրավունքների ոտնահարման մասին ԲԲԸ խոշոր բաժնետեր (47,11%) Վարդգես Վարդանյանը դեռեւս 1996թ. դիմում-բողոքներ է գրել ֆիննախ, այն ժամանակվա Արժեթղթերի շուկայի տեսչությանը, որը, սակայն, բավարար լիազորություններ չունենալու պատճառով չի կարողացել հայտնաբերված խախտումների ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնել։ Հետաքրքիրն այստեղ այն է, թե ինչպես են պետական մարմինները գրանցել երկու կնիքները։ Արծվի Մինասյանի խոսքերով, հանձնաժողովը սրա հետ կապված որեւէ փաստ չունի։ Ըստ չճշտված տեղեկության, պետռեգիստրի տեղեկանքի հիման վրա ՆԳ մարմիններն անվավեր են ճանաչել Էլվիրա Գասպարյանի տնօրինության տակ եղած կնիքը։ Է. Գասպարյանի գործողությունները հանցակազմ են պարունակում, ուստի քրեական գործ է հարուցված, որը գտնվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության վարույթում։ Հիմնականում խոշոր բաժնետեր Վարդգես Վարդանյանն է պահանջում իր իրավունքների պաշտպանվածության ապահովումը, բայց իրականում ոտնահարված են նաեւ մնացած 50-ից ավելի ներդրողների (բաժնետերերի) շահերը, անկախ այն բանից, թե այս պահին դեպքերի այս դասավորվածությունն իրենց ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե վաղը նրանցից որեւէ մեկը ցանկություն ունենա վաճառել իր բաժնեմասը, ապա չի կարող դա անել իրական գնով, որովհետեւ այս պայմաններում արդար գնագոյացման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Արծվի Մինասյանից տեղեկացանք, որ հանձնաժողովը խնդրի լուծման նպատակով կոնկրետ կարգադրություններ է արել, որոնց կատարումը պարտադիր է, չնայած դրանք նախազգուշական նշանակություն ունեն։ Հակառակ դեպքում հանձնաժողովն իրավասու է տուգանք կիրառել։ Ա. Ֆ.