Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՆ ՇՆԵՐԻՑ ԵՄ, ՈՐ ՄԻՇՏ ՄԻԱՅՆ ԳԱՅԼԻՆ ԵՆ ՆԱՅՈՒՄ»

Ապրիլ 10,2001 00:00

«ԱՅՆ ՇՆԵՐԻՑ ԵՄ, ՈՐ ՄԻՇՏ ՄԻԱՅՆ ԳԱՅԼԻՆ ԵՆ ՆԱՅՈՒՄ» Շատերն են համոզված, որ Ազատամարտի վետերանների միությունը ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դրդմամբ՝ պահի խնդիր լուծելու, այն է՝ ԵԿՄ-ին հակակշիռ ստեղծելու նպատակով։ Եվ այդ միության մեջ Կոմանդոսի՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի հայտնվելն ու հեռանալը վերագրվեց քաղաքական համապատասխան որոշմանը։ «Խոսքի ազատություն է՝ յուրաքանչյուրն իրավունք ունի այդպես մեկնաբանել,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը։- Բայց գիտեք, չէ՞, որ ես ընդամենը մեկն էի նրանցից, ովքեր ստորագրեցին այդ միության ստեղծման հայտարարության ներքո»։ Ակնարկն այն էր, որ եթե դեռ պատկերացնելի են իր եւ երկրի ղեկավարների փոխշփումները՝ դրանք գրեթե անհավանական են թվում Վրեժ Ղազարյանի (Սարի թաղի Վրեժ) եւ շուրջ 10 այլ ստորագրողների պարագայում։ Պնդեց նաեւ, թե իրեն ոչ մեկը չի կանչել եւ ինքն էլ չի նկատել, թե իրենց փորձում են հակադրել ԵԿՄ-ին։ Այլապես, մեղմ ասած, չէր ողջունի այդ մտադրությունը։ «Ամենասկզբում ինձ առաջարկվեց գլխավորել այդ կազմակերպությունը։ Բայց ես ասացի, որ քաղաքականությանը չենք խառնվելու։ Զբաղվելու ենք միայն տնտեսական հարցերով. փորձելու ենք օրինական կարգով դրամաշնորհներ ստանալ եւ աշխատել»,- այս պատմությանը պրն Թադեւոսյանը հավելեց, թե հիմա, իր «Կոմանդոս» կազմակերպության մեջ այդպես էլ աշխատում է։ Ինչ վերաբերում է ԱՎՄ-ին՝ որոշ ժամանակ անց պարզվել էր, թե միության մի շարք անդամների ախորժակը բացվում է. «Յուրաքանչյուրը սկսեց սեփական պատկերացումներով առաջնորդվել։ Ես նրանց չեմ դատապարտում՝ նրանց գործն է։ Բայց ղարաբաղյան մի պատմություն կա, որը մեկ անգամ էլ պատմել եմ 1992-ին, երբ Ղարաբաղում ՀՀՇ-ի եւ Դաշնակցության միջեւ վեճեր կային։ Ինձ համար դա շատ ցավալի էր. ելույթ ունեցա՝ ե՛ւ մի կողմին, ե՛ւ մյուսին կշտամբեցի, թե չէր կարելի նման ծանր պահերին այդպիսի հարցեր լուծել։ Բնականաբար, ե՛ւ մի կողմից «մինուս» ստացա, ե՛ւ մյուս կողմից, փոխարենը՝ «պլյուս» ստացա ղարաբաղցիներից։ Պատմությունն այս է. հովիվը պատմել էր, թե երբ հոտն արածեցնում է, իր շներն իրար հետ են կռվում։ Բայց հենց որ գայլ է հայտնվում՝ շները միավորվում են ընդդեմ այդ գայլի։ Իսկ ես այն շներից եմ, որ միշտ միայն գայլին են նայում, հասկանո՞ւմ եք։ Միջանձնային եւ քաղաքական կռիվներին ես չեմ մասնակցում։ Ես ուզում եմ զբաղվել միայն նրանով, ինչով կարող եմ։ Ես զինվորական եմ։ Վաղը, եթե դարձյալ դժվար կացություն լինի՝ ընկերներիս հետ էլի կգնամ պաշտպանելու Հայրենիքը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել