Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՀԱՆԳԸ «ՇԱՏ ՎԵՐԵՎԻՑ» ԷՐ ԳԱԼԻՍ

Ապրիլ 10,2001 00:00

ՀՐԱՀԱՆԳԸ «ՇԱՏ ՎԵՐԵՎԻՑ» ԷՐ ԳԱԼԻՍ Մեր նախորդ համարում ներկայացրինք ՆԳ վարկածը՝ «Չորրորդ իշխանություն» թերթի գույքը բռնագրավելու մասին։ Որպեսզի իմանանք հակառակ տեսակետը՝ զանգահարեցինք «Շամիրամ» կուսակցության անդամ Մարիա Ներսիսյանին: Նա պատմեց, որ իրենց գրասենյակ ամեն տարի Մելանյա անունով մի հաճելի կին էր գալիս՝ գույքագրման: Սակայն այս անգամ գրասենյակ այցելեցին երեք տղամարդ: Նրանք քաղաքացիական հագուստով էին, բայց նրանցից մեկը, ըստ տիկին Ներսիսյանի, հաստատ ՆԳ գնդապետ էր: Մթնոլորտը բավականին ընկերական էր, բայց այդ տղամարդիկ ասացին, որ շատ խիստ հրահանգ են ստացել՝ «Չորրորդ իշխանության» ամբողջ ունեցվածքը բռնագրավելու մասին: Եկածներն ասում էին (մի քանի անգամ շեշտելով «ցիրուցան Վանոյին»), որ այս գույքն ամբողջությամբ պետությանն է պատկանում, եւ իրենք ստիպված են տանել այն: Տիկին Ներսիսյանն ասաց, որ ոչ ամբողջ գույքն է պատկանում պետությանը, քանի որ մի շարք բաներ պրն Սիրադեղյանը անձամբ նվիրել է «Չորրորդ իշխանության» աշխատակիցներին, եւ գույքն արդեն վեց տարի է օգտագործվում է։ «Այս ի՞նչ վիճակի եք դուք հասել, որ ձեզ պետք է օգտագործված եւ մաշված գույքը»,172 ոստիկաններին հարցրել է տիկին Ներսիսյանը: Սակայն նրանք պնդել են, որ ամեն ինչ պետական բալանսի վրա է։ Երբ առաջարկվեց բանակցություններ վարել ՆԳ համապատասխան վարչության պետի հետ, ոստիկաններն ասացին, որ հրահանգը գալիս է շատ ավելի վերեւից: Արդյունքում՝ «Չորրորդ իշխանության» գրասենյակից տարվեցին երեք գորգ, երկու սառնարան, հեռախոսներ, ֆաքս, տեսամագնիտոֆոն, ռացիա, մի խոսքով՝ ամեն ինչ, բացի մեկ սովետական սեղանից եւ երեք աթոռից, որպեսզի աշխատակիցները գոնե նստել կարողանան: Գույքը տանելու նպատակով նախօրոք բանվորներ եւ մեքենաներ էին բերվել: Տիկին Ներսիսյանը ոստիկաններին ոտքի վրա սուրճ է հյուրասիրել եւ ճանապարհել: Նրանք մի քանի անգամ ներողություն են խնդրել եւ հեռացել։ Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել