«ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՌԻ» Հարցազրույց փաստաբան Տիգրան Ջանոյանի հետ -Պրն Ջանոյան, «Հոկտեմբերի 27»-ի գործով գլխավոր ամբաստանյալը, որքան էլ զարմանալի է, բաց թողեց խոսելու առիթը առայժմ հրաժարվելով ցուցմունքներ տալուց։ Որպես փաստաբան, ինչպե՞ս եք գնահատում այդ պահվածքը։ – Հունանյանի ցուցմունք չտալու հանգամանքը գնահատում եմ տակտիկական քայլ, որը որոշակի խորհրդատվության արդյունք է։ Սա Հունանյանի կողմնորոշման խնդիրը չէ, նրան խորհուրդ է տրվել այդպես վարվել։ Սրանում ինչ-որ տեղեր ամբաստանյալին զսպող, ետ պահող միտում կա։ Եվ նա ենթարկվել է։ – Վերջին նիստերի ժամանակ ամբաստանյալի կողմից արված մի շարք միջնորդություններ զայրույթի ալիք բարձրացրին։ – Կարծում եմ, Հունանյանի՝ դատարանում դրսեւորած վարքագիծը շատ քիչ է տարբերվում նախաքննության ընթացքում դրսեւորված վարքագծից։ Մի տարբերությամբ, որ նա դատարանում ավելի կաշկանդված է, քանի որ բաց հանդիսատես կա։ Մնացածն առայժմ խաղի նույն կանոններն են։ Նաիրի Հունանյանի խնդիրն է եղել նախաքննության ժամանակ հնարավորինս խառնել խաղաքարտերը, ապացուցման ենթակա բոլոր հանգամանքներն արհեստական դաշտի մեջ տեղափոխել եւ այդ արհեստական դաշտում փորձել փոշիացնել։ Նպատակը եւ խնդիրները, ըստ էության, չեն փոխվել եւ դրանք կփորձեն իրականացվել նաեւ դատարանի դահլիճում։ – Պրն Ջանոյան, Դուք բացառո՞ւմ եք, որ ամբաստանյալը, կրկին խաղաքարտերը խառնելու մտադրությամբ, ուղիղ եթեր կպահանջի կամ այլ ցանկություն կհայտնի։ – Չեմ բացառում այն պարզ պատճառաբանությամբ, որ ցանկությունների եւ ցանկություններ հայտնելու առումով Հունանյանը երբեք համեստությամբ աչքի չի ընկել։ Դա սպասելի է։ Բայց այստեղ կարեւորը իր ցանկությունները եւ իր պահանջները չեն, այլ դատավարական կարգուկանոնը։ Դատարանը, այս դեպքում, կարծում եմ. պետք է սկզբունքորեն շարունակի ղեկավարվել օրենքով եւ հնարավորություն չտա դատավարության ժամանակ խառնաշփոթ իրավիճակ ստեղծել։ Այս տեսակետից ես ունեմ մտահոգություն, որ առայժմ դատարանը չանցնելով դատական բարեկրթության սահմանը, ամբաստանյալին իր տեղը չի նստեցնում՝ անհարկի, անտեղի եւ անպատեհ կատարվող ցատկոտումներից ու ելույթներից։ Առայժմ դատարանը պահում է բարեկրթության սահմանը։ – Ինչքա՞ն երկար կարող է պահել դատարանն այդ սահմանը, նկատի ունեմ Ձեր նշած խորհրդատուների պարագան։ – Հաստատապես գալու է մի ժամանակ, որ դատավարության մասնակիցների փոխհարաբերությունների իրական նպատակներով պայմանավորված հստակեցում լինի։ Միայն այդ հստակեցումից հետո, դատական բարեկրթությունը մի կողմ թողած, կարելի է վճռական գործողությունների անցնել։ – Հրապարակումներ եղան այն մասին, որ «27»-ի քրգործից ինչ-ինչ փաստաթղթեր են անհետացել։ Թեպետ զինդատախազությունը հերքեց այս լուրերը, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչի՞ մասին է աղմուկը եւ ինչո՞ւ է հարցը հրապարակ նետված։ – Ես այսօր վաղաժամ եմ համարում քննարկել քրգործից փաստաթղթեր անհետանալու-չանհետանալու հարցը, որովհետեւ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ, իսկ «27»-ի գործով բազմաթիվ երեւացող եւ չերեւացող շահագրգիռ կողմեր կան, յուրովի է տեսնում եւ օգտագործում փաստաթղթերի ամբողջության հարցը։ Այդ հարցի վերլուծության պահը կլինի դատավարության ապագա փուլերում եւ այն ժամանակ սիրով կպատասխանեմ ձեր հարցին։ – Գործով անջատված մասի նախաքննության վերաբերյալ ի՞նչ ինֆորմացիա ունեք: – Գործով անջատված մասը, չունենալով իրական դատավարական հիմք, կարող է շատ հեշտությամբ ծառայել ցանկացած նպատակի, այդ թվում՝ նաեւ քաղաքական։ Երբ կա շեղում իրավականից, դա հղի է ցանկացած անկանխատեսելի հետեւանքներով։ Միանշանակ անակնկալ չեմ համարի, եթե անջատված մասով, ցանկացած ճնշում գործադրելու հնարավորություն ստեղծվի, այդ թվում նաեւ՝ դատարանի վրա։ Անջատված մասի վերաբերյալ մամուլում եղած նյութերը եւ հարցազրույցներն արհեստականորեն են ստեղծված։ Դրանով փորձ է արվում ապահովել նախաքննության գերակայությունը վերջնական քննության նկատմամբ։ Դա ունի որոշակի արտաիրավական ենթատեքստ։ Ես կարծում եմ, սա նույնպես ճնշում է դատարանի նկատմամբ։ Երբ գործով ընթանում է դատավարություն, ապա դատական էթիկայի ամենատարրական պայմաններն ասում են, որ նախաքննությունը պետք է լռի։ – Որպես Սարգսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, աշխատանքի ընթացքում Ձեզ վրա ճնշումներ զգացե՞լ եք, թե՞ ոչ։ – Ճնշումներ զգացել եմ։ Եթե «Հոկտեմբերի 27»-ի գործի որեւէ մասնակցի նկատմամբ կա ճնշում, ապա դա ուղղակի ճնշում է իմ նկատմամբ։ Օրինակ, դեռ շարունակվում է նախաքննության մարաթոնը, եւ դա ճնշում է ինձ վրա, միաժամանակ դատարանի եւ մյուս մասնակիցների վրա՝ այսինքն, դուք ինչ քննարկեք-չքննարկեք՝ սա է, եւ մենք ենք որոշում՝ ինչ պետք է լինի։ Ճնշում եմ գնահատում նաեւ տարբեր հեռուստաշոուները, այդ թվում նաեւ իմ մասնակցությամբ՝ «Օրակարգ» ծրագիրը։ Շատ զավեշտական ճնշում եմ համարում, երբ ծրագիրը կազմակերպվել եւ վարվում էր գործով վկայի կողմից, այն էլ՝ գործով բավական շահագրգիռ վկայի, որը դեռ ցուցմունքներ չի տվել հիմնական դատական քննության ժամանակ։ Եվ դեռ հարցեր կան նրա հետ պարզելու։ Գործով վկան հրապարակում է, այսպես ասած՝ գաղտնալսումներ, եւ ներկայացնում որոշակի նյութ՝ փորձելով հասարակական կարծիք ստեղծել։ Բնականաբար, նա ունի խնդիրներ եւ ընդգծում է իր շահագրգռվածությունը «27»-ի գործի ելքի առումով։ Պաշտպանության տակ է վերցնում գործի մի շարք հանգամանքներ, որոնք դեռեւս ստուգման կարիք ունեն, այդպիսով ընդգծելով իր կողմնակալ լինելու հանգամանքը։ – Ո՞վ էր ստիպում Ձեզ մասնակցել այդ հաղորդմանը։ Դուք կարող էիք նաեւ հրաժարվել։ – Ինչո՞ւ ես մասնակցեցի այդ հաղորդմանը։ Շատ պարզ պատճառաբանությամբ։ Երբ փորձեցի երկու անգամ պարզել հաղորդման բուն թեմատիկան, կոնկրետ հարցերի շրջանակը, չստացվեց։ Դա ինձ մղեց, որ ընդունեմ առաջարկը, որովհետեւ հակառակ դեպքում կենտրոնում կդրվեր դատարկ բազկաթոռ, եւ այդ դատարկ բազկաթոռին իմ անվան ֆոնի վրա պարտություն կգրանցվեր, քանի որ ամբողջ հաղորդումը կառուցված էր հաղթելու եւ պարտվելու տխրահռչակ սկզբունքով։ – Պրն Ջանոյան, ի՞նչ հարաբերությունների մեջ եք Դեմիրճյանների փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ։ – Փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ գտնվում ենք շատ բաց եւ ուղղակի աշխատանքային հարաբերությունների մեջ։ Սկզբունքային տեսակետից որեւէ հակասություն չունենք։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ