Լրահոս
Օրվա լրահոսը

Իզուր չէ, որ բոլոր հեքիաթները վերջանում են հարսանիքով։ Դրանից հետո՝ կյանքն է։ Այստեղ հեքիաթը տեղ չու

Ապրիլ 07,2001 00:00

ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ։ՍԵ ԼԱ ՎԻ Իզուր չէ, որ բոլոր հեքիաթները վերջանում են հարսանիքով։ Դրանից հետո՝ կյանքն է։ Այստեղ հեքիաթը տեղ չունի։ Համատեղ կյանքի առաջին տարին այնքան բուռն է, որ նրանում տեղ գտած կրքերի բախման, հարաբերությունների պարզման, սեփական «դիրքը դնելու» փորձերի, միմյանց ճանաչելու եւ, վերջապես, կրքոտ գիշերների վրա ծախսված էներգիայի քանակը կբավարարեր առնվազն եւս մի 10 տարվա։ Ի դեպ, 10 տարվա մասին։ Ամուսնության 10-րդ տարին է ռեկորդայինը՝ ամուսնալուծությունների առումով։ Վիճակագիրների հաշվարկով՝ ողջ աշխարհում լուծվող ամուսնությունների ուղիղ կեսը բաժին է ընկնում 10-ամյակը տոնող զույգերին։ Այստեղ ոչ մի միստիկա չկա։ Ուղղակի կենցաղն ու առօրյան այնքան են խորանում զույգերի հարաբերությունների մեջ, որ թվում է, թե ընտանեկան կյանքը ճահճի պես խեղդում է սերը։ Բավական երկար ժամանակամիջոցում ամուսիններն արդեն հասցրել են իրար հարկ եղածին պես ճանաչել, գտնել միմյանց թույլ կողմերն ու առավելությունները, հասկանում են միմյանց կես խոսքից, անգամ մեկ հայացքից։ Ու, թեեւ դա հաճելի է, սակայն, համաձայնեք, սուր զգացողությունների սիրահարների համար բավական ձանձրալի է։ Չկա ոչ մի նորություն։ Անհասկանալին, անծանոթը բացահայտելու ազդակներն այլեւս չեն գործում։ Եվ կինն էլ այլեւս կարիք չի զգում ամուսնու աչքի առաջ գրգռիչ պենուարով ման գալ՝ շատ ավելի հարմար է հնամաշ սրբիչե խալաթը. «Ո՞վ պիտի տեսնի, միայն ամուսինս է տանը» ահավոր սխալ տրամաբանությամբ։ Եվ ի՞նչ է մնում «խեղճ» ամուսնուն՝ տեսնել մեկ ուրիշ կնոջ գրգռիչ պենուարը։ Հասանք ամուսնական կյանքի առաջին քառորդդարյա հոբելյանին՝ արծաթե հարսանիքին։ 25 տարիների ընթացքում ամուսինները հասցրել են ներել միմյանց ամեն ինչ՝ տառապանք, ցավ, միօրինակություն, կենցաղային ժանգով պատված զգացմունքներ։ Կինն արդեն մոռացել է ամուսնու մի քանի թեթեւ կամ եզակի ծանր ու երկարատեւ սիրավեպերն ու դավաճանությունները։ Եվ սակայն ամեն ինչ այնքան ծանոթ է ու կանխատեսելի, որ գժվել կարելի է։ Թվում է, թե հիմա, երբ երեխաներն արդեն հասունացել են, կարիք չկա հանուն նրանց ամեն ինչի համակերպվել, այլեւս ոչինչ չի կարող խանգարել իրականացնելու, նոր կյանք սկսելու գայթակղիչ գաղափարը։ Բայց եթե դուք դեռ կասկածներ ունեք՝ նոր կյանք սկսել ուրիշի հետ, թե «պայքար, պայքար մինչեւ վերջ» գոչելով ինչ-որ կերպ փոխեք, թարմացնեք ձեր հարաբերությունները ձեր միակի հետ, ավելի լավ է հիշեք Սողոմոն թագավորին։ Նա հենց այս տարիքում էր, երբ պատրաստել տվեց իր հայտնի մատանին, որը երբեք չէր հանում մատից եւ նեղ պահերին կարդում էր նրա վրա գրված մոգական խոսքերը. «Սա էլ կանցնի»։ Իսկ գուցե ճիշտը նոր սիրեցյալի փոխարեն ճիշտ այսպիսի մատանի գտնելն է. եւ ավելի քիչ ծախսատար է, եւ փիլիսոփա դառնալու հավանականությունը կմեծանա։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել