Լրահոս
Օրվա լրահոսը

Դարերով ոտնահարված արժանապատվության կուտակված դառնությունը հայի զանգվածային գիտակցության մեջ նորից դ

Ապրիլ 07,2001 00:00

ԾՈՎԻՑ ԾՈՎ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿՍ եւրին սպասելիս Դարերով ոտնահարված արժանապատվության կուտակված դառնությունը հայի զանգվածային գիտակցության մեջ նորից դուրս հորդեց՝ ինչպես 1988-ին, բայց այս անգամ՝ միայն ինքնակոչ «ընտրյալների» դատարկ ճարտասանությամբ, հնարովի հանդիսություններով, պատերազմատենչ, նվաճողական տրամադրություններով: Այդ «ընտրյալները»՝ 1990-ին փողոցներում «Վիլիսներ» գողացողից մինչեւ պատկառելի տարիքի ակադեմիկոս, բազկազուրկ ուսանողից մինչեւ հմուտ քաղաքական գործիչ, ինքնուրույն մշակում եւ հասարակությանն են մատուցում ազգի «գլխավոր հարվածի ուղղությունը»: Մեկի համար դա Ուտիքն ու Գարդմանքն է, մյուսի համար՝ Բաքուն, երրորդի համար՝ Նախիջեւանը, չորրորդինը Ղարսն ու Արդահանն է… Բոլոր այդ «ուղղությունները» գումարած՝ ստացվում է մի հին-նոր Սեւր: Ազգիս «ընտրյալը» նոր տարածք է պահանջում: Ազգիս «նվիրյալը» հավատում է վերացական արդարությանը. եթե հայ ժողովուրդը դարերով բնակվել է ծովից ծով տարածքում, ուրեմն այդ ամբողջը մերն է: Վերացական արդարության հաստատումն էլ խաղաղ զարգացման արդյունք չի լինում, այն իրականացվում է զինված պայքարի, բռնության, տեղահանման, պատերազմի միջոցով: Ուրեմն կեցցե՜ արդար պատերազմը: Եվ ահա վերջերս ռուսալեզու թերթում «ազգային գաղափարախոսության» դպիրներից մեկը մատչելի լեզվով բացատրում է. այն, որ պատերազմը հակամարդկային բնույթ է կրում, լոկ ծայրահեղ պացիֆիստների հնարքն է: Հենց պատերազմն է, որ հանդիսանում է քաղաքակրթության զարգացման պայմանը, հենց պատերազմն է, որ ժողովրդի իղձերի իրականացման գրավականն է: Ամրագրենք, որ ազգային գաղափարախոսությունը վերջին օրերին արձանագրեց եւս մեկ հաղթանակ՝ սկիզբ դրվեց պատերազմի ձոնին, ինչը չկար Ղարաբաղյան պատերազմի նույնիսկ ամենաթեժ եւ ճակատագրական օրերին: Ինչո՞ւ: Չէ՞ որ տասը տարի առաջ գրեթե բոլորս համամիտ էինք, որ երկրի պատմության մեջ հայոց պետականության վերականգնումը մեծագույն նվաճում է, որ ազգային պետականությունը ժողովրդի անվտանգ գոյատեւման երաշխիքն է… Միայն այսքանն արդեն իսկ այն բալասանը պետք է լիներ, որ հանգստացներ ազգային ոգու խռովությունը, մղեր երկիրը շենացնելու, ամրապնդելու գործին: Սակայն իրականությունը միայն այսքանով չսահմանափակվեց. Հայաստանի տարածքը մաքրվեց խորթ տարրից, որը հավերժ սպառնալիք կարող էր լինել երկրի ինքնիշխանության համար, ազատագրվեց Ղարաբաղը, նաեւ, դիվանագիտության լեզվով ասած, անվտանգության գոտի ստեղծվեց Արցախի շուրջ: Բայց դեռ Ղարաբաղյան հաղթանակը «չմարսած»՝ վկա մինչեւ Քի Ուեստ բանակցային գործընթացը, «մտնենք Սասուն, իջնենք Վանը» այսօր քաղաքական կարգախոս ենք դարձնում: Նորից, ինչու: Միթե մեր ուզածը ոչ անկախությունն էր, ոչ Ղարաբաղը, ոչ հաղթանակը: Սրբապիղծ հարցադրում է՝ կաղաղակեն ազգի «ընտրյալները»: Ուրեմն ազգովի այդպես էլ չհամակերպվեցինք այն բարձր գնին, որն անխուսափելի պետք է վճարեինք անկախության, Ղարաբաղի համար: Դատելով այս տարիների հրապարակումներից, անվերջ բողոքներից, մեղադրանքներից, կարելի է ենթադրել, որ հաղթանակը կմարսվեր միայն այն դեպքում, եթե Շուշիի գրավմանը զուգահեռ տասնապատիկ բարձրացվեին աշխատավարձե՞րը, ամեն գնված ավտոմատին զուգահեռ տպագրվեին անվանի մտավորականների հատորյակնե՞րը, իսկ Աղդամ մտնելը պսակվեր Երեւանում նստած Միրզախանյանին կրթության նախարար նշանակելու մասին հրամանագրո՞վ: Այսինքն ոչ միայն պատերազմ, այլ նաեւ «հաց, սեր, արքայությո՞ւն»: 93-ին մոտակա «պադստանցիայից» սեփական «օբյեկտում» կամ բնակարանում «լեւի» լույս քաշած ճարպիկն այսօր նույնպես զայրույթով է խոսում 200 մլն «կերած» հանցագործների մասին: «Մոռացել» է, որ 100 դոլարի լույս էր վառում, բայց կեսը տալիս էր էլեկտրիկին, որ լույսի փողը պետությանը չտա ու բյուջեն 0 լումա էր ստանում: Չաշխատող գործարանի «կարմիր տնօրենը» հաստոցները ծախում էր, քաղաքի կենտրոնում եռահարկ առանձնատուն կառուցում, իսկ այսօր մամուլում հայտարարում է, որ «նախկիններն» ապրանքի սպառման շուկաներ չէին որոնում: Այ, եթե «սբիտն» ապահովեին, ձրի լույսն ու գազը տային, մի գործարանի տեղը տասը կաշխատեցներ ու կապահովեր «հաց, սեր, արքայությունը»: Արծվաշենի անկումից հետո Վազգեն Սարգսյանին դավաճան անվանող, ռազմական նախարարի հրաժարականը պահանջող ազգի «նվիրյալները» պատերազմից զատ քաղաքացիական ազատություններ էին պահանջում (զորակոչի տարիքի ջահել ազգականին առանց իրենց տեղեկացնելու կռիվ էին տարել), որովհետեւ պատերազմը Վազգենինն էր, իսկ ազգի «նվիրյալների» սուրբ նպատակը երկրում «հացի, սիրո, արքայության» հաստատումն էր: Եվ այսպես գջլեցինք մեզանից մեր գողացած լույսը, ծախած հաստոցները, մեր կողմից ընտրված իշխանությունը: Ժողովրդին էլ համոզեցինք, որ ոչ անկախությունն է մերը, ոչ էլ հաղթանակը: Եվս մեկ անգամ ժողովուրդն իրեն խաբված զգաց: Իրական հաղթանակից օտարված ժողովրդին նոր հաղթանակների տեսլականով է ուրեմն պետք ոգեւորել. «Իջնենք Բաքու, մտնենք Վան»… Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Խնդիրն ամենեւին էլ նախկին իշխանություններին պաշտպանելը չէ: Ատելությունը նրանց հանդեպ սնվում է այնպիսի իռացիոնալ աղբյուրներից, որ նույնիսկ տրամաբանական փաստարկները որեւէ ազդեցություն չեն ունենում այդ ատելության «բացիլը» կրողների վրա: 1990-ին Հայաստանում իշխանության եկած ուժերը դատապարտված էին հիասթափություն պատճառել: Չեն հիասթափեցնում եւ «կուսական» մաքրությունը պահպանում են այն քաղաքական միավորումները, որոնց գործունեությունը սահմանափակվում է միայն նպատակների եւ ծրագրերի շարադրմամբ, միտինգ-ցույցերով, պառլամենտում մի քանի պատգամավորով: Լիակատար իշխանության եկածները բախվում են դաժան իրականության հետ, եւ գործունեության արդյունքը որեւէ անգամ չի արդարացնում սպասելիքները՝ նույնիսկ անհամեմատ բարվոք վիճակում գտնվող երկրներում: Հասարակ մահկանացուի համար անկախությանն ու հաղթանակին ոգեղենություն պետք է հաղորդեր Սիլվա Բարունակովնան, որովհետեւ մտավորականն է «ազգի խիղճը», որին անվերապահորեն հավատում էր հայը: Չհաղորդեց: Ստալինին բալլադներ ձոնած, Պաստեռնակին եւ այլ մեծերի անարգանքի սյունին գամած, սփյուռքահայերի հետ «ժողովուրդների անխախտ բարեկամության» մասին պարբերաբար քաղպարապմունքներ անցկացրած մեծապատիվ տիկինն այդպես էլ բարի բառ չգտավ հայ զինվորին, բանակին, անկախությանը ձոնելու, հայ մարդուն հավատավոր դարձնելու: Իշխանությանն ատելը տիկնոջ անբեկանելի իրավունքն էր, բայց այդ ատելությունը երկրի, բանակի, անկախության վրա տարածելը՝ անթույլատրելի: Եվ արդյունքում ստացանք այն, որ անկախության առաջին տարիներն այսօր զուգակցվում են ոչ թե հատուկ գնդի, բանակի ստեղծմամբ, այլ նույն այդ բանակի կայացման համար Երեւանում արված մի քանի շուրջկալով, ոչ թե տնտեսական անասելի դժվարությունների աստիճանական հաղթահարմամբ, այլ Բագրատյանի «Մարլբորոյով», ոչ թե պետական ինստիտուտների կայացմամբ, ազատ խոսքի, եռագույնի, ազգային արժեքների վերադարձմամբ, այլ արտասահման փախած Եսայի Ստեփանյանով: Ամեն ինչ արվեց, որպեսզի ժողովրդի հավաքական հիշողությունը ընտրի այլ խորհրդանիշներ՝ թանկարժեք սիգարետ, ջիպ, ցուրտ, դավաճանություն, չարություն… Խորհրդանիշներ, որոնց ետեւում աղբ է, դատարկություն, հուսահատություն: Կրկնեմ միտքս: Ժխտելով անցյալը, պետք էր նոր ազգային գաղափար մոգոնել: Կանգնեցին պատերազմի վրա… Ազգիս «ընտրյալը» չի ցանկանում հասկանալ, որ այսօր շատ վաղ է գնահատել ղարաբաղյան պատերազմը հաջողության կամ պարտության հարթության մեջ: Բայց ոչ, Ղարաբաղը հորով-մորով արին, հիմա էլ «Արազը պետք է խփենք, անցնենք»: Մտերմիկ զրույցներում էլ լուրջ դեմք են ընդունում եւ ականջիդ փսփսում՝ «Հո չխփինք, անցանք: Շատն ուզենք, որ մերը ստանանք»: Իսկ եթե չտա՞ն: Ուժերից շատ ուզելը, բայց ոչինչ չստանալը համաշխարհային գրականության «հավերժ սյուժեներից» է (ուրիշ բան չէ, գոնե Պուշկինի «Ոսկե ձկնիկը» կարդացել եք, չէ՞): Ո՞ւմ վրա են հույսը դրել այդ «ուտիքցիներն» ու «սարիղամիշցիները»: Ժողովրդի այն զգալի մասի վրա, որի սկզբունքն է ubi bene ibi patria (այնտեղ է հայրենիքը, որտեղ լավ է): Նորից կաղաղակեն, որ վիրավորում եմ մեր իմաստուն, հին, բազմաչարչար ժողովրդին: Ուրեմն, խոստովանենք, որ հայը լքում է Հայաստանը անտանելի համարելով այստեղի կյանքը: Կամ մեկն է, կամ մյուսը: Ինչքա՞ն կարելի է մարդկանց հիմարացնել, թե մինչեւ հիմա այստեղից Տեր-Հուսիկի մորուքն է քշում ժողովրդին: Թե հույսը Աստծո զորությունն է: Բայց այդ երբվանի՞ց հավատացյալ դարձանք: Սուրբ զատիկն է մոտենում, գնացեք փողոցներում հարցրեք դա ի՞նչ տոն է: «Էն որ կուշտ-կուշտ ներկած ձու են ուտում (իհարկե ազգային թարխուն-լավաշով) եւ հին ու նոր մեռելներին են այցելում»: 1700-ամյակն էլ գալիք տուրիստների քանակի ճիշտ գուշակելու վիկտորինայի է վերածվել: Ի՞նչը մնաց: Քաղաքական ազդեցությունը աշխարհում, փողը, ատոմային զենքը, ի՞նչը: Խոստովանում եմ, որ սրանք դատարկ հարցադրումներ են: Այսօրվա «ուտիքցիները» ժամանակին մատը մատին չեն խփել պետության ստեղծման գործում: Բայց ինչո՞ւ են լռում մյուսները. նրանք, ում համար պետությունը անհրաժեշտություն էր: Այն պետությունը, որտեղ պետք է հող մշակվի, շենք ու ճանապարհ կառուցվի, բանակ ամրապնդվի, ապրելու, աշխատելու արժանապատիվ պայմաններ ստեղծվի երկրի ամեն մի քաղաքացու համար: Սա եւ միայն սա է ազգային գաղափարի փոքրագույն պահանջը: Քի՞չ է: Արեք ավելին, պարոնայք «գարդմանքցիներ»: Հրաժարվեք սեփական տնից, բարեկեցիկ մայրաքաղաքային կյանքից՝ հանուն Կարմիրում կամ Մարտակերտում մի խրճիթի, մի հողակտորի, եւ սա կլինի իրական հայրենասիրությունը, փորձությունը եւ մարտահրավերը աշխարհին ու հակառակորդին: Եվ ձեզ կհետեւեն հազարները: Բայց ոչ, ակադեմիկոս եւ ծնունդով ղարաբաղցի Աղալովյանն առաջարկում է ընդամենը բանտարկյալներ ուղարկել իր պատմական հայրենիք: Նույն կե՞րպ ենք վերաբնակեցնելու Նախիջեւանը, Ուտիքը, Գարդմանքը, Շարուրի հարթավայրը: Ինչո՞ւ մինչեւ հիմա 100 տոկոսով չենք բնակեցնում Լեռնային Ղարաբաղը: Ի՞նչ արհավիրքներով պետք է անցնի Հայաստանը, որպեսզի հասկանանք բոլորս՝ մեր երկրի ինքնիշխանությունը եւ նույնիսկ գոյությունը երաշխավորված է այնքան, որքան տասնյակ այլ փոքր երկրներինը, որոնց աշխարհաքաղաքական դիրքը դարձնում է նրանց հարեւան պետությունների եւ գերտերությունների հեռահար նպատակների թիրախը: Այս պայմաններում միթե շատ մեծ հայրենասիրություն է հարուցել հարեւանների թշնամանքը: Ինքնապաշտպանությանը միտված առողջ ռազմատենչությունը, որի շնորհիվ ազատագրվեց Արցախը, ազգիս «ընտրյալները» վերածում են ագրեսիվ միլիտարիզմի, տարածքային էքսպանսիայի: «Հաց, սեր, արքայություն» են երազում ազգիս «նվիրյալները», կստանան համաշխարհային գրականությունից բոլորիս համար քաջ ծանոթ «ջարդած տաշտակը»: ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ Վերջը՝ հաջորդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել