Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Ապրիլ 07,2001 00:00

«Պետք է զոհվեի՞, որ գնահատեիք» Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նամակների բաժին կատարած բազմաթիվ այցերից հետո օգոստոսին Ձեզ հասցեագրած նամակը ուղարկվել է Ազգային հեռուստատեսություն։ Հունվարին նամակների բաժնում վերջապես ծանոթացա Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պատասխանին։ Դա իրականության խեղաթյուրում է։ Չարդարացնող փաստարկներով մերժել է արցախյան կյանքը լուսաբանող հաղորդաշարի վերականգնումը, նսեմացրել է «Արցախյան տարեգրություն» ծրագրի նշանակությունը, դրանով՝ նաեւ իմ. ստվեր գցելով նամակում ներկայացված լրագրական վաստակիս վրա։ Նամակների բաժնում եւ հեռուստատեսությունում հայտնել եմ, որ այդ պաշտոնական կեղծիքի համար պրն Նաղդալյանի նկատմամբ հայց եմ ներկայացնելու դատարան (թող որոշեն՝ ով է իրավացի), սակայն դրա համար անհրաժեշտ պատասխանի պատճենը հրաժարվում են ինձ տրամադրել ե՛ւ նամակների բաժնի վարիչը, ե՛ւ հանրային հեռուստատեսության ու ռադիոյի խորհրդի նորընծա նախագահ-հաճկատար պրն Նաղդալյանը։ Ավելի ճիշտ՝ ստեղծել են կախարդական շրջան. մեկը մյուսի վրա է գցում… Փետրվարի 6-ին կրկին դիմեցի Ձեզ, այս անգամ՝ հեռագրով. «Պրն Քոչարյան, կյանքիս 10 տարիները նվիրել եմ հակամարտող Արցախին, իսկ Դուք 5 րոպե չե՞ք գտնում՝ ծանոթանալու եւ պատասխանելու Ձեզ հասցեագրած նամակին։ Ակնկալում եմ պատասխան։ Հարգանքներով՝ Ռենալ Միրզոյան»։ Սակայն կրկին մնացի անպատասխան։ Ավելի քան 8-ամսյա ապարդյուն ջանքերից հետո որոշեցի հրապարակել նամակը։ Եթե բարձրացված հարցերի, հատկապես, Արցախից մշտական հաղորդումները վերականգնելու ուղղությամբ չձեռնարկվեն կոնկրետ քայլեր, կպարզվի Ձեր իրական վերաբերմունքը Արցախի, նրա անկախության համար զենքով ու գրչով պայքարած մարդկանց նկատմամբ, եւ մտածել կտա, որ Ձեր գործունեությունը, հատկապես վերջին տարիներին, հիմնականում անձնական նպատակ է հետապնդում։ Առաջին անգամ մենք հանդիպեցինք 89թ. հուլիսի 18-ին, Հաղթանակի հրապարակում, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովի Ստեփանակերտ ժամանելու նախօրեին, որի առիթով էլ կայացավ բազմահազար միտինգ։ Այդ օրը, ձեզանից հետո, ելույթներ ունեցանք Բորիս Դադամյանը, Վալերի Աթաջանյանը, Համլետ Գրիգորյանն ու ես։ Մեր երկրորդ հանդիպումը 90թ. մայիսի սկզբներին էր։ Այդ օրերին գեներալ Սաֆոնովը արգելել էր Ստեփանակերտից տրվող ոչ միայն հեռուստատեսային, այլեւ՝ ռադիոհաղորդումները, իսկ «Խորհրդային Ղարաբաղ» թերթը ենթարկվում էր խստագույն գրաքննության։ Նա փորձում էր շրջափակել նաեւ Արցախից տրվող լրատվությունը։ Ահա ինչու մայիսյան «Արցախն այսօր» հաղորդաշարը ռադիոյով հեռարձակելուց հետո այդ նյութերի լրագրական տարբերակները հրապարակել տվեցի «Երեկոյան Երեւան», «Գրական թերթ», «Հայրենիքի ձայն», «Ուրբաթ» եւ «Կոմսոմոլեց» թերթերում։ 1992-ի մայիսից Հայաստանի նաեւ հեռուստատեսության հատուկ թղթակիցն էի Արցախում։ Մայիսի 18-ին, Լաչինի գրավման իսկ օրը, Երեւանից ցուցադրվեց այդ պատմական հաղթանակին նվիրված իմ հաղորդումը, իմ մարտական առաջին մկրտության հաղորդումը։ Հետո… Շահումյանի անկում, Մարտակերտ, Հադրութ, Ասկերան շրջանների զգալի մասի բռնագրավում, մարտեր համարյա Ստեփանակերտի մատույցներում, «ՍՈւ-25» ինքնաթիռով ԼՂՀ մայրաքաղաքի բարբարոսական ռմբակոծումներ, մանուկների, ծերերի ու կանանց արտագաղթ… Սակայն նույնիսկ այդ օրհասական օրերին արցախահայության անկոտրում կամքն ու փորձություններին դիմակայելու ոգին էր արտացոլվում «Արցախյան տարեգրություն» հեռուստածրագրում… Դամոկլյան սրի նման, ավելի քան 8 ամիս, Արցախի վրա կախված «լինել-չլինելու» հարցն ավարտվեց 93-ի փետրվարյան հաղթարշավով, որը չհաջողվեց Ադրբեջանին կասեցնել դեկտեմբերից սկսված «կայծակնային հակահարձակմամբ» եւ ջախջախիչ պարտություն կրած թշնամին ստիպված էր նստել Բիշքեկյան բանակցությունների սեղանի շուրջ, նաեւ ԼՂՀ ներկայացուցիչների հետ… Այս ամենն արտացոլվել է «Արցախյան տարեգրությունում», նաեւ՝ միջազգային բանակցությունները, արտասահմանյան պատվիրակությունների այցելություններն ու օգնությունը, հատկապես Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ, ավերակված բնակավայրերի վերակառուցումը, տունդարձը, ետպատերազմյան շրջանում տնտեսության վերականգնումը, մշակույթը… Մինչեւ 97թ. հունիսը, մինչեւ գործուղման միջոցներ չունենալու պատրվակով «Արցախյան տարեգրություն» ծրագրի փակելը։ Այդ անօրեն գործողության դեմ հանդես եմ եկել քննադատական հոդվածով, հարցազրույցով, որոնք հրապարակվել են նոյեմբերին «Գոլոս Արմենիի», «Հայոց աշխարհ» թերթերում, «Պրոգրամմի ի պրոգնոզ»-ում։ Սակայն՝ անօգուտ։ Այսօր էլ Ազգային հեռուստատեսությունում, բացի Ցվետանա Պասկալեւայի «Ասպեկտ»-ից, չկա մշտական գործող ծրագիր, որը պարբերաբար եւ բազմակողմանի ներկայացներ Արցախը, որի հիմնախնդիրների լուծման հետ է մեծապես կապված Հայաստանի ճակատագիրը։ Կխնդրեի մտածել այդ ուղղությամբ։ Մի հանգամանք եւս։ Արցախյան բազմաբնույթ կյանքը պատկերող շուրջ 80 ժամ, կամ մոտ 2500 էջ ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումներ ֆոնդավորված են ձայնագրությունների պետական պահպանության եւ Հայաստանի ազգային հեռուստատեսության արխիվներում։ Դա իրագործվել է զոհողությունների գնով. համարյա մոռացել էի տուն, ընտանիք… Կյանքում երբեք անհամեստ չեմ եղել։ Սակայն ինչ-որ տեղ վիրավորական է, երբ չեչենական պատերազմը մի քանի ամիս լուսաբանողը արժանանում է կառավարական պարգեւի՝ լրագրական խիզախության համար, իսկ ես, որ տարիներ շարունակ եղել եմ ռազմաճակատի առաջին գծում, տեսել եմ մահ ու ավեր, տարել դժոխային հոգեկան ապրումներ, մատնված եմ մոռացության… Պետք է զոհվեի՞, որ կատարածս գնահատվեր ըստ արժանվույն։ Հարգանքներով՝ ՌԵՆԱԼ ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել