Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց Արցախյան պատերազմի մասնակից, Կանանց հանրապետական կազմակերպության նախագահ, բժշկուհի, կապի

Ապրիլ 07,2001 00:00

«Կին-ազատամարտիկների թանգարան կստեղծենք» Հարցազրույց Արցախյան պատերազմի մասնակից, Կանանց հանրապետական կազմակերպության նախագահ, բժշկուհի, կապիտան Աիդա Սերոբյանի հետ – Ե՞րբ, ինչպե՞ս հայտնվեցիք Մարտակերտում, ռազմաճակատի առաջին գծում։ – Երբ սեւ ամպեր կուտակվեցին եւ հայոց սահմանամերձ տարածքների, շեների վրա կրակ տեղաց՝ մեր պապերի՛, զոհված ազատամարտիկների արյա՛ն կանչով, ինքնակա՛մ մեկնեցի գործող բանակ. նախ՝ որպես բժշկուհի, իմ ուժերի ներածի չափով օգնելու վիրավոր զինվորներին, իսկ հարկ եղած դեպքում՝ ջոկատի կազմում մարտնչելու։ Մինչեւ բանակ մեկնելս Երեւանում մասնակցել եմ 70-ամյա թմբիրից դուրս եկած մեր ժողովրդի՝ ղարաբաղյան հարցի արդար լուծման պահանջով կազմակերպված ցույցերին՝ հավատալով գորբաչովյան վերակառուցման ծրագրերին… Արցախում իմ անցկացրած երեք տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ մարտերի. հիմնականում Մարտակերտի տարածքները թշնամուց ազատագրելու մարտական գործողություններին։ Վիրավորվել եմ երեք անգամ։ Առաջին անգամ վիրավորվեցի Դրմբոնի պաշտպանական մարտում։ Ականի բեկորներից դեռ մնում են իմ ձախ թեւում։ – Այժմ շատ է խոսվում Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման առնչությամբ ինչ-որ տարածքների զիջման մասին։ Ձեր կարծիքը։ – Հայ ժողովրդի բնօրրան Ղարաբաղի տարածքներից, որոնք ազատագրվեցին հազարավոր հայ ազատամարտիկ երիտասարդների արյան գնով, այրիացած կանանց, բազմահազար երեխաների որբացման գնով, տարածքների զիջման մասին խոսելն անգամ անհեթեթ է հնչում։ – Մարդու բնավորության ո՞ր գծերն եք ամենից բարձր գնահատում։ – Ազնվությունը, բարությունը, սկզբունքայնությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը, ստեղծագործական միտքը… – Ովքե՞ր են ձեր ամենասիրած զորավարները։ – Սուվորովը, Ժուկովը, Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը… – Ի՞նչ կասեք արտագաղթի, մարմնավաճառության, մեզանում բուն դնող արատավոր երեւույթների մասին։ – Արտագաղթը հիմնականում սոցիալական ծանր պայմանների հետեւանք է։ Օրվա հրամայականն է աշխատել փոքր-ինչ բարելավել առանց այն էլ ծանր օրեր ապրած մեր ժողովրդի վիճակը։ Լքել Հայաստանը, ինչպես կասեր բանաստեղծը, միեւնույն է, թե անցած դարերում զինվորը Ավարայրում լքեր զորավար Վարդանին՝ թողնելով միայնակ, կամ Անի քաղաքը պաշտպանելու փոխարեն՝ թշնամուն հանձնվեին քաղաքի բանալիները… Ինչ վերաբերում է մարմնավաճառներին, որոնք իրենց ավելի ազատ, ապահով են զգում առավելապես արտասահմանում՝ օրենքի խստությամբ պետք է պատժվեն, որպեսզի կանխվի նմանների հետագա աճը։ – Ե՞րբ ստեղծվեց Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական կազմակերպությունը եւ ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնում։ – Կազմակերպությունը ստեղծվել է 1998թ., ունի պատերազմի մասնակից կանանց 150 անդամ։ Այն ունի ծրագիր, որով եւ առաջնորդվում է։ Լույս է ընծայվում «Խիզախ հայուհի» ամսաթերթը ու անվճար բաժանվում։ Թերթի հիմնական նպատակն է հայրենասիրության կրակը բորբոքել ու այն վառ պահել փորձությունների բովով անցած ազատատենչ ժողովրդի ու մատաղ սերնդի հոգում ու սրտում։ Միությունը հանդիպումներ է կազմակերպում պատերազմի վետերանների հետ՝ Հայաստանի մարզերում։ Արցախում հանդիպումներ-զրույցներ է անցկացվել գեներալ Աստվածատուր Պետրոսյանի, Գյումրիի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Համլետ Մաթեւոսյանի ու այլ զինվորական բազմափորձ մարդկանց հետ։ Մեծ տեղ է հատկացվում նաեւ պատերազմին մասնակցած կանանց ու ազատության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած երիտասարդ հայորդիների մասին գրված հուշերին։ Անցյալ տարի, օգոստոսին, «Խիզախ հայուհի» թերթի հովանավորներ Էդիկ եւ Քնարիկ Էրմիյան ամուսինների հետ, որոնք ժամանել էին Թեհրանից, եղանք Եռաբլուրում, ապա շրջագայեցինք Արցախում։ Եղանք Շուշի, Ստեփանակերտ քաղաքներում, Գանձասարում, ազատագրված Քարվաճառում, որտեղ մեր բարերարների շնորհիվ կառուցվել է հանրակրթական երկու դպրոց։ Միությունը առաջիկայում կապ է ստեղծելու Ջավախքի ազգային թանգարանի հետ, որտեղ Արցախյան հերոսամարտին մասնակցած ջավախեցի ազատամարտիկներին նվիրված բաժին է բացվել։ Որոշել ենք Երեւանում հիմնադրել կին-ազատամարտիկներին նվիրված թանգարան։ Զբաղվում ենք պատերազմին մասնակցած կանանց օգնության խնդրով։ Նրանց երեխաների ուսման ընթացքին ենք հետեւում, առողջարանների ուղեգրեր ձեռք բերում։ ՌՈԲԵՐՏ ԹՈՎՄԱՍՅԱՆ բանակի սպա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել