Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնեք,

Ապրիլ 07,2001 00:00

ԵՐԲ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Համաձայնեք, նախադեպ է այն, որ հասարակական կազմակերպության նախագահը դատի է տալիս կառավարության պատասխանատուին, այն է՝ վարչապետին։ Եւ այդ նախադեպը ստեղծվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի համար, երբ «Պաշտոնատար անձի անգործության մասին» քաղհայցով դատարանին դիմեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ Վերջինս հիշեցնում է «Հաղթանակ» զբոսայգու տարածքից կատարված հողհատկացման, այնտեղ հյուրանոցային համալիր կառուցելու մասին մամուլում բազմիցս չարչրկված հարցը։ Հիշեցվում է նաեւ այն, որ հանրապետության նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը դիմել էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նշելով օրինախախտումների մասին եւ, ինչպես հայցվորն է ձեւակերպել՝ «ակնկալելով ՀՀ վարչապետի օպերատիվ միջամտությունը խնդրի կարգավորման հարցում»։ Ի դեպ, Կանաչների միության նախագահն ակնկալում է հայցի քննության ժամանակ որպես վկա դատարան հրավիրել նաեւ էքս-դատախազ Բորիս Նազարյանին, էքս-քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, ինչպես նաեւ Բուսաբանական ընկերության նախագահ Էլեոնորա Գաբրիելյանին եւ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանին։ Հայցվորը հնարավոր պատասխանող Անդրանիկ Մարգարյանին հիշեցնում է մամուլի այն հրապարակումները («Գոլոս Արմենիի», «Ավանգարդ», «Հայոց աշխարհ», «Առավոտ», «Իրավունքի անատոմիա» հաղորդում…), որում հարցի անդրադարձը կար, եւ հիշեցնում, որ ըստ «Մամուլի եւ զանգվածային մյուս միջոցների մասին» օրենքի, ՀՀ վարչապետը պարտավոր էր բողոք-ահազանգերին պատասխանել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում։ Կանաչների միությունը, համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, դիմում-բողոք է գրել այդ կապակցությամբ, որը կառավարությունում գրանցվել է 2000թ. դեկտեմբերի 27-ին, սակայն պատասխան չի եղել։ Մեր բազմաթիվ հեռախոսազանգերի արդյունքում միայն պարզվեց, որ այդ դիմումը քննարկվում է։ Հակոբ Սանասարյանը նաեւ դժգոհում էր, որ «երեք ամիս շարունակ չենք կարողանում Անդրանիկ Մարգարյանից որեւէ պատասխան ստանալ, եւ պարտավորեցնել պատասխանողին հարգելու ՀՀ Սահմանադրությունը եւ պատասխանելու մեր նամակին»։ Որքան իրազեկ ենք, հայցվորին իրավաբանական օգնություն է ցույց տալիս «Օգոստոսի 23» իրավապաշտպան կազմակերպությունը։ Աշխարհը կարգավորիչ օրենքներ ունի այս կապակցությամբ, անգամ սահմանված է «Բողոքների քննարկման արարողակարգը», հրավիրվում են «Բողոքների քննարկումների կոմիտեի» նիստեր։ Սահմանված է անգամ կառավարական ինֆորմացիայի մատչելիությունը։ Գերմանայի մամուլի մասին օրենքով մերժում ստանալու դեպքում (խոսքը տեղեկատվություն ժամանակին ստանալու մասին է) մամուլը կամ նրա ներկայացուցիչը կարող է դատի տալ իշխանություններին։ Նիդեռլանդներում «արդարացի եւ ժողովրդավարական կառավարության» իմիջը ստեղծվում է այնժամ, երբ իրականանում է նրանց Սահմանադրության 110 հոդվածը, որը կառավարությանը պարտադրում է որոշակի տեղեկություններ տալ, «խախտել լռությունը», մանավանդ երբ խոսքը «Հաղթանակ» զբոսայգիների հաշվին հողհատկացումներ կատարելու մասին է եւ ոչ պետական անվտանգության։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել