Լրահոս
Օրվա լրահոսը

Բիայնա Կիրակոսյանը, որի մանկությունն անցել է Հոլանդիայում, իր կյանքը չի պատկերացնում առանց սպորտի, մ

Ապրիլ 07,2001 00:00

ՇԱԽՄԱՏԻ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՀԱՅՈՒՀԻ Է Բիայնա Կիրակոսյանը, որի մանկությունն անցել է Հոլանդիայում, իր կյանքը չի պատկերացնում առանց սպորտի, մրցույթների ու հաղթանակների։ Բիայնան ընդամենը տասներեք տարեկան է, ծնվել է Հոլանդիայի Լայդն քաղաքում, 1988 թվականին։ Ծնողները պարսկահայ են եւ մանկուց հոգ են տարել դստեր ուսման եւ կրթության մասին։ Սիրելով եւ հավասարապես զբաղվելով մի քանի սպորտաձեւերով (լող, թենիս, շախմատ, հեծանվավազք)՝ Բիայնան նախապատվությունը տվել է շախմատին եւ իր կյանքի նպատակը համարում է շախմատի ասպարեզում հաղթանակներ տանելը։ Տասներեքամյա աղջնակը Հոլանդիայում անցկացվող շախմատի մրցույթներում մշտական հաղթող է ճանաչվել իր, ինչպես նաեւ իրենից բարձր տարիքի աղջիկների եւ տղաների շրջանում։ Շախմատի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Բիայնայի մեջ ծնվել է մանկուց։ Դրան նպաստել է հայրը՝ աշխատանքներ տանելով այդ ուղղությամբ։ Հոլանդիայում Բիայնան շախմատի չեմպիոն է ճանաչվել 1997 թվականին (6-10 տարեկանների շրջանում), 1998-ին՝ Նիդեռլանդներում (10 տարեկանից բարձր տարիքային երեխաների շրջանում), նույն թվականին տարել է եւս մեկ հաղթանակ, որտեղ տարիքով իրենից բարձր աղջիկների եւ տղաների շրջանում գրավել է 3-րդ տեղը, 1999-ին՝ 3-րդ տեղը եւ 2000-ին՝ 6-րդ տեղը՝ 12-ից բարձր տարիքի երեխաների շրջանում։ Շախմատից բացի, Բիայնան առաջատար է նաեւ ուսման մեջ. սովորում է գերազանց, խոսում է հայերեն եւ փորձում սովորել հայերեն գրել։ Փոքրիկ Բիայնան Հայաստանը երբեք չի տեսել։ Նա երազում է գալ Հայաստան եւ մասնակցել շախմատի մրցույթներին։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել