Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» մարտի 31-ի համարում հրապարակված Վիկտոր Պետրոսյանի «Քաղաքապետը չի ենթարկվում

Ապրիլ 07,2001 00:00

Ղալմաղալ՝ դատից առաջ «Առավոտի» մարտի 31-ի համարում հրապարակված Վիկտոր Պետրոսյանի «Քաղաքապետը չի ենթարկվում դատարանին» հոդվածում շարադրված փաստերը իրականությանը չեն համապատասխանում եւ մեր պարտքն է այս կապակցությամբ թերթի միջոցով վերհանել որոշ ուշագրավ մանրամասներ։ Այսօր Սիսիանում դժվար թե գտնվի մեկը, որ ժխտի հետեւյալը. Սիսիանի քաղաքապետի ընտրությունից ի վեր քաղաքապետարանում յուրաքանչյուր եռամսյակը մեկ տեղական լրատվամիջոցների մասնակցությամբ ամփոփվում է տվյալ ժամանակահատվածի գործունեությունը եւ պարզաբանվում նախընտրական խոստումների կատարման ընթացքը։ Ինչ խոսք, քաղաքում կգտնվեն եւ մարդիկ, որոնց խիստ «նյարդայնացնում» են պրն Սարգսյանի ջանքերը կարգուկանոնի հաստատման եւ ընդհանուր առաջընթացը խթանելու ուղղությամբ։ Չէ՞ որ վաղը մյուս օրը, իրենց չեղած դիվիդենդները ներկայացնելու փոխարեն, իրենց հարուստ «հումք» է պետք մարդուն քննադատելու համար, ինչը Հայաստանում արդեն սովորույթ է դարձել։ Թեեւ ՀՀ կառավարության որոշմամբ համայնքի դպրոցների ղեկավարումը հանձնված է համայնքներին, այնուամենայնիվ, հիմնական ղեկավարումն իրականացվում է մարզպետարանի իրավասու բաժնի կողմից։ Մի շարք անգամներ այդ բաժնի կողմից դժգոհություն է արտահայտվել նշյալ դպրոցի տնօրենի աշխատանքների կապակցությամբ։ Այդ պարագայում քաղաքապետ Սարգսյանը, հաշվի առնելով տնօրենի երիտասարդ տարիքը, պարբերաբար հնարավորություն է ընձեռել Վ. Պետրոսյանին շարունակել աշխատանքը (այդ մասին ինքն ավելի քան տեղյակ է)։ Սակայն 2000թ. հոկտեմբերի 18-ին, Սյունիքի փոխմարզպետի գրությամբ (որում ամրագրված են հիշյալ տնօրենի կողմից որոշակի խախտումների փաստեր) առաջարկվում է դպրոցական խորհրդում քննարկել Վ. Պետրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը։ Հոկտեմբերի 25-ին դպրոցի խորհուրդը (ընդ որում՝ նույն խորհրդի միջոցով էր Վ. Պետրոսյանը դարձել տնօրեն) փաստերն ուսումնասիրելով եւ քննարկելով փոխմարզպետի առաջարկը, միաձայն որոշում է ոչ նպատակահարմար գտնել նրա հետագա աշխատանքը դպրոցի տնօրենի պաշտոնում։ Քաղաքապետին այլ բան չէր մնում, քան ընդառաջել դպրոցական խորհրդի որոշմանը։ Սյունիքի առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը, վերաքննիչ դատարանը բավարարել է այն։ Առջեւում ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռն է։ Ավելորդ չենք համարում նշել, որ անտեսելով այն հանգամանքը, որ հիշյալ քաշքշուկը բացասաբար է անդրադառնում դպրոցի ընդհանուր մթնոլորտի վրա, քաղաքապետը, վճիռը ստանալուն պես, Վ. Պետրոսյանին տնօրենի պաշտոնում վերականգնելու կարգադրություն է արձակել։ Սակայն Վ. Պետրոսյանը տեղյակ լինելով, որ հարցը օրերս քննվելու է վճռաբեկ դատարանում, որոշել է գնալ «ճնշում գործադրելու» ճանապարհով, ինչը Հայաստանում, ինչպես գիտեք, առանց ղալմաղալ բարձրացնելու չի լինում։ ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Սիսիանի քաղաքապետի խորհրդական Երեկ, երբ հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, Մ. Եղիազարյանը տեղեկացրեց, որ վճռաբեկ դատարանը երեկ մերժել է Վիկտոր Պետրոսյանի հայցը, այսինքն՝ դպրոցի տնօրենի պաշտոնից վերջինս դարձյալ կազատվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել