Լրահոս
Օրվա լրահոսը

Ղուշչյանական պատրաստակամությամբ լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտարարեց քաղաքապետարանի կրթության

Ապրիլ 07,2001 00:00

«ՀԻՄԱ ԶԱՆԳԱՀԱՐԵՄ, ԱՅԴ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵՄ» Ղուշչյանական պատրաստակամությամբ լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտարարեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը՝ խոստանալով դասագրքով, տետրով, գրիչով ու հագուստով ապահովել բոլոր կարիքավոր դպրոցականներին։ Պարոն Վաթյանը չափազանցված է համարում այն փաստարկը, թե շատերը դպրոց չեն հաճախում հագուստ ու գրենական պիտույքներ չունենալու պատճառով։ Կրթության վարչության պետը վստահեցնում է՝ բարեգործական կազմակերպությունների պահեստներում «ահռելի քանակությամբ հագուստ կա», մեքենաներով բերել- լցրել են։ Ճիշտ է, դրանք «գուցե մոդայի վերջին ճիչին համապատասխան չեն», բայց… Ու «այդ կազմակերպությունները ուրախ կլինեն, իրո՛ք ուրախ կլինեն», եթե պարոն Վաթյանը դիմի իրենց օգնությանը։ «Սիրով կօգնեն, նաեւ տետր ու գրիչ կհատկացնեն, տետրը այն խնդիրը չէ, որ երեխան այդ պատճառով դպրոց չհաճախի»,- հայ ժողովրդի շքեղ վիճակից ծնված լավատեսությամբ պնդեց Օնիկ Վաթյանը՝ համոզված, որ նման պրոբլեմներ ունեցող աշակերտներ չենք կարող ունենալ։ Հարցը լուծված է, ըստ նրա՝ «խնդիր չկա»։ Խնդիր ունեցողները թող պարոն Վաթյանի լավատեսությամբ զինված դիմեն քաղաքապետարանի կրթության վարչությանն ու թաղապետարաններին եւ վերջիններս, ըստ Օ. Վաթյանի, ուղղակի երջանիկ կլինեն նրանց օգնել։ Կրթության վարչության պետը «անկեղծորեն շնորհակալ կլինի», եթե տեղեկացնենք այն կարիքավոր ընտանիքների մասին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախում հագուստ ու տետր չունենալու պատճառով։ Ու եթե այսքան ճոխ հավաստիացումներից հետո ինչ-որ մեկը հանկարծ մերժի այդ ընտանիքներին, դիմե՛ք «Առավոտին», Օնիկ Վաթյանին տեղյակ կպահենք, գուցե ինքը չիմանա՞։ Բայց լրագրողներիս պարոն Վաթյանն այնքան էլ չի սիրում։ Իրենք օր ու գիշեր աշխատում են, «երբեմն աշխատանքային օրն ավարտվում է կեսգիշերին», իսկ լրագրողները գրում են ոչ թե իրենց հերոսական աշխատանքի, կատարած մեծ-մեծ գործերի, այլ ե՛-զա՛-կի՛ թերությունների մասին։ Կրթության վարչության պետի ներկայացմամբ՝ փոխանակ ցույց տան, թե ինչպես է քաղաքը մաքրվում, ցույց են տալիս «ինչ-որ մի անկյուն, որտեղ դեռեւս կա աղտոտված մի վայր»։ Պարոն Վաթյանը սպառնաց. «Որեւէ խոսք չունեմ ասելու, ես ավելորդ եմ համարում անգամ նման լրատվամիջոցներին կամ թղթակիցներին որեւէ մեկնաբանություն տալ»։ Նույնիսկ պարոն Վաթյանն է խոստովանում, թե կան թերություններ եւ «հրաշալի է, որ լրագրողները հուշում են իրենց այդ մասին, բայց հուշման բազմաթիվ ձեւեր կան»։ Լրագրողների «հուշելու» մի ձեւ է միայն մեզ հայտնի՝ հոդված գրելը կամ ռեպորտաժ անելը, իսկ թե «հուշելու» ինչ ձեւեր գիտի Օնիկ Վաթյանը, անհայտ մնաց։ Դպրոցներում առկա թերությունները մեղմելու բնական մղումով՝ կրթության վարչության պետը թեեւ ընդունեց դպրոցներում դրամահավաքների փաստը, բայց վստահեցնում էր, թե դա հիմնականում օրինական է։ Ասենք, դպրոցներին ՀԲ-ի կամ այլ վարկատու կազմակերպությունների վարկերի տրամադրման պայմաններից մեկն է, որ գումարի 10%-ը ծնողական համայնքը պիտի ներդնի։ Թեպետ նման դպրոցներն այնքան էլ շատ չեն, բայց պարոն Վաթյանը պնդեց, թե «բոլոր դրամահավաքները այդ 10%-ի շրջանակներում են»։ Իր բոլոր նախորդների նման՝ կրթության վարչության պետը կրկնեց, թե դրամահավաքները պիտի չլինեն կամ՝ միայն կամավորության հիմունքներով։ Ու այդ գործընթացը պիտի լինի «թափանցիկ, բոլորի աչքի առջեւ, որպեսզի ստվերային գործունեություն չծավալվի եւ դրա հետ կապված որեւէ լրատվամիջոց կամ անձ չփորձի ինչ-որ մի բան ասել այս կամ այն տնօրենի հասցեին»։ Պարոն Վաթյանը բնականաբար անդրադարձավ թափառաշրջիկ եւ մուրացկան երեխաներին դպրոց տանելու «հույժ կարեւոր խնդրին»։ Հուզիչ պատմություններ պատմեց այն մասին, թե ինչպես են իրենք այդ երեխաներին լողացնում, մաքուր հագուստ հագցնում ու դպրոց ուղարկում, իսկ նրանք հաջորդ օրը դարձյալ փախչում են դպրոցից՝ փողոցում մուրալու։ Իսկ երբ ծնողներից մեկին առաջարկել են հավաքարարի աշխատանք, ասել է, որ նրանց տված մեկ ամսվա աշխատավարձը ինքը մի օրում է մուրում։ Եվ սա զարմացրել է պարոն Վաթյանին, իսկ թե հավաքարարի 5-6 հազար դրամ աշխատավարձով ծնողը ինչպես երեխա կպահի, զարմանալի չէ։ Ի պատասխան մամուլում եղած այն լուրի, թե կրթության վարչությունը, ոստիկանության հետ ստուգում է աշակերտների գրպանները՝ պարոն Վաթյանը խրոխտ հայտարարեց. «Թաղային հեղինակությունները, որ ճնշում են դպրոցահասակ երեխաներին, պիտի՛ պատժվեն»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել