Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս խմբագրություն էին դիմել քաղաքացիներ Սիրանուշ Հովակիմյանը (70 տարեկան), Սաթիկ Առաքելյանը (43 տա

Ապրիլ 07,2001 00:00

Կիսաբաց դռների օրեր Օրերս խմբագրություն էին դիմել քաղաքացիներ Սիրանուշ Հովակիմյանը (70 տարեկան), Սաթիկ Առաքելյանը (43 տարեկան) եւ մի քանի այլ քաղաքացիներ, որոնք չցանկացան հրապարակել իրենց անունները։ Նրանք հայտնեցին, որ «այդ «բաց դռների օր» կոչվածը իրականում վճարովի է, շատ էլ թե գովազդում են անվճար, դա պարզապես հաճախորդ հավաքելու մի ձեւ է»։ Տիկին Ս. Հովակիմյանը եւ Ս. Առաքելյանը լսելով «բաց դռների օրվա» մասին, այցելել են Հանրապետական կլինիկական հիվանդանոցի Դիագնոստիկ կենտրոն, սակայն տեղում «մեզ շատ «բարեհամբույր» ձեւով բացատրեցին, որ «բաց դռների օր՝ չի նշանակում անվճար բուժօգնություն կամ հետազոտություն, այլ դա ընդամենը անվճար խորհրդատվություն է։ Սակայն, փոխարենը, երբ հետազոտությունից հետո հիվանդը բուժման կարիք ունենա, դա արդեն կիրականացվի 50% զեղչով»։ Չնայած Հանրապետական հիվանդանոցը չի գտնվում քաղաքապետարանի ենթակայության տակ, բայց նշենք, որ մյուս կանայք նույն պատասխանին էին արժանացել հենց իրենց տարածքային պոլիկլինիկաներում։ Այս խնդրի շուրջ զրուցեցինք քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Համլետ Միրզոյանի հետ, որն էլ հենց սկզբից հերքեց նման «անհիմն խոսակցությունները»։ «Նախ ասեմ, որ «բաց դռների օրերը» պարբերաբար անցկացվում են համայնքներում։ Նախօրոք տարածքային պոլիկլինիկաներում, որտեղ կան դիսպանսերներ, հաշվառվում են բոլոր խրոնիկ հիվանդները։ Առաջնահերթ նրանք են կանչվում եւ տեղի մասնագետների ուժերով անցկացվում են լաբորատոր հետազոտություններ, այսինքն՝ հիվանդին նախապատրաստում ենք, նախքան պրոֆեսորի մոտ հետազոտվելը եւ վերջնական բուժում նշանակելը»,- ասաց պրն Միրզոյանը։ Նա նշեց նաեւ, որ հիվանդները նախօրոք հերթագրվում են, ստանում են համապատասխան կտրոններ, նշանակվում են ընդունելության ժամեր։ Բոլոր պոլիկլինիկաներում, բացի առողջապահության վարչության մասնագետներից, լինում են նաեւ վարչության ներկայացուցիչները, որոնք վերահսկում են աշխատանքների ողջ ընթացքը։ Պրն Միրզոյանը բացառեց, որ «լաբորատոր, գործիքային հետազոտությունների դիմաց բուժաշխատողները հիվանդից գումար պահանջեն։ Նույնիսկ, երբ հիվանդը անհետաձգելի վիրահատության կարիք է ունենում, դա նույնպես արվում է անվճար։ Իսկ ընթացիկ բուժման դեպքում բժշկի ուղեգրով հիվանդը հրավիրվում է առողջապահության վարչություն, որտեղ նրան փորձում ենք որեւէ անվճար բուժօգնություն ցույց տալ։ Ի դեպ, «բաց դռների» ժամանակ առողջապահության նախարարության հումանիտար բազայից ստանում ենք դեղորայք, որոնք հարկ եղած դեպքում բաժանում ենք հիվանդներին»։ Տեղեկացանք, որ առողջապահության վա րչությունը նախատեսել է «բաց դռների օրերը» շարունակական դարձնել, որը կտեւի մի ամբողջ տարի։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել