Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալապես անապահով քաղաքացիները բազմաթիվ խնդիրներ են ունենում քաղաքային տրանսպորտի վարորդների հետ։

Ապրիլ 07,2001 00:00

«Ցուցակը թերի է»,- գտնում է բնակչությունը Սոցիալապես անապահով քաղաքացիները բազմաթիվ խնդիրներ են ունենում քաղաքային տրանսպորտի վարորդների հետ։ Խմբագրություն զանգահարած բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից պարզեցինք, թե ովքեր ունեն անվճար երթեւեկելու իրավունք։ Կառավարության 1999թ. որոշմամբ, անվճար երթեւեկելու իրավունք են ստացել հետեւյալ կատեգորիաների ներկայացուցիչները՝ Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողները, ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, անձնազոհ աշխատանքի համար շքանշաններով պարգեւատրված անձինք, զինծառայողները, մինչեւ 7 տարեկան երեխաները, ծերանոցներում, մանկատներում ապրող անձինք, հինգ եւ ավելի երեխա ունեցող ծնողներից մեկը, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները եւ բռնադատվածները։ Չգիտես ինչու, թոշակառուները չեն մտել այս ցուցակի մեջ։ Հավանաբար կառավարությունը նրանց դասում է ապահով խավի շարքին։ Ի դեպ, վարորդները շատ են բողոքում, որ անվճար երթեւեկում են ոստիկանները։ Վերը նշված կատեգորիային պատկանող անձինք պետք է տրանսպորտի նախարարություն ներկայացնեն անձնագիր եւ համապատասխան փաստաթղթեր։ Նրանք կստանան երեք քարտերից մեկը։ Կարմիրը հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրատրանսպորտից, կանաչը՝ մերձքաղաքայինից, դեղինը՝ քաղաքայինից։ Քանի որ քաղաքացիները բողոքում են տրանսպորտի սակագնից, թե կեսգիշերին երթուղային տաքսիների գինը բարձրանում է 150-200 դրամ, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանից ճշտեցինք, թե սակագների հետ կապված ի՞նչ օրենք է գործում։ Երթուղային տաքսիները չեն պատկանում պետական համակարգին, դրանք մասնավոր են։ Նրանք, հայտ ներկայացնելով տնտեսվարող սուբյեկտին, պարտավոր են նշել, թե ինչ գնով են պատրաստվում սպասարկել բնակչությանը։ Հիմնականում սահմանված է 50 եւ 100 դրամ։ Անօրինական է, երբ երթուղային տաքսիները պայմանավորված սակագնից գինը բարձրացնում են։ «Դա հիմնականում տեղի է ունենում գիշերվա ժամին, բայց չի կարելի վարորդներին մեղադրել, քանի որ կեսգիշերից հետո, կես ժամ սպասելով, նոր կարողանում են մեկ-երկու հոգի տեղափոխել»,- ասաց Ա. Բարսեղյանը։ Քաղաքացիները հաճախ բողոքում են մեկ դռնանի, ջարդուխուրդ ավտոբուսներից, որոնք դեռ երկու տարի առաջ գործածությունից պետք է դուրս գային։ Բայց մինչ օրս շարունակում են երթեւեկել։ Ա. Բարսեղյանը դա բացատրեց հետեւյալ կերպ. «Քանի որ ավտոբուսներ չունենք, նոր ավտոբուսներ էլ չենք ստացել, քաղաքապետի որոշմամբ, բացառության կարգով, մի դռնանի «ԿՎԶ» ավտոբուսները երթեւեկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ դրանք ծայրամասերը կապում են քաղաքի հետ, բայց չեն երթեւեկում կենտրոնով»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել