«ԹԵԺ ԳԱՐՈՒՆ ԱԺ-ՈՒՄ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «Էս ինչ ա՞»,- երեկ ԱԺ դահլիճում հավանաբար իր սպասածից շատ ավելի մեծ բազմություն տեսած Վահան Հովհաննիսյանը որքան տարակուսած ներս մտավ, այնքան մեծ վճռականությամբ էլ լքեց դահլիճը։ Հայաստանում բնակչության դեղորայքային ապահովվածության, դեղատներին ներկայացվող պահանջների եւ համանման հարցերին նվիրված խորհրդարանական լսումները, հակառակ ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանի պնդումների, բնականաբար, վերածվեցին դեղերի ներկրման նկատմամբ կիրառվող ԱԱՀ-ի շուրջ «փոխհրաձգության»։ Օրվա հիմնական զեկուցողներից պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը «գերհարգալից» վերաբերմունք դրսեւորեց երեկ ԱԺ-ում հավաքված խնդրով շահագրգիռ կողմերի բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ եւ 12։00-ին՝ ճիշտ նույն ժամին, իր նստավայրում լրատվամիջոցներին ասուլիսի հրավիրեց։ Մինչ այդ, մի քանի մշտապես ակտիվ պատգամավորների «բերանը տրվեց» ՀՀ առողջապահության նախարարի՝ դեղերի ոլորտը համակարգող տեղակալ Արտակ Զեյնալյանը։ Նրա բոլոր փաստարկներով եւ թվերով, դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառելուց հետո մեծացել են դրանց ստվերային ներկրման ծավալները։ Իսկ մինչ այդ, վերահսկվում էր «յուրաքանչյուր հատիկ» դեղորայքի մուտքը հանրապետություն։ Հավաստիանալով, որ առողջապահության նախարարությունը դեմ է եղել եւ այժմ էլ դեմ է դեղերը ԱԱՀ-ի ենթարկելուն, ինչը ստվերայնությունը մեծացնում է, Արշակ Սադոյանը խնդրեց պարզաբանել, թե ինչու է կառավարությունը մի բան հայտարարում, մի ուրիշն անում եւ արդյոք դա ստվերային գումարներ բերելու հնարավորություն ստեղծելու համար չի անում։ Ընդ որում, պրն Սադոյանը փոխնախարարին «իրավունք տվեց՝ չպատասխանելու»։ Վերջինս «օգտվեց այդ իրավունքից»։ «Բավարարելով» Վիկտոր Դալլաքյանի ցանկությունը, պրն Զեյնալյանը հավաստիացրեց, որ Հայաստանում միայն դեղերի ոլորտում մաֆիա չկա։ 13։10-ին ժամանեց Անդրանիկ Մանուկյանը եւ ելույթը սկսեց միանգամայն տրամաբանական մարտավարությամբ. «ՊԵՆ-ը հարկեր է հավաքում, դեղերը մենք չենք թանկացրել։ Դեղերը թանկացրել է ԱԺ-ն, այդ թվում նաեւ՝ Արշակ Սադոյանը»։ Թվում էր, խոսակցությունը սրանով պետք է որ ավարտվեր, սակայն պրն Մանուկյանը հարկ համարեց «որպես բիզնեսմեն» (եւ ամենեւին ոչ որպես նախկի՛ն բիզնեսմեն- Ա. Գ.) պատմել, թե ինչքան գոհ էր լինում ինքը, երբ 10% շահույթ էր ստանում։ Իսկ դեղագործները հիմա ուզում են 100-200% գերշահույթ ստանալ։ Այսպիսի գերշահույթներ ունենալ կարող են միայն նարկո եւ զենքերի բիզնեսը (Արշակ Սադոյանը տեղից նետեց՝ նաեւ բաշխիչ ցանցերը)։ «Իսկ հիմա ես կխոսեմ որպես նախարար»,- «Ը ՑպտպՐՖ 255 ծՈՑՈՔՈ» հայտնի խոսքի ոգով նետեց արդեն նախարար Ա. Մանուկյանը, եւ բացատրեց, թե դեղերից պահվող ԱԱՀ-ն ինչու չի նստել հատուկ հաշվի։ Որովհետեւ դեղ ներկրողներն իրենք պետք է այդ հարկատեսակը վճարեին հատուկ հաշվի, ինչը հաստատող ստացականի հիման վրա էլ պետք է մաքսազերծվեր նրանց ապրանքը։ «Իսկ նրանք մուծել են բյուջե»,- ասաց նախարարը։ Ամո՛թ դեղ ներկրողներին, նրանք չեն մտածել այդ «հատուկ գումարների» կարիքն ունեցող անապահովների մասին։ Բայց փառք ու պատիվ մեր մաքսավորներին, որ այդ պայմանի խախտմամբ, միեւնույն է, մաքսազերծել էին նույն անապահով խավերին այնքան անհրաժեշտ դեղորայքը։ Որպես նախարար, պրն Մանուկյանը խիստ վրդովված էր, որ անալգինի նման էժան դեղը, իրենց ստուգումներով, վաճառվում է, ասենք 700 դրամ։ Դեղատներում անցկացրած իրենց ստուգումների մասին տեղեկանքները հաղթականորեն դրեց Հայ դեղագործների միության նախագահ Ղուկաս Ուլիխանյանի սեղանին։ Վերջինս մի թռուցիկ հայացքով միայն այնտեղ հայտնաբերեց աղաղակող անգրագիտության մի օրինակ։ Ասենք այն, որ դեղահաբ անալգինի մուտքի ցածր արժեքը համեմատվում է ամպուլային անալգինի վաճառքի բարձր գնի հետ։ Պրն Մանուկյանն իհարկե մեղավոր չէր, նա դիմեց դեղագործներին. «Ձեր ներկայացրած թվերն են։ Ինչպես տվել եք, այնպես էլ գրել ենք»։ Թվերով եւ փաստարկված խոսեցին նաեւ ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ալբերտ Սահակյանը եւ «Հայդեղագործության» տնօրեն Մարգարիտ Վարդանյանը։ Ինչպես բոլորը, լրագրողները եւս սպասում էին օրենքի նախագծի հեղինակ, ֆինանսների փոխնախարար Գագիկ Արզումանյանին, որին «երկար ելույթից» առաջ հաջողեցրինք խոսեցնել։ Վերջինս անխուսափելի համարեց այս ոլորտում ստվերայնության աճը. «Եթե որեւէ ապրանք հարկվում է, ապա կա նաեւ հարկումից խուսափելու շարժառիթներ»։ Բայց չհամաձայնեց Ա. Սադոյանի այն դիտարկմանը, որ կառավարությունը ստեղծում է ստվերային գումարների հնարավորություն. «Կառավարությունը ջանում է բոլոր ոլորտներում ապահովել հարկման հավասար պայմաններ»։ Ըստ պրն Արզումանյանի, դեղերի ներկրումը ԱԱՀ-ից ազատել այսօր չի կարելի. «Այսօր արդեն քիչ թե շատ այդ հարկման դաշտը ներդրված է։ Այսինքն, հարկատուները որոշակիորեն ճշգրտել են իրենց վարքագիծը»։ Նա մի քանի այլ փորձերից մտավախություն ուներ, որ հարկի վերացումը չի բերի ցածր գների վերադարձի։ Պրն Արզումանյանն այս շուկան մրցակցային չի համարում, չնայած դեղագործների պնդումներին, որ մոտավորապես 140 ներկրող կա. «Դե, գիտեք, 140 ներկրողները կարող են պատկանել մեկ անձի»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ