Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ՝ բա ո՞ւր է փողը

Ապրիլ 07,2001 00:00

ՊԼԱՆԸ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է Կամ՝ բա ո՞ւր է փողը Ակնհայտորեն, ՀՀ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանն ապրիլի 6-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ձեռքբերումներով հպարտանալու համար։ Սակայն լրագրողներն իրենց բնավորության համաձայն խոչընդոտեցին այդ «գործընթացին»։ Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ 2001 թ. I եռամսյակում նախատեսված էր 35 միլիարդ 480 մլն դրամի բյուջեի մուտքերը։ Ընդ որում, այդ ցուցանիշը նախորդ տարվանից ավելի է շուրջ 8,5 մլրդ դրամով։ 2001 թ. I եռամսյակում ՀՀ պետական եկամուտների նախարարությունն ապահովել է 35 մլրդ 640 մլն դրամի բյուջեի մուտքեր։ «Սա իրոք առաջին անգամ է 10 տարիների ընթացքում, երբ I եռամսյակում ապահովում են բյուջետային մուտքերը։ Սա իրոք աննախադեպ երեւույթ է մեր երկրի տնտեսական կյանքում»,- հպարտորեն հայտարարեց Անդրանիկ Մանուկյանը։ Ընդհանուր առմամբ, բյուջետային մուտքերն ապահովվել են շուրջ 45 միլիարդ դրամով, որից 35 միլիարդ 640 մլն դրամը՝ հարկերն ու տուրքերն են, ոչ հարկային եկամուտները շուրջ 4 միլիարդ 900 մլն դրամ է։ Տարբեր գործառույթներից եկամուտները կազմել են մեկ միլիարդ դրամ, գրանտները (պաշտոնական տրանսֆերտները)՝ շուրջ 3,5 միլիարդ դրամ։ Պարոն Մանուկյանի հավաստմամբ՝ նախատեսված 42 միլիարդ դրամի փոխարեն, հարկահավաքներին հաջողվել է հավաքել շուրջ 45 միլիարդ դրամ։ Պետեկամուտների նախարարը հատու ձայնով շեշտեց. «Իմ ինֆորմացիան ստույգ է, համապատասխանում է իրականությանը»։ Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է պետեկամուտների նախարարը վերաբերվում մամուլում հրապարակված այն պնդումներին, թե բյուջեի մուտքերն ապահովվում են հաշվանցումների եւ կանխավճարների հաշվին՝ պրն Մանուկյանը խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել նման ինֆորմացիաներին։ Կանխավճարների առումով պրն Մանուկյանը նշեց, որ պետբյուջեով նախատեսված է յուրաքանչյուր ամիս 19 հազար տոննա բենզինի ներկրում Հայաստան։ Բենզինի վաճառքից 2 միլիարդ 300 միլիոն դրամի բյուջետային մուտքեր է նախատեսված։ Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ մարտին բենզին Հայաստան չի ներկրվել (հիշեցնենք, որ հանրապետության բենզինի հիմնական ներկրողները տրամագծորեն հակառակ կարծիքի են բենզին չներկրելու առնչությամբ)։ «Եթե նրանք որեւէ գումար էլ վճարել են, ապա մի քանի օրվա ընթացքում այդ գումարները մարվում են, եթե որեւէ մեկը դա համարում է կանխավճար, ապա չարաչար սխալվում է։ Այդ դեպքում, ես էլ ասում եմ՝ 2 միլիարդ 300 մլն դրամի բենզինից պետք է մուտք լիներ պետական բյուջե։ Չի եղել»,- շեշտեց Անդրանիկ Մանուկյանը։ Նա միաժամանակ անբարոյականություն համարեց մի քանի օրվա տարբերությամբ որոշ գումար պետբյուջե վճարելով պետեկամուտների նախարարության աշխատակիցների «քրտնաջան» աշխատանքը զրոյի հավասարեցնելը։ Անդրանիկ Մանուկյանն անդրադարձավ նաեւ նախորդ օրը «Գրանդ Տոբակո» ընկերության ղեկավարության արած այն հայտարարությանը, թե հաստատագրված վճարների նման պայմաններում մեծացել է մաքսանենգ ճանապարհով ծխախոտի ներմուծումը։ Նա բացարձակ աբսուրդ համարեց վերը նշված կարծիքը։ Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ 2001 թ. ծխախոտի դրոշմանիշները պատվիրելիս՝ առանձնացրել են ֆիլտրով եւ առանց ֆիլտրի սիգարետների դրոշմանիշները։ Նա տեղեկացրեց, որ ընդամենը 4400 արկղ առանց ֆիլտր սիգարետ է ներմուծվել Հայաստան եւ, պրն Մանուկյանի կարծիքով, դա այն թիվը չէ, որը մաքսանենգության առիթ տա։ «Իհարկե, կան մաքսանենգ սիգարետներ, բայց ինչպես նրանք («Գրանդ Տոբակոյի» ղեկավարները.- Լ. Մ.) բազմիցս այստեղ հավաստիացնում են եւ շնորհակալություն են հայտնում ինձ, որ կտրուկ նվազել է մաքսանենգ ծխախոտի ներկրումը Հայաստան»,- նշեց պրն Մանուկյանը։ Գլխավոր հարկահավաքը չհամաձայնեց նաեւ այն պնդումների հետ, թե Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներմուծվում է նաեւ մանկական սնունդ։ Թեպետ, մեր թերթն այդ փաստը հայտնաբերելու եւ արձանագրելու առիթն ունեցել է արդեն։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել