Ցուցակներ՝ լուրջ վրիպակներով 2000թ. մարտից հանրապետությունում գործազրկության նպաստ չի վճարվել (բացառությամբ Մեղրիի շրջանի)։ Այս առիթով «Առավոտին» պարզաբանումներ էր տվել Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի խորհրդական Ստ. Հայրապետյանը։ Չարենցավանում գործազրկության նպաստների ստուգողական վճարումների ընթացքում (վճարվել է 2000թ. մարտ եւ 2001թ. հունվար ամիսների նպաստները) 1024 գործազուրկներից 221-ին տարբեր պատճառներով նպաստ չվճարելու՝ հիմնադրամի նախագահի խորհրդականի կողմից մատնանշած փաստը, ըստ Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ցողիկ Բեժանյանի, այնքան էլ զարմանալի չէ. «Հանրապետությունում հիմնականում աշխատանք գտնելու նպատակով բնակչության տեղաշարժի չափերը բոլորիս է հայտնի եւ միանգամայն բնական է, որ մեկ տարվա ընթացքում 221-ը կարող էին լինել նաեւ Չարենցավանից, եթե նույնիսկ բացառենք մյուս հնարավոր պատճառները»։ Անդրադառնալով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված 12 ձեռնարկատերերին, նախ ներկայացվեց ստուգման մեխանիզմը։ Ըստ աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական կենտրոնի, 12-ից 6-ի անունները պետական ռեգիստրի ցուցակներում բացակայել են, իսկ 2-ի անունների դիմաց նշված է եղել. «վկայական չի ստացել» (ուստի տարածքային կենտրոնի կողմից այդ անձանց գործազուրկի կարգավիճակը չէր կարող դադարեցվել)։ Միայն պետական ռեգիստրի ցուցակում 2 անձանց անուններն են վրիպել կենտրոնի աշխատակցի ուշադրությունից. լինելով անհատ ձեռնարկատեր՝ նրանք ստացել են գործազրկության նպաստ, որը հայտնաբերվելուց հետո հետ է գանձվել։ Նման փաստերը համարելով աշխատանքային լուրջ վրիպակ, Ց. Բեժանյանը նշեց, որ, այնուամենայնիվ, չեն կարող բացառել այդպիսի վրիպակները, քանի որ սոսկ անզեն աչքով համեմատել հսկայական ցուցակները ու չսխալվել, միշտ չէ, որ հաջողվում է։ Ըստ նրա, նման վրիպակները կբացառվեն միայն համակարգչային տեխնիկայի ներդրումով, ինչը եւ ակնկալվում է առաջիկայում։ Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից 2000թ. մարտից գործազրկության նպաստները չվճարելու, ինչպես նաեւ մասնագիտական ուսուցման ծրագրերը չֆինանսավորելու փաստը ֆինանսների սղությամբ պատճառաբանելուն, Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայությանը փոքր-ինչ անհասկանալի է, քանի որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, հիմնադրամի ֆինանսական մուտքերի (որքան էլ որ այն փոքր լինի) մինչեւ 8%-ը պետք է հատկացվի զբաղվածության ծրագրերին։ 2000թ. ՀՀ կառավարության կողմից այդ նպատակի համար սահմանվել էր հիմնադրամի մուտքերի 6,1%-ը։ Այնինչ, զբաղվածության ծրագրերի վրա ծախսվել է մուտքերի 6,1%-ը կազմող գումարի ընդամենը 27%-ը։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ