Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 5-ին, Մոսկվա կատարած 5-օրյա աշխատանքային այցից հետո,

Ապրիլ 07,2001 00:00

ՊԱՐՏՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման պատրվակով արհեստականորեն շիկացնելով Հանրապետության հասարակական-քաղաքական մթնոլորտը եւ հրահրելով ներքաղաքական ճգնաժամը ՀՀ վարչապետը, ուժային նախարարները, ԼՂՀ ղեկավարությունը եւ ընդդիմությունը 1998 թ. փետրվարին իրականացրեցին պետական հեղաշրջում: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա քաղաքական թիմի դիրքորոշումը որակվեց «պարտվողական»: Հեղաշրջման մասնակից ուժերը հասարակությանը ստիպում էին հավատալ, թե իրենք, որպես անզիջում հայրենասերներ, հետամուտ են հիմնահարցի լուծման «հաղթական» տարբերակին, ըստ որի, ԼՂՀ-ն մնալու է որպես բանակցությունների լիիրավ կողմ եւ ճանաչվելու է անկախ պետություն 8 հազար քառ. կմ տարածքով: Ներկա հոդվածում փորձ է արվում կարգավորման գործընթացի մեջ ներքաշված գործիչների տեսակետների համադրման միջոցով ներկայացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական դիվանագիտության անհետեւողականությունը եւ հակասականությունը 98-ից ի վեր, բացահայտել ներկա իրավիճակի պատճառները: Իրավիճակ, որը Աջ (ազատական) ուժերի ս.թ. մարտի 30-ի հայտարարությամբ բնորոշվել է որպես սպառնալից, քանի որ վտանգված է «8230անլուր զրկանքների եւ հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերված զինադադարը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը8230»: Խաղասեղանին է դրված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: «Հաղթական» լուծումից հրաժարվելու ժամանակը 98-ի հեղաշրջման նախօրեին վարչապետ Քոչարյանը, հակադրվելով Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրին, պարզորոշ ձեւակերպում է հիմնահարցի լուծման իր տեսակետը. «Հնարավոր չէ Ղարաբաղն Ադրբեջանին ենթարկել: Անգամ կոնֆեդերատիվ սկզբունքը որեւէ ուղղահայաց ենթակայություն չպետք է ենթադրի», ապա ավելացրել է. «կարծիքները բախվում են կարգավորման տարբերակների հարցում» («Ազգ»,15.1.98): Դրանից մի քանի շաբաթ անց, որպես նախագահի պաշտոնակատար Քոչարյանը քննադատում է հիմնահարցի կարգավորման ուղղությամբ նախկինում կատարված դիվանագիտական աշխատանքը. «Հայաստանի թվացյալ կոնստրուկտիվ դիրքը արդյունավետություն չէր բերում, որովհետեւ ուղղակի շեղում էր ղարաբաղյան կոնֆլիկտի իսկական ֆորմատը»: Չբացատրելով, թե ինչ շեղում է կատարվել ֆորմատից (ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր), նա կարծիք է հայտնում, թե Հայաստանի դրսեւորած մեղմ դիրքորոշման պատճառով բոլոր միջնորդները փորձում էին գործ ունենալ հենց Հայաստանի հետ (նույն տեղում,25.2.98): Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Քոչարյանը այսպես է ձեւակերպում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը. «Մի կողմի՝ մյուս կողմին ենթակայության անհնարինություն, Լեռնային Ղարաբաղի անկլավային գոյության անհնարինություն, Ղարաբաղի անվտանգության խնդրի լուծում»: ԱԳ նորանշանակ նախարար Վ.Օսկանյանը երկրորդում է նրան՝ «ազգային ինքնորոշման միջազգային ճանաչում, նաեւ Հայաստանի հետ աշխարհագրական կապ, անվտանգություն»: Սակայն շուտով ավարտվում է իշխանության նվաճման էյֆորիկ շրջանը եւ սկսվում է հռչակված դոկտրինից արմատական շեղման գործընթացը: Առաջինը օրակարգից հանվում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որն ազդարարվում է Օսկանյանի այն հայտարարությամբ, թե Հայաստանի տեսակետն է՝ առանց նախապայմանների բանակցությունների սկսում համապարփակ (փաթեթային) լուծման շուրջը: Ապրիլի 28-ին ԱՊՀ գագաթաժողովում (Մոսկվա) տեղի է ունենում Քոչարյան-Ալիեւ երկկողմ անդրանիկ հանդիպումը, որը կոչված էր նենգափոխելու բուն բանակցային գործընթացը՝ ստեղծել կարգավորման պատրանք, եւ դուրս շպրտելով ԼՂՀ-ն բանակցություններից, այն հակամարտության սուբյեկտից վերածել հակամարտության օբյեկտի: Մոսկվայում ստանձնելով կարգավորման ողջ պատասխանատվությունը, Քոչարյանը չի հիշատակում ինքնորոշման սկզբունքը. «Մենք ուզում ենք լուծել ոչ միայն զինված հակամարտությունը, այլեւ առհասարակ կոնֆլիկտը: Մենք Ղարաբաղի հարցը պետք է լուծենք ամբողջությամբ» («ՀՀ»,30.4.98): Վերադառնալով Երեւան, Քոչարյանը խոստովանում է, որ երկկողմ բանակցությունների ֆորմատին անցնելու առաջարկն իրենն է. «Ես հիմնականում փորձում էի իմ կարծիքը հայտնել Ադրբեջանի նախագահին ոչ միայն մոտեցումների, փաթեթի կամ քայլ առ քայլի վերաբերյալ, այլ բանակցությունների տրամադրվածության կողմերի մասնակցության վերաբերյալ: Դա հետաքրքիր էր նաեւ իր համար: Գիտեք՝ իսկապես վերջին մի քանի տարվա ընթացքում կողմերը փորձում էին միջնորդների ներկայությամբ ցույց տալ, որ իրենք ավելի ճիշտ են: Փորձում էին փաստարկներ գտնել մյուս կողմի դեմ՝ թե ում դիրքորոշումն է զիջողական, կամ ումը՝ ծայրահեղական: Դրանք բանակցություններ էին կարծես թե միջնորդների, այլ ոչ թե հարցի կարգավորման համար: Ես նշեցի, որ եթե մենք այս տրամաբանությամբ շարունակենք, ապա դժվար թե հարցը լուծում ստանա» (նույն տեղում,1.5.98): Այսպիսով, Քոչարյան-Ալիեւ մեկուկես տասնյակ հանդիպումներում կողմերը խիստ գաղտնիության պայմաններում վճռում էին ԼՂՀ-ի ճակատագիրը՝ առանց նրա ընտրված իշխանությունների մասնակցության: ԼՂՀ-ի ինքնորոշման հարցը Քոչարյանը թաղեց Մոսկվայում, 1998թ. ապրիլի վերջին: Իսկ վերջակետը դրեց Օսկանյանը. «Հայկական կողմը այս փուլում չի պնդում ԼՂՀ անկախությունը կամ այն Հայաստանին միացնելը, քանի որ կարեւոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորումը» («Ազգ»,22.5.98): Ապշեցուցիչ էր, որ նոր իշխանությունը շտապում է հրաժարվել «հաղթական» տարբերակից՝ իբր հանուն խաղաղ կարգավորման սկզբունքի, որը չէր վիճարկվում որեւէ մեկի կողմից: Ի դեպ, արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ, 98-ի մարտի 12-ին Արմենպրեսի մամուլի սրահում Դավիթ Շահնազարյանը նշել է. «Բաքուն ու Անկարան առավել ուրախ կլինեն, եթե ՀՀ նախագահ դառնա Ռոբերտ Քոչարյանը, քանի որ ԼՂՀ-ի մասնակցությունը որեւէ բանակցությունների զրոյի կհավասարվի» (նույն տեղում,13.3.98): Երկրորդ փուլի քվեարկության օրը՝ մարտի 30-ին, BBC-ին հաստատում է այս տեսակետը. «Ցանկացած գործարք կարող է կատարվել միայն ԼՂ համաձայնությամբ եւ Ադրբեջանն այժմ հնարավորություն ունի խոսելու Քոչարյանի հետ՝ ուղղակիորեն չդիմելով Ղարաբաղին, դրանով իսկ պահպանելով իր դիվանագիտական դեմքը» (նույն տեղում,31.3.98): Փաթեթային լուծման դիմաց Քոչարյանը հանձնում է կոնյակի գործարանը եւ սկսում Մեղրիի շուրջ սակարկությունները 98-ի մայիսին տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները բացառում են կարգավորման նոր պլանի մշակումը: Ալիեւը պահանջում է վերադառնալ փուլային լուծման քննարկմանը, իսկ Քոչարյանը՝ փաթեթային: Բեյրութում մայիսի 30-ին տեղի ունեցած Ժակ Շիրակի եւ Վ.Օսկանյանի հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնում Հայաստանի դիրքորոշմանը՝ փաթեթային լուծմանը: 98-ի հունիսին տարածաշրջան է այցելում ԱՄՆ-ի պետքարտուղարի նորանկախ պետությունների գծով խորհրդական Ս.Սեստանովիչը: Նա, նախ, Երեւանում ընդգծված անհարգալից մեկնաբանություն է տալիս Ժակ Շիրակի հայտարարությանը. «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը»: Թվում է, թե ԱՄՆ-ը առավել մտահոգված է միայն կարգավորման գործընթացում իր հատուկ դերի պահպանմամբ, այնինչ Սեստանովիչի այս այցելությունը բացահայտում է բանակցությունների գաղտնիքը, որը հետագայում դառնալու է հիմնահարցի լուծման հիմնական ուղղությունը՝ Մեղրին ԼՂՀ-ի ինքնավարության դիմաց: Այս ընթացքում ջրի երես է դուրս գալիս տխրահռչակ Պ.Գոբլը: Նա «Ամերիկայի ձայն»-ով հայտնում է. «Տեղյակ եմ, որ Հայաստանում շատերն այն կարծիքին են, որ սահմանները պետք է փոխվեն կամ առնվազն պետք է քննարկվի դրանց հարցը»: Նրա կարծիքով, կամ տեղի կունենան երկկողմ բանակցություններ, որոնցում կդրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման հարցը, կամ խաղաղության հաստատումը չափազանց կերկարաձգվի (նույն տեղում,5.6.98): Իսկ Բաքվում Սեստանովիչը, չներքաշվելով «փաթեթային, թե՞ փուլային» բանավեճի մեջ, շեշտադրում է երկկողմ բանակցությունների նշանակությունը. «Մինսկի խումբը հակված է պայմաններ ստեղծելու հակամարտության լուծմանն ուղղված անմիջական բանակցային գործընթացի համար»: Ամենայն հավանականությամբ, երկկողմ բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակ քննարկելու երաշխիքներ Քոչարյանը նրան տվել էր: Դրանից մի քանի օր անց ԵԱՀԿ-ի գործող նախագահ Բ.Գերեմեկը կոչ է անում եռանախագահների ներկայացուցիչներին՝ գտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր ուղիներ: Հետագա զարգացումները ապացուցում են՝ Քոչարյանը վարձահատույց եղավ Ֆրանսիային՝ նրա բարոյական աջակցության համար. հունիսի 9-ին Հայաստանի կառավարությունը տեղեկացրեց, որ Երեւանի կոնյակի գործարանի մասնավորեցման մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությունը: Հայաստանը ագրեսիվ պահվածքով հրահրում է ճնշումներ իր դեմ Տարածքների փոխանակմանը պատրաստ Քոչարյանը իր արտգործնախարարի միջոցով փորձում է պարզել՝ կարող է արդյո՞ք ինքը Մեղրիի դիմաց ստանալ ԼՂՀ-ի անկախությունը, եւ Օսկանյանը հունիսի 17-ին հանդես է գալիս ստուգող հայտարարությամբ. «Եթե 2-5 տարի Ադրբեջանը մերժի խաղաղ բանակցությունների միջոցով հարցի լուծումը, ապա Հայաստանը ձեռնամուխ պետք է լինի այլ քայլերի, որոնցից մեկը Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումն է»: Պատասխանն աներկբա «Ոչ» եղավ: Առաջինն արձագանքում է Ռուսաստանը: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Վ.Ռախմանինը կոշտ հակադարձում է. «Քաղաքական շանտաժով, ինչին ցավոք դիմեց Հայաստանի արտգործնախարարը, Ղարաբաղյան հակամարտությունում կողմերի դիրքորոշումները մոտեցնել հազիվ թե հաջողվի: Նմանօրինակ հայտարարությունները չեն կարող ըմբռնում գտնել Ռուսաստանում եւ, ինչպես մեզ է թվում, միջազգային հանրակցության մյուս անդամների շրջանում» (նույն տեղում, 20.6.98): Հաջորդը ԱՄՆ-ն էր. Պետդեպարտամենտի խոսնակ Ջ.Ռուբինը Օսկանյանի հայտարարությունը որակում է «հրահրիչ»՝ նշելով, որ «միջազգային հանրակցությունը պետք է անընդունելի համարի մի երկրի սպառնալիքը՝ թե ինքը կգրավի ամբողջ աշխարհում այլ երկրի մաս ճանաչվող տարածքը» (նույն տեղում, 21.6.98): Ժակ Շիրակը անորոշ ժամանակով հետաձգում է սեպտեմբերին Հայաստան նախատեսվող այցը (1999թ. մարտի 30-ին «Առավոտ»-ին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մ.Լեգրան բացառում է Ժակ Շիրակի այցը նաեւ 1999-ին. «Այսօր ընդունված չեն զուտ ձեւական, արարողակարգային այցերը»: Ժակ Շիրակը Հայաստան չայցելեց նաեւ 2000-ին:): Եվ վերջապես՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հուլիսի 9-ի նիստում ընդունվում է Օսկանյանի հայտարարությունը դատապարտող բանաձեւ. «Ցանկացած գործողություն, որ հակասում է տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին, եղել է, կա եւ կլինի անընդունելի». այս եղավ ԵԱՀԿ-ի վերդիկտը: Քոչարյանի եւ Օսկանյանի համար պարզ է դառնում, որ Մեղրին հակակշռելու է Լաչինին, իսկ ԼՂՀ-ի կարգավիճակը լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Ալիեւը չէր լինի ինքը, եթե չփորձեր օգտվել իրավիճակից՝ պարտադրել Քոչարյանին գնալ զիջումների: Նա Քոչարյանին հրավիրում է մասնակցել սեպտեմբերի 7-8-ը Բաքվում կայանալիք համաժողովին, ապա նույն համաժողովում խաղաղության կոչ է անում, հայտարարելով, թե ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը թշնամական հարաբերություններից անցնեն համագործակցության: Ալիեւի ճկունությունն արագորեն փոխհատուցվում է. օգոստոսի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Պ.Թոմսոնը պաշտպանում է նորանշանակ դեսպան Մ.Լեմոնի Կոնգրեսում արված հայտարարությունը, թե «Ղարաբաղը պետք է բավարարվի Ադրբեջանի կազմում ինքնավարության որեւէ կարգավիճակով՝ անխափան պահելով նրա տարածքային ամբողջականությունը», եւ նախազգուշացնում՝ «Եթե դուք չեք ուզում անկանխատեսելի ապագա, պետք է բանակցեք Ադրբեջանի հետ»: Թոմսոնը խիստ բացասական է գնահատում բանակցությունների սառեցման փաստը, նշելով, որ դրանով մեծանում է պատերազմի վերսկսման վտանգը («ՀՀ»,21.8.98): Նույն գիծն է շարունակում Ֆրանսիայի արտաքին առեւտրի նախարար Ժ.Դոնդոն, որն ադրբեջանա-ֆրանսիական տնտեսական հանձնաժողովի Բաքվի նիստում ընդգծում է. «Ֆրանսիան հանձին Ալիեւի Կովկասում հաշվեկշռված քաղաքականության խորհրդանիշ է տեսնում եւ ցանկանում է ակտիվորեն զարգացնել գործակցային հարաբերությունները» («Ազգ»,2.9.98): Իր կրտսեր եղբորը օգնության է հասնում Թուրքիայի նախագահ Ս.Դեմիրելը՝ հրավիրելով Քոչարյանին ներկա գտնվել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 75-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարություններին: Ի դեպ, դրան նախորդել էր Թուրքիային ուղղված Քոչարյանի սպառնալիքը. «Եթե Ղարաբաղի հարցը մեր առջեւ դնեք որպես խոչընդոտ, այն ժամանակ մենք էլ սեղանին կդնենք ցեղասպանության հարցը» (նույն տեղում,9.6.98): Սեպտեմբերին ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները կրկին տարածաշրջանում են՝ «բանակցությունները լճացման վիճակից դուրս բերելու վերաբերյալ հայացքներ փոխանակելու նպատակով» (ֆրանսիական համանախագահ Ժ.Վոժյե): Ալիեւի հետ հանդիպումը գնահատվում է «կառուցողական» եւ դիվանագիտորեն հավաստվում. «Ադրբեջանը հանդես է գալիս բանակցություններին թափ հաղորդելու օգտին»: Առավել ուղղամիտ գտնվեց Քոչարյանը. նրա ցանկությունը թելադրված էր փաթեթային հայեցակարգով ՝ «անհրաժեշտ է խնդիրը կարգավորել մեկ անգամ եւ ընդմիշտ»: Գտնված էր հայ-ադրբեջանական առաջին փոխզիջումը՝ Ալիեւը համաձայնեց քննարկել կարգավորման փաթեթային տարբերակը, որի դիմաց Քոչարյանը հրաժարվեց ինքնորոշման իրավունքի սկզբունքից: ՄԱԿ-ի 53-րդ նստաշրջանի իր ելույթից սկսած Քոչարյանը չի հիշատակում ինքնորոշման իրավունքը: «Հաղթական» լուծման գլխավոր դրոշակակիրներից մեկը՝ Օսկանյանը, Ղարաբաղի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ հուսահատ տեսք ունի. «Աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին վերամիավորվելու հարցի դաշնակիցներ մենք չունենք: Վերամիավորման կամ անկախության գաղափարը բանակցությունների հիմքում չի կարող դրվել: ՀՀ-ն այդ երկու նպատակներն էլ չի հետապնդում8230» (նույն տեղում, 3.10.98): Մեկ շաբաթ անց նա կապիտուլյացիայի է ենթարկվում ԵԱՀԿ-ի առջեւ. «Թույլ տվեք հստակորեն արտահայտել իմ կառավարության պատրաստակամությունը՝ չառաջադրել անկախության կամ Հայաստանի հետ միավորման պահանջներ8230» (նույն տեղում,10.10.98): Ալիեւը ստանում է սատիսֆակցիա եւ կատարում իրեն ապահովագրող բացահայտումներ: Նա հայտնում է, որ Քոչարյանը եւ վարչապետ Արմեն Դարբինյանը իր հետ հանդիպումների ժամանակ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարից հրաժարման մասին (նույն տեղում, 17.10.98): Այս ամենից հետո անիմաստ են դառնում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումների անցկացումը Ստրասբուրգում, որին պետք է մասնակցեր նաեւ ԼՂՀ-ն: Լսումները չեղյալ են հայտարարվում: Այսպիսով, Ղարաբաղի անկախության կարգախոսով իշխանության եկած 98-ի փետրվարյան հեղաշրջման կազմակերպիչները 8 ամիս անց հրաժարվում են իրենց նախորդների նվաճած Ղարաբաղի անկախությունից եւ համաձայնում հիմնահարցը կարգավորել Ադրբեջանի սահմանների անխախտելիության պահպանման սկզբունքի հիման վրա: Փաթեթային տարբերակ Ադրբեջանի նախապայմաններով Նոյեմբերին ԵԱՀԿ ՄԽ-ն կողմերին ներկայացնում է նոր առաջարկներ, որոնք կարգավորման պատմության մեջ հայտնի են «ընդհանուր պետություն» անվամբ: Ժ.Վոժյեն պարզաբանում է, որ ջանացել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման սկզբունքները ներդաշնակորեն միացնել այն բանաձեւի հետ, որ Լեռնային Ղարաբաղին թույլ կտար լայնորեն ինքնակառավարում իրականացնել»: Իսկ Յ.Յուկալովը (ռուսաստանյան համանախագահը) պարզաբանում է. «Այդ գաղափարը նորություն չէ, կիրառվել է Մոլդովա-Մերձդնեստր, Վրաստան-Աբխազիա բանակցություններում»: Քոչարյանը պարտադրված է գոհունակություն արտահայտել իր հոգեզավակի ծննդյան կապակցությամբ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկները հիմնված են իրատեսական մոտեցումների վրա եւ համահունչ են մեր դիրքորոշմանը»: Իրականացավ փաթեթին վերադառնալու Քոչարյանի երազանքը, հանուն որի նա մեծ զիջումների գնաց: Նրա գրասենյակի մամուլի հաղորդագրությունն ավելի շատ քարոզչական բովանդակություն ունի. «ԵԱՀԿ դիտորդների առաջարկությունները էականորեն տարբերվում են նախորդից թե հայեցակարգային առումով, թե մանրամասներով եւ ենթադրում են հակամարտության համապարփակ լուծում»: Սակայն, նոյեմբերի 20-ին պաշտոնական Բաքուն մերժում է «ընդհանուր պետության» առաջարկները: 2001-ի փետրվարին մյուս առաջարկների թվում հրապարակվեց նաեւ կարգավորման այդ ծրագիրը եւ հասարակությունը համոզվեց, որ, ըստ դրա, Լեռնային Ղարաբաղը ինքնավարության կարգավիճակ է ստանում Ադրբեջանի կազմում: Ուստի կարելի է եզրակացնել, որ, թեեւ Ադրբեջանի սպասելիքները իրականացել էին, սակայն նա լրացուցիչ զիջումներ էր ակնկալում Հայաստանից: Դրա համար բոլոր հիմքերը կային: Հայաստանի դիրքորոշման մեղմացման վկայությունն է Օսկանյանի նոյեմբերի 27-ի ասուլիսը, որի ժամանակ նա տեղեկացնում է, որ ընդունում է միջնորդների առաջարկները եւ հանում ԵԱՀԿ-ի գագաթաժողովը Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ վետոն: Նույն օրը հանձնվում է նաեւ ԼՂՀ-ի դրական պատասխանը: Զավեշտական էր, երբ Քոչարյանն դրվատում է փաթեթը՝ ազգային կազմավորումներին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին Գերեմեկի հայտարարությունից հետո. «Նման մոտեցում, նման գաղափարախոսություն տասը տարվա մեջ երբեք չի եղել8230, այստեղ մեծ դեր է ունեցել եւ մեր արտաքին քաղաքականությունը…. Այս փաստաթուղթը նույնիսկ կարելի է որակել դիվանագիտական հաղթանակ, կամ ընդհակառակը՝ մյուս կողմի համար պարտություն» («ՀՀ», 1.12.98): «Բարոյական հաղթանակ» տարած Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ-ի գծով իր գործընկերների Օսլոյի հանդիպման ժամանակ տրտնջում է, որ «անտարբերության նշաններ են երեւում Ադրբեջանի կողմից համանախագահների վերջին առաջարկությունների մերժման հանդեպ…: Եթե համանախագահների նոր առաջարկը ենթադրեր ԼՂ ուղղակի անկախացում, ապա Ադրբեջանի մերժումը կարող էր հավասարեցվել Հայաստանի մերժմանը» («Ազգ»,2.12.98): Համադրելով կողմերի կարծիքները, Օսկանյանը չի հիշատակում անգամ ԼՂՀ-ի կարծիքը՝ պաշտոնական Երեւանի համար այն որեւէ արժեք չուներ: Հակառակ հայկական կողմի սպասելիքներին, Ադրբեջանի վրա ոչ միայն ճնշումներ չեղան, այլեւ ընդառաջ քայլեր ձեռնարկվեցին՝ փաթեթը փոփոխելու եւ եռանախագահների ջանքերն աշխուժացնելու առումով: Մասնավորապես, 99-ի մարտի 24-ին Ելցենը ուղերձով դիմում է Ալիեւին՝ հավաստիացնելով, որ Մոսկվան չի պնդում Բաքվի կողմից «ընդհանուր պետություն» սկզբունքի ընդունումը: Անշուշտ ուղերձի բուն նպատակն ԱՊՀ ապրիլյան գագաթաժողովում Քոչարյան-Ալիեւ հանդիպումից առաջ Ռուսաստանի ազդեցությունը մեծացնելն էր: Սակայն ԱՄՆ-ի հետ Քոչարյանի նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանին նման հնարավորություն չի տրվում, որի պատճառով շուտով կողմերը արձանագրեցին, որ դիրքորոշումների մերձեցում տեղի չի ունեցել (նույն տեղում,6.4.99): Քոչարյան-Ալիեւ բանակցությունները Հայաստանի տարածքների շուրջ հակամարտությունը վերածում են հայ-ադրբեջանականի 99-ի ապրիլին Քլինթոնն ու Օլբրայթը նամակով դիմում են Ալիեւին, ներկայացնում առաջարկներ եւ հանդես գալիս Վաշինգթոնում Ալիեւ-Քոչարյան հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ակնարկվում է, որ Քոչարյանն ընդունել է հանդիպման հրավերը: Հանդիպումը տեղի է ունենում Վաշինգթոնում, ՆԱՏՕ-ի հոբելյանին նվիրված հանդիսությունների ժամանակ, ապրիլի 21-ին: Օրեր անց Ալիեւը հայտարարում է, որ Քլինթոնը հավաստիացրել էր, որ մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը ամեն ջանք կգործադրի կարգավորման ուղղությամբ: Ըստ ամենայնի, Քլինթոնը լավատեսության հիմքեր ուներ: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մայիսի 6-ին Փարիզում պայմանավորվում են հրաժարվել կողմերին գրգռող ձեւակերպումներից եւ ներկայացնել նոր առաջարկներ: Մի քանի օր անց նրանք տարածում են հայտարարություն, ուր նշվում է. «Նոր ջանքեր են պետք բոլոր ներգրավված կողմերի բանակցություններով հասնելու համընդգրկուն վերջնական կարգավորման, որը թույլ կտա դադարեցնել զինված հակամարտությունը, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ օգտվել ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակից, պահպանելով ԵԱՀԿ նորմերն ու սկզբունքները» (նույն տեղում, 13.5.99): Եվրոպան ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել «խաղից դուրս» վիճակի հետ եւ սիրաշահում է ավելի կարծր դիրք գրաված Ադրբեջանին: ԵԽ-ի՝ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժ.Բոմելի կարծիքով՝ Մինսկի խմբի գործունեությունը զգալի արդյունքներ չի տվել, ուստի հնարավոր է մոտ ապագայում Եվրոպան ձգտի ուժեղացնել իր ներկայությունը Ադրբեջանում եւ ամբողջ Կովկասում: Բոմելը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու, իսկ ԱՄՆ-ին՝ Հայաստանին անսահման ֆինանսական միջոցներ տրամադրելու մեջ: Նրա կարծիքով Երեւանը պետք է պատասխանատվություն կրի հակամարտության ներկա վիճակի համար: Իսկ Ժակ Շիրակը փաթեթային տարբերակի կնքահոր իրավունքով փորձում է հորդորել Քոչարյանին խորհրդածել բազմաբեւեռ աշխարհի շուրջ. «Ես կամենում եմ տեսնել բազմաբեւեռ աշխարհի ձեւավորումը եւ համոզված եմ, որ ավելի ուժեղ Եվրոպան կդառնա հավասարակշռության, խաղաղության եւ համագործակցության վճռորոշ գրավականը: Ներդաշնակ լինելու համար բազմաբեւեռ այդ աշխարհը պետք է խստորեն հարգի միջազգային իրավունքը» (նույն տեղում,22.6.99): Եվրոպայի ակտիվացմանը հակազդելու նպատակով, Մ.Օլբրայթը հատուկ ուղերձ է հղում Քոչարյանին: Տարածաշրջանային խաղաղության ու տնտեսական համագործակցության կարեւոր առաջընթաց համարելով Վաշինգթոնի հանդիպումը, նա ցանկություն է հայտնում գործնական հուն տեղափոխել հանդիպման ժամանակ արծարծված գաղափարները («ՀՀ», 29.6.99): Կան բազմաթիվ ապացույցներ, որ Վաշինգթոնի հանդիպման ժամանակ մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ադրբեջանի արտգործնախարար Թ.Զուլֆուգարովի հավաստմամբ. «կարգավորման ուղիները բավական հստակ են, անհրաժեշտ է միայն կոնկրետացնել առանձին տարրեր» («Ազգ»,8.7.99): Ըստ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ս.Էսկուդերոյի, Ադրբեջանի եւ Հայաստանի վերջին առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով համանախագահները եւ նրանց ներկայացուցիչներն ամեն շաբաթ հանդիպումներ են անցկացնում Վաշինգթոնում եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Տարածքների փոխանակման շուրջ երկկողմ բանակցություններն ընթացք էին առնում, առջեւում Ժնեւի հանդիպումն է, որի նախօրեին Ալիեւը լավատես է. «Ժնեւի բանակցությունները Վաշինգթոնում կայացած հանդիպումների շարունակությունն են լինելու» («ՀՀ»,16.7.99), իսկ նրա աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարում է, որ Օլբրայթը լրացումներ է արել համանախագահների վերջին առաջարկներում: «Օլբրայթի լրացումները» վերաբերում էին տարածքների փոխանակմանը: Նույնն է հաստատում Քոչարյանը Վարշավայում եւ բացահայտում դրանց առնչությամբ իր մոտեցումը. «ՀՀ ներկա իշխանությունները գտնում են, որ հանուն ինտեգրացիայի պետք է զիջել սեփական անկախության մի հատվածը» («Ազգ»,17.8.99թ): Որեւէ կասկած չթողնելու համար հիշատակենք ամերիկյան դիվանագետ Փ.Ռոզենբլանթի ավելի ուշ արված խոստովանությունը. «տարածքների փոխանակման գաղափարը սկզբնապես բարձրացավ 1999թ. երկրորդ կեսին» (նույն տեղում, 23.5.2000): Բանակցություններից ղարաբաղյան կողմի վտարման արդյունքում՝ հակամարտությունը վերածելով հայ-ադրբեջանականի, բնականաբար զիջումներ պահանջվելու էին Հայաստանից: Ժնեւի հանդիպումն Ալիեւը գնահատում է «չափազանց օգտակար» եւ փափուկ բարձ դնում Քոչարյանի գլխի տակ, թե շուտով Ղարաբաղը կմիանա բանակցություններին (տես, նույն տեղում, 21.7.1999): Ժնեւից հետո ուշքի չեկած Օսկանյանը անկապ մտքեր է արտահայտում. օգոստոսի 17-ին, ելույթ ունենալով ԼՂՀ ԱԺ-ում, նա բառացիորեն ասում է սա. «Հարցի կարգավորումը հայկական կողմին ենթադրում է մի լուծում, երբ Արցախը դե ֆակտո կարող է լինել անկախ, դե յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում: Սա այն է, ինչը դիվանագիտորեն դիտվում է որպես ԼՂՀ-ի ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր կարգավիճակ» («ՀՀ»,18.8.99): Ղարաբաղի կարգավիճակի մասին պայմանավորվածության հրապարակումն ինքնին վկայում է, որ, նախ՝ այդ հարցում Քոչարյանի ու Ալիեւի միջեւ տարաձայնություններ չկան, երկրորդ՝ համաձայնություն է ձեռք բերվել փոխզիջումների վերաբերյալ, իսկ նման սկզբունքային համաձայնությունները նշանակում են, որ կողմերն ընդհուպ մոտեցել են հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ում շարունակելուն: Քոչարյան-Ալիեւ Ժնեւի երկրորդ հանդիպումից (22-ը օգոստոսի) հետո Քոչարյանն ինքն է դա հաստատում՝ հայտարարելով, որ ձեռք են բերվել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման եւ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու որոշումներ: Մասնավորապես, պաշտպանության նախարարներին կարգադրվել էր ստեղծել հատուկ մեխանիզմ՝ ճակատային գոտում որեւէ բախում բացառելու համար, իսկ արտգործնախարարներին՝ հանդիպումներ կազմակերպել ՄԽ-ի շրջանակներում: Կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը Քոչարյանը միայն իրեն հայտնի պատճառներով տեսնում է ոչ թե ղարաբաղյան ռազմաճակատում, այլ հայ-ադրբեջանական սահմանում: Բանակցային գործընթացի վերսկսումը ԱՄՆ հովանու ներքո հարկադրում է Ռուսաստանին դիմել հակաքայլերի: Դրան է նպատակամղված ՌԴ արտգործնախարար Ի.Իվանովի հայտարարությունը, թե Ռուսաստանի «կովկասյան մարտավարությունը հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ իրավահավասար, փոխշահավետ կապերի համակողմանի զարգացումն է:8230 Մենք ճանաչում եւ աջակցում ենք նրանց անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը»: ԼՂ խնդրի հետ կապված Իվանովը նշում է. «Մենք ողջունում ենք երկու պետությունների ղեկավարների ուղղակի երկխոսությունը եւ պատրաստ ենք ակտիվացնել Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը՝ հենվելով նրանց հանդիպումների արդյունքների վրա» («ՀՀ»,1.10.99)»: Դրանից անմիջապես հետո գալով տարածաշրջան, Իվանովը Բաքվում ավելի կտրուկ է արտահայտվում. «Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կարող իրենց հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության պատանդը դարձնել» («Ազգ», 3.10.99): «Հոկտեմբերի 27»-ով հետաձգվում է պայմանագրի ստորագրումը 99-ի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսները հագեցած են բանակցությունները վերսկսելու հավաստիացումներով. բոլորը նշում են ժամկետը՝ մինչեւ ԵԱՀԿ-ի Ստամբուլի գագաթաժողովը: Մոտենում է «X» ժամը: Սեպտեմբեր: ՄԽ-ում ԱՄՆ-ի համանախագահող Ք.Քավանոյի հետ Քոչարյանի հանդիպման մասին նրա գրասենյակի հաղորդագրության մեջ ասվում է, որ «զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը» («ՀՀ»,4.9.99): Յալթայում, Ալիեւի հետ հանդիպումից հետո, Քոչարյանը կրկնում է նույնը. «Երեկ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման հարցը: Մենք չափազանց մոտ ենք դրան» (նույն տեղում,14.9.99): Այդ նույն օրերին հանդիպում են արտգործնախարարներ Օսկանյանն ու Զուլֆուգարովը՝ ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու մանարամասները քննարկելու նպատակով, իսկ ԵԱՀԿ գործող նախագահ Կ.Վոլոբեկը Երեւանում հույս է հայտնում, որ «Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա մինչեւ Ստամբուլի գագաթաժողովը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ բանակցությունները կվերսկսվեն» (նույն տեղում,17.9.99): Հոկտեմբեր: – Օսլոյում ԵԱՀԿ գործող նախագահող Կ.Վոլոբեկի եւ ՄԽ-ի համանախագահների հանդիպման թեման նոր առաջարկների քննարկումն է, որոնք պետք է մինչեւ Ստամբուլի գագաթաժողովը ներկայացվեին կողմերին: 8.10.99. – Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումներին, Օսկանյանն ասում է, որ իրենք փորձում են «8230համաձայնության գալ որեւէ կողմի, տվյալ դեպքում Ադրբեջանի համար անընդունելի հարցերի շուրջ՝ առանց իհարկե զիջելու Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքերը… Փոփոխությունները, որոնք փորձում ենք մտցնել այս հանդիպումների ընթացքում, համաձայնեցված են Ղարաբաղի հետ»: 11.10.99. – Սադարակում տեղի է ունենում Քոչարյան-Ալիեւ հանդիպումը: Քոչարյանն այսպես է մեկնաբանում այն. «Բավական հարցեր էին կուտակվել, եւ այսօրվա հանդիպումը հանրագումարի բերեց այն, ինչ արված է մինչ այժմ»: – ԱՄՆ փոխնախագահ Ա.Գորը ուղերձով դիմում է Քոչարյանին, որում մասնավորապես ասվում է. «Եթե դուք կարողանաք ձեր աշխատանքի այդ փուլն ավարտել մինչեւ նոյեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը, ապա Ստամբուլում ԵԱՀԿ ողջ ընկերակցությունն իր աջակցությունը կհայտնի Ձեր ձեռք բերած առաջընթացին, ինչպես նաեւ կհաստատի Ձեր տեսակետը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության վերաբերյալ»: Բանակցությունները վերսկսելուն ոչինչ չի խանգարում: Ադրբեջանական կողմի բոլոր պահանջներն այլեւս ընդունված են: Ավելին, բանակցությունների վերսկսման հետ կապված հարցերը սպառված համարելով՝ բանակցող կողմերը շատ ավելի առաջ են անցնում: 18.10.99. – Երեւանում Քոչարյանն ասուլիս է հրավիրում. «Այսօր մի շարք հարցերում մենք անում ենք այն աշխատանքը, որը բանակցային գործընթացը վերսկսելուց հետո պետք է անեն բանակցային խումբը կամ խմբերը»: Բնականաբար, հաջորդող հայտարարություներն իրենց լավատեսությամբ պետք է գերազանցեին նախորդներին: 19.10.99. – Բաքվում Ս.Դեմիրելը նշում է. «Մոտ օրերս կիրականանա հայ-ադրբեջանական հաշտությունը»: 20.10.99. – Երեւանում Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Ս.Սեստանովիչը հայտարարում է, որ Ստամբուլի առաջիկա գագաթաժողովում հատուկ ուշադրությամբ կքննվի ղարաբաղյան հիմնահարցը: 21.10.99.- Բաքվում Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Ս. Սեստանովիչը հայտարարում է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այն փուլում է, երբ կարելի է ճեղքման հասնել: Վրա հասավ «X» ժամը: 27.10.99.- Առավոտյան Երեւան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը: Նրան ուղեկցում են Ս.Սեստանովիչը եւ Ք.Քավանոն՝ հակամարտության լուծման շարունակական քայլերը քննարկելու համար, այսպես է տեղեկացնում նույն օրվա «Հայաստանի Հանրապետությունը»: Երեկոյան Ազգային ժողովում իրականացվում է ահաբեկչական գործողություն, որին զոհ են գնում Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, եւս վեց բարձրաստիճան պաշտոնյաներ: «Հոկտեմբերի 27»-ից հետո Քոչարյանն առանց վերապահումների ստորագրում է տարածքային ամբողջականության սկզբունքին գերապատվություն տվող Ստամբուլի խարտիան Ըստ ամենայնի, նախքան Ստամբուլը հակամարտության կարգավորման հարցում «ճեղքում» կատարելն այնքան իրական էր, որ նույնիսկ «Հոկտեմբերի 27-ի» հաջորդ օրը ԱՄՆ փոխնախագահ Ա.Գորը Քոչարյանին հղած ուղերձում համոզմունք է հայտնում, որ «այս գրոհը չի թուլացնի այդ նպատակներին հասնելու Ձեր վճռականությունը եւ Հայաստանի ժողովրդի աջակցությունը»: Նույն համոզմունքին է նաեւ Ալիեւը: Նա կարծում է, որ «Հոկտեմբերի 27-ը» չի ազդի հակամարտության կարգավորման վրա, քանի որ թե8216 հակամարտության մեջ ներքաշված կողմերը, թե8216 միջնորդները շահագրգռված են հաշտության ձեռքբերմամբ, ուստի չի բացառվում Ստամբուլի գագաթաժողովում խնդրի կարգավորման սկզբունքների մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Նոյեմբերի 5-ին, Մոսկվա կատարած 5-օրյա աշխատանքային այցից հետո, Քոչարյանը հայտարարում է, որ թայմ-աուտ է վերցնում: «Հոկտեմբերի 27»-ը ոչնչացրեց տարածքների փոխանակման գլխավոր հակառակորդներին՝ Կ.Դեմիրճյանին եւ Վ.Սարգսյանին: «Հոկտեմբերի 27»-ը առժամանակ հետաձգեց տարածքների փոխանակման սկզբունքի հիման վրա մշակված կարգավորման ծրագրի ստորագրումը: Սակայն Ստամբուլում տեղի ունեցավ ավելի արմատական փոփոխություն. հակամարտությունների լուծման հարցում ընդունեցին պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին գերապատվություն տվող փաստաթղթեր: Դրանց տակ դրված է նաեւ Քոչարյանի ստորագրությունը: Ավելորդ է հիշեցնել, որ Ստամբուլի նրա ելույթում տեղ չգտան ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, չդատապարտվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակական շրջափակումը: Այլ կարծիքի է Քոչարյանը. «Ստամբուլի գագաթաժողովում մենք մեծ հաջողության հասանք»: Նրան երկրորդում է ԱԺ ՀՀԴ խմբակցության անդամ Ա.Ռոստոմյանը. նա դրական է գնահատում Ստամբուլի արդյունքները եւ համարում, որ այն հակամարտությունների կարգավորման լավ միտումներ է նախանշում («Երկիր»,24.11.99): Քոչարյանը փորձում է հետ կանգնել միջնորդների առջեւ ստանձնած իր պարտավորություններից. «Հարցն այդքան հասունացած չէ, եւ չէր էլ նախատեսվում, որ կարգավորմանը վերաբերող որեւէ փաստաթուղթ պետք է ստորագրվեր այստեղ» («ՀՀ»,20.11.99): ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը ծուլորեն հերքում է Քոչարյանին. «Քլինթոնն ըմբռնումով է մոտեցել այն հարցին, որ գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հրաժարվել են ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հռչակագիր: Պատճառը վերջերս Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն էր, եւ Քլինթոնը քաջ գիտակցում է, որ Քոչարյանին հարկավոր է ժամանակ՝ վերականգնելու ներքաղաքական կոնսեսուսը» («Առավոտ», 23.10.99): ԱՄՆ-ը կարող էր բարեհոգություն դրսեւորել՝ Ստամբուլի խարտիան անվերապահորեն ընդունած Քոչարյանի նկատմամբ: ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «21-րդ դար» Ժողովրդավարական ազգային կուսակցություն (շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել