Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնը՝ իր ինտելեկտուալ պաշարով խորհրդարանին ոչնչով չզիջող կառավարությունը:

Ապրիլ 07,2001 00:00

«…ՍՈՒՅՆՈՎ ԱՆԱՐԳԵԼՈՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ» Լեւոն Զուրաբյանի «Զոհաբերված դիվանագիտություն» հոդվածը («Առավոտ», 31.03.2001) Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ջատագով գերտերությունների առաջարկների առաջին համապարփակ, վարագուրազերծված վերլուծությունն է: Ըստ իս: Հայաստանում քանի՞ հոգի կընթերցեն ու լրջորեն կքննարկեն այն, քանիսի՞ն կանհանգստացնի ստեղծված փակուղային վիճակի ու պատերազմի վերսկսման վտանգի ռեալ հնարավորությունը չբացառող այս վերլուծությունը: Հատուկենտ մարդկանց: Ո՛չ այն պատճառով, որ հոդվածը ծավալուն է (դե, բազմազբաղ ազգ ենք), կամ՝ այն պատճառով, որ զերծ է էժանագին, հայհոյախառն համեմունքներից ու գյադայական հոխորտանքներից (մեր սիրած «ժանրը»): Այն կամ չեն ընթերցի, կամ՝ անտարբերության կմատնեն, կամ՝ որոշ պնակալեզների զազրախոսությունների թիրախ կդառնա՝ մեկ անգամ եւս օճառի «անուշ» հոտով Ռոբերտ Քոչարյանի գերզգայուն քթանցքերը խուտուտ տալու ու «ռեւանշիստներն ուզում են վերադառնալ» աղեկեզ ճիչերով հասարակությանը թմբիրից հանելու ստորաքարշ մղումով: Մե՛կ պարզունակ պատճառով: Հեղինակը նախկին «հանցագործ» իշխանությունների ներկայացուցիչ է: Նախկիններն ուզու՞մ են վերադառնալ Երբեւէ՝ գուցե: Այս ժամանակահատվածում եթե անգամ վերադառնալու մեծ ցանկություն ունենան, ուղիղ երեք տարի, պետական քարոզչական ապարատը (իսկ մինչ այդ՝ ընդդիմադիր թեւը) ահռելի դոզաներով ատելության այնքան թույն է ներարկել քաղցած, հավատազուրկ, ներքին թշնամի փնտրող ու ամեն պահի վիրավոր գազանի պես ցատկի պատրաստ հասարակության երակների մեջ, որ նախկինների վերադարձի շանսը զրոյի տիրույթում է: Նրանք, ի տարբերություն թիթեռի տրամաբանությամբ ապրող ներկա իշխանությունների, իրավիճակը գնահատելու ու վերլուծելու բավարար գիտելիքներ ունեն: Տեսնում են, որ ներկայիս հասարակության գերակշիռ մասի «խորովված ջիգյարն» ունակ են հովացնել Արտաշես Գեղամյանի հավերժ նախընտրական, սրտակեղեք ձայնարկությունները, գայլ կուլ տված Մանուկ Գասպարյանի ախպերական զրիցներն ու Արշակ Սադոյանի եղբայրական բղավոցները: Ինչ՝ ինչ, այսօրինակ «մեջլիսում» նախկիններն, անտարակույս, կպարտվեն: Ճիշտ, թե սխալ՝ նրանք պոպուլիզմին քամահրանքով են վերաբերվում: Եվ, առհասարակ, ինչու՞ պիտի հիմա իշխանության ձգտեն նախկինները, եթե Ղարաբաղի հարցը դեռեւս լուծված չէ, իսկ իրենց առաջարկած տարբերակը մի անգամ արդեն իշխանությունից զրկվելու պատճառ է դարձել: Եվ եթե նախկիններին սուլոցներով ճանապարհողների ու այս իշխանությանը ծափերով դիմավորողների (հատկապես՝ դաշնակցության) ներկայիս կեցվածքի բնորոշումը մեկն է՝ անբարոյականություն, նախկին իշխանությունների անտարբերությունն էլ, չարախնդությունն էլ լիովին արդարացված կլինեին: Նրանք բացեիբաց հայտարարեցին, որ պատրաստ են փոխզիջումների ու դավաճանի պիտակը ճակատներին հեռացան: Սրա՛նք հոխորտացին՝ ո՛չ մի զիջում, ու հիմա, մի քիչ էլ որ երկարաձգեն իրենց անփառունակ գոյությունը իշխանության ղեկին, բացառված չէ, որ ոչ միայն Ղարաբաղը, Հայաստանի մի մասն էլ զիջեն՝ պետականության կորստի հետ մեկտեղ: Այնպես որ, նախկինները շտապելու ոչ մի դրդապատճառ չունեն: Հիանալի տեսնում են, որ մեծ հայրենասեր ու վոին Քոչարյանը երկու ճանապարհ ունի. կամ պիտի զգալի զիջումներով լուծի Ղարաբաղի հարցը, կամ՝ եթե չլուծի, ուրեմն՝ պատերազմն իր արյունոտ թաթով կբախի մեր պետության երերուն դուռը: Երկու դեպքում էլ Քոչարյանը կարժանանա հասարակության նզովքին: Ու՝ լիովին հիմնավորված: Ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, նա մեր պատմության մեջ տեղ կգրավի խաբեությամբ իշխանություն զավթած ու իր խոստումը չկատարած ղեկավարների ցուցակում: Եվ եթե այսօր նախկին իշխանության որեւէ ներկայացուցիչ բոլոր միջոցներով իրենց վարկաբեկող Քոչարյանին է անգամ սատարելու ցանկություն հայտնում, ուրեմն, ակնհայտ է՝ հողը փախչում է մեր ոտքի տակից: Այս պարագայում ոչ մի, քիչ թե շատ, այս պետության ճակատագրով մտահոգ մարդ, չարախնդալու սիրտ չունի: Նույնիսկ դրա իրավունքը լիուլի վաստակած, նախկին «հանցագործ» իշխանությունները: «Շանը կտամ, գիլին կտամ…» Հայաստանը չլուծված խնդիրների մի փնթի խառնարան է: Նույնքան խառնիփնթոր իշխանամետ քաղաքական ներկապնակի ու իր անտանելի կյանքի համար մինչ այսօր իներցիայով նախկիններին հայհոյող հասարակության գերխնդիրը ո՞րն է: Լեռնային Ղարաբաղի հարցի մեզ համար ընդունելի լուծու՞մն է առավել մտահոգում նրանց, մեր անկախության պահպանու՞մը, թե՞ նախկինների վերադարձը ամեն գնով անհնարին դարձնելու սին մղումը: Ցավոք, ատելությունն ու չարությունը Դանկոյի սիրտ դարձրած, սադիստ մարդասպանին ազգային հերոսի լուսապսակով զարդարած, դեպի անդունդը խելակորույս վազող խառնամբոխի տրամադրություններն են այսօր գերակշռողը: Ջայլամություն չանենք՝ սա է իրական պատկերը: Իսկ խորհրդարանականնե՞րը ինչ դարդով են տապակվում: Համլետյան խնդիրը, որ անքնության ճիրաններում է պահում նրանց գերակշիռ հատվածին, մեկն է՝ կլուծարի՞ մի օր խորհրդարանը Ռոբերտ Քոչարյանը, թե՞ երեսփոխաններին, մինչեւ իրենց հասանելիք ժամկետի ավարտը, բախտ կվիճակվի իրենց շեֆի պես (չշփոթել ԱԺ նախագահի հետ, Հայաստանում մի շեֆ կա՝ Ռոբերտ անունով) «վիզկապ» կապել, «ազատամետ-ազատամետ» ճառեր ասել, իրենց ինտելեկտուալ բարձր մակարդակով խելքամաղ անել համերկրացիրներին ու արտերկրի իրենց գործընկերներին ու ժամանակ առ ժամանակ վայելել շեֆի՝ վերջիններիս «կաշիները քերթելու», ցանկության մասին պարբերաբար հնչող նախազգուշացումները: Նրանք գիտեն, որ Նազարի բախտը մի անգամ է բերում ու իրենց կիսագրագետ երեսփոխանական կենսագրությունը ում՝ ում, նախկինների վերադարձի դեպքում չի շարունակվելու: Ուրեմն՝ պիտի պինդ բռնեն իրենց ամեն օր ստորացնող Քոչարյանի փեշից, որովհետեւ երկիր կորցնելը վատ բան է, բայց կոճակատիրության համը տեսնելուց հետո կրկին «փափախատեր» դառնալու հեռանկարը առավել վատ բան է: Այնպես որ, ամեն սրբություն յուրաքանչյուր օր ու ժամ առուծախի առարկա դարձնող այս, այսպես կոչված, մեծամասնությունը դեռ հաճույքով շարունակելու է ցատկռտել քոչարյանական դհոլազարկերին համահունչ՝ ժամանակից շուտ «չքերթվելու» ու նախկինների վերադարձը, «քանի բերաններումը շունչ կա», չտեսնելու բնազդային մղումով: Նույնը՝ իր ինտելեկտուալ պաշարով խորհրդարանին ոչնչով չզիջող կառավարությունը: Ընդամենը «կոճակ» բառը փոխարինեք «աթոռով» ու վերընթերցեք վերոգրյալը: Ազգային ջոջերի այս՝ մեկը մյուսից գորշ, կարկառուն ներկայացուցիչներին (չնչին բացառությամբ), որոնք, իրենց առաջնորդների ողբերգական մահից հետո հարկադրված են գիտակցել, որ իրենց ներկայությունը քաղաքական դաշտում, ու հատկապես նախկինների կողքին, նույնպիսի աբսուրդ է, ոնց որ Կոմիտասի երգին զուգընթաց՝ գուսան Համազասպի կլկլոցը, բացի շեֆի տված դասերի պարտաճանաչ սերտումից, ուրիշ ելք չունեն այլեւս: Իսկ հոկտեմբերի 27-ից հետո նրանց մի դաս է հանձնարարվել՝ ճենճահոտ հայհոյանքներով ռմբակոծել նախկիններին: Եվ այնպես, որ պայթյունի ձայնը շոյի Քոչարյանի թմբկաթաղանթը: Իսկ Ղարաբաղը, պետությունն ու ազգային արժանապատվությունը, իրենց սազական լեզվով եթե ասենք, «ֆնդխ» բաներ են: Չեն կարողանա պահել՝ կնվիրեն «Ռուսաստան-Բելառուսին»: Տարիներ առաջ հեռուստաթատրոնում մի պիես բեմադրվեց՝ «Սատանայի ջրաղացը»: Հերոսներից մեկը (կարծեմ տերտերը) հպարտությամբ պատմում է սուրբ Լուկասի «քաջագործության» պատմությունը: Ահա՛ այս սուրբ Լուկասն այնքան է ատում սատանային, որ հրաժարվում է ուտել ու…մեռնում է՝ «սույնով անարգելով սատանային»: Այ այսպես, մեր «սուրբ» փափախատերերը պատրաստ են Հայաստանն ու իրենց թանկագին կյանքը մատաղացու գառան պես (ոմանք էլ՝ եզան պես) մատաղ անել Քոչարյանին՝ «սույնով անարգելով» նախկիններին: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել