Լրահոս
Օրվա լրահոսը

1998թ.

Ապրիլ 07,2001 00:00

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է 1998թ. իշխանափոխությունից հետո մշտապես խոսվում է ապաշխարելու մասին՝ նպաստելով չարության, նախանձի, իրար քարկոծելու ու ոչնչացված տեսնելու 1937-ային մթնոլորտին: Օդում անընդհատ կախելով «Տերտերը ո՞նց եղավ, պապը ո՞նց եղավ, Կարսը ո՞նց եղավ, Սարիղամիշը ո՞նց եղավ, արտագաղթը ո՞նց եղավ, Արթուր Մկրտչյանը ո՞նց եղավ, Համբարձում Գալստյանը ո՞նց եղավ, մազութը ո՞նց եղավ, հոկտեմբերի 27-ը ո՞նց եղավ…» հարցերը՝ մտքերը, որպես առաջին արձագանք, շեղում են դեպի քաղաքական, բարոյական, քրեական պատասխանատվություն կամ գնահատական: Ապրիորի գնահատման պահանջը ներկայացնողներից որեւէ մեկը դեռեւս չի փորձել անել դա. թույլ տվեք մտածել, որ հիմնավոր կասկած ունեն իրենց պահանջի ռացիոնալության հանդեպ: Սակայն մեկ անգամ գոնե պետք է պատասխան տրվի գնահատականի պահանջատերերին, որ կարելի լինի չթունավորված հոգով կառուցել մեր պետությունը: Նախապես ընդունելով ավետարանական այն ճշմարտությունը, թե՝ Ո՜վ կարգեց ինձ դատավոր, ընդունելով, որ պատմությունը, թողած ժառանգությունն ու ապագան են պետական ցանկացած գործչի ու պատմական ցանկացած իրադարձության գնահատողը, իրավունք ենք վերապահում խոսելու դեպքերի մասին՝ միայն անձնական մասնակցությունը նկատի առնելով: Եվ դա արվում է ոչ թե սեփական աչքի շյուղը ցուցած լինելու շնորհիվ ստացած իրավունքով եղբոր աչքի գերանը շեփորահարելու նպատակով, այլ բախտորոշ այս շրջանում պատրանքային հարթությունից վերջապես պոկվելուն եւ սթափ կշռադատելուն նպաստելու համար: Լավի մասին, որն անշուշտ բոլորս պետք է որ ունենանք, չի խոսվի ու օվացիաներ չի ակնկալվի, այլ միայն վատի մասին, քանի որ դա են պահանջում գնահատականի պահանջատերերը: 1990 թ., երբ օդում կախված էր մեր մոտալուտ անկախությունը, հայ կոմունիստները, ի պատիվ իրենց, հեռացան առանց արյան, առանց Ալեքսանդրապոլի պայմանագրի, առանց Հայաստանի դրամագլուխն իրենց հետ արտասահման տանելու, կարեւոր գործընթացների ժամանակ առանց Փետրվարյան ապստամբություն բարձրացնելու (խոստովանենք, որ նրանք այդ հնարավորությունն ունեին): Պետականության հենց արշալույսին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան երկիշխանության կարճատեւ շրջանում ո՞ր մեկը չխրամատավորվեց՝ քարկոծելով մյուս խրամատի իր ոչ վաղ անցյալի եղբայրներին, չհասկանալով պետության՝ միակ խրամատը լինելու հանգամանքը: 1991-ին նախագահական առաջին ընտրություններն անցկացրինք, որի արդարությունը չվիճարկեցին նույնիսկ Խորհրդարան մտած ահաբեկիչները (հանիրավի ուռճացված եզակի Պառավաքարի քարոզն իհարկե իր սեւ գործն արեց նոր ստեղծվող պետությունից քաղաքացիներին խորթացնելու գործում): Անձամբ ես այդ ժամանակ ձայնս տվեցի Պարույր Հայրիկյանին: Ապաշխարա՞նք եք ուզում. ես մեղավոր եմ, որ չհասկացա, թե դիսիդենտների ժամանակն անցել է, որ նրանք «պետք էին», քանի դեռ կար «չարիքի կայսրությունը»: Այդպիսով ես ու շատերս արտահայտեցինք ժամանակի տրամաբանությունը չընկալելու, մշտապես ժամանակից, նրա խմորումներից hետ ընկնելու այն օրերի հայի ծերացած ու միեւնույն ժամանակ հեղափոխական էությունը: Ես ու ինձպեսները, փոխանակ զբաղվելու մեր գործով, զբաղված էինք նորընտիր նախագահի դեմ կազմակերպվող ազգային զանազան դաշինքների միտինգներին մեր ականջները լապշաների հերթի կախելով ու թունավորվելով: Համաձայն եմ՝ տանք սրա եւ՛ քաղաքական, եւ՛ քրեական, եւ՛ բարոյական գնահատականը: Քաղաքական առումով սա հազար տարի պետականություն չունեցածի տհասություն էր, քրեական առումով՝ տհասին հատուկ անմեղսունակություն, իսկ բարոյականով՝ նախանձին ու չկամին հատուկ գործելակերպ: Մե՛նք էինք մեղավորը, որ չասացինք. «Լեւոն Տեր-Պետրոսյան, մեր միտինգների անխոնջ հռետոր Դավիթ Վարդանյանին նշանակիր սեփականաշնորհման նախարար, Պարույր Հայրիկյանին կցիր քեզ՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, Վահան Հովհաննիսյանին խորհրդականդ դարձրու, մեզ էլ 40 կամ ավելի հազար աշխատատեղի, հարատեւ կռվի, ծովից-ծով Հայաստանի անժամկետ հույսեր տուր, որ ժամանակդ ծախսես ոչ թե մեզ պարզ ճշմարտություններ բացատրելու վրա, այլ ամբողջ հետխորհրդային տարածքում քանդվող սոցիալիստական տնտեսակարգից օբյեկտիվորեն ցավագին անցումը հնարավորինս մեղմելու վրա»: Մենք չասացինք, նա էլ՝ համառորեն չխաբեց ու չստեց: Դրա փոխարեն ընդդիմություն անվամբ քողարկվողներին առաջարկեց կազմել կաբինետ՝ բացառությամբ ուժայինների: Մերժվեց: Եթե նպատակը իշխանամոլությունը չէր, ինչու՞ մերժվեց. չէ՞ որ հաղթականորեն պատերազմող Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ուժային գործողությունների համար չեն այսօր նախկիններին քարկոծում (նրանց ազատագրածը չափազանց է ակնառու): Մերժվեց նաեւ, որովհետեւ նույնիսկ պատերազմի միջոցին չափազանց քաղաքակիրթ ու պետական էր առաջարկը. պետք էր այսօրվա նման հատ-հատ կանչել ու կաշառել-փչացնել: Իմաստուն եմ համարում լուսահոգի Վազգեն Սարգսյանի գնահատակը՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը բարոյական մարդ եւ իմաստուն քաղաքական գործիչ է»: Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին: Սկսված պատերազմը կարծես թե հասկանալի է, ո՛չ հայերս, ո՛չ էլ ադրբեջանցիներն էին սանձազերծել: Բայց պարտվելը պետականության կորստի էր հավասար լինելու: Ի՞նչ արեցինք մենք, երբ հազարավոր կամավոր տղաներ, անկախ կուսակցականությունից, կյանք էին տալիս: Ես ու ինձպեսները զբաղված էինք Վազգեն Սարգսյանին քարկոծելով, նրանից շուրջկալներով բանակ կազմավորելու փոխարեն «օսլայած օձիք, սպիտակ ձեռնոցներ» պահանջելով, հաղթանակները որոշ տղաների վերագրելով ու ոմանցից խլելով, նրանց հավաքականության տրամաբանությունը կիսկսելով, Շուշիի ազատագրման եզակի երեւույթի դափնին բաժանելով, պատերազմին հատուկ հաղթանակի ու պարտության օրինաչափ հերթագայության մեջ հաղթանակները սեփականաշնորհելով, իսկ ժամանակավոր պարտությունների համար մեղադրելով, գրեթե դավաճան հռչակելով Գերագույն գլխավոր հրամանատարին ու պաշտպանության նախարարին. բացենք ժամանակի եւ՛ դաշնակցական, եւ՛ հհշական, եւ՛ իմ խմբագրած, եւ՛ մնացյալ թերթերը: Կարեւորն այստեղ այն է, որ բոլորս էլ ինչ-որ չափով զգում էինք ճշմարտությունը, բայց սատանայի ձին հեծած վերցնում էինք դրա՝ մեզ դուրեկան մասը: Վազգեն Սարգսյանն արդարանար իմ ու ինձպեսների առջե՞ւ, թե ինչու պատերազմի ժամանակ չվարվեց եվրոպական խաղաղ ժամանակների՝ մեր պատկերացումներում գոյող ստանդարտներով, թե ինչու սպիտակ ձեռնոցներով չէ, թե ինչու այս կամ այն արտահայտությունը չձեւակերպեց մեր ունկին ախորժելի, թե՞ ամբողջությամբ կենտրոնանար օրհասական կռիվն ավելի արդյունավետ կազմակերպելու վրա: Գերագույն գլխավոր հրամանատարը մտածեր, թե ինչպես մանեւրեր Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, Իրանի ու այլոց միջե՞ւ՝ մարսելով Ադրբեջանի 20%-ի գրավումը, թե՞ պատերազմի օրերին նրա խրտվիլակը վառող, ցույցեր ու միտինգներ անող Դաշնակցությանը, ԱԻՄ-ին, ԱԺՄ-ին ու նրանց հետեւից գնացող ինձպեսներին ինչ-որ բան հասկացներ, բավարարեր Սադոյանի հարցադրումները: Հիմա այլեւս վախ չկա ո՛չ Աշոտ Երկաթի պես բանտված նախկին նախագահից, ո՛չ Վասակ սպարապետի ճակատագրին արժանացած պաշտպանության նախկին նախարարից, այլեւս չկա նաեւ այն Մարզպետունի սպարապետը, որն իր արածը գիտակցելուց հետո պիտի գնար նրա աքսորից դուրս գալը խնդրելու, ուստի կարող եք շարունակել ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ նույնիսկ այսօրվա վիճակի համար հայհոյել նրանց՝ կանգնելով այդ հայհոյանքների խտացված տեսակի՝ Նաիրի Հունանյանի կողքին: Անձամբ ես կարծում եմ, որ նրանք մեզ պես խմոր ունենալու պարագայում անգամ՝ արել են գրեթե ամեն հնարավորը: Տվեք եւ՛ մեր, եւ՛ նրանց քաղաքական, բարոյական, քրեական գնահատականը: Նրանք միանշանակորեն դրական բեւեռում են, մենք՝ բացասական: Եթե պետականության 10 տարին էլ չօգնեց մեզ քաղաքացի դառնալու ու սա գիտակցելու, ապա շատ մռայլ է մեր պետության ապագան: Պատերազմող եւ ամեն կերպ հաղթանակի ձգտող պետության եւ՛ ղեկավարությունը, եւ՛ քաղաքացիները ծանր խաչ են տանում: Եվ դա կշռվում է բացառապես պատերազմի արդյունքով: Լավ կամ վատ՝ բոլորս տարանք մեր բաժին բեռը. փառք նրանց, ովքեր մեր անընդմեջ սայթաքումների ժամանակ մեր խաչերի բեռն էլ առան իրենց վրա: Դարձյալ բացենք ժամանակի մամուլը (նաեւ իմ խմբագրած). միայն սեւ գույներ են, միայն գիշեր ենք մենք ստեղծել եւ՛ քարոզչության մեջ, եւ՛ Խորհրդարանում, եւ՛ հրապարակում: Համատարած այդ խավարի մեջ նրանք հանձնեցին քննությունը, բայց ոչ թե մեր՝ ցրտին ու կիսաքաղց գոյությանը դիմակայող սերնդի առջեւ, այլ պատմության: Եթե մեզ հաջողվի չկործանել մեր պետությունը, եւ հետագայում էլ հայ երեխաներ լինեն ու գնան հայկական դպրոցներ, ապա պատմության դասագրքերում չե՛ն հանդիպելու ո՛չ հանուն հաղթանակի արված զոհողություններից մեր դժգոհությունները խտացնող արշակսադոյանների, ո՛չ «Դրո» երկնողների, ո՛չ կնոջ ներքնազգեստում հանրապետությունից ադամանդներ դուրս հանողների անունները: Պատերազմի եւ Թիկունքի նախարարները՝ իրենց Գերագույն գլխավոր հրամանատարի հետ կարողացան ապահովել պարտադրված հիպերլիբերալիզմի տակ կքած, շրջափակված ու պատերազմող երկրի բնակչության հանապազօրյա հաղթանակն ու հացը: Պատմությու՛նն է լինելու եւ՛ մեր, որ տրտնջացինք, եւ՛ նրանց, որ ապահովեցին մեր արժանապատիվ հաղթանակի գոնե ռազմական հնգամյա գործողությունների ամենադժվարին հատվածը, քաղաքական, բարոյական ու քրեական գնահատականը: Եթե պահանջվում է, տանք մեր ու մեր արած-չարածի գնահատականը: Դա մեկն է՝ չէինք օգնում, այլ խանգարում էինք (հուսամ՝ փորձի պակասության պատճառով). գոնե այս գիտակցմամբ արժեւորած կլինենք թափված արյունն ու իրոք անլուր տառապանքները, որ արդարացվեցին այսօրվա տարածքային առավելություններով (Աստված տա՝ չմսխենք այն որպես ապաշնորհ Եսավ): 1995 թ., երբ Ադրբեջանը նոկաուտի մեջ էր, երբ դեռեւս Ռուսաստանը մե՛ր դաշնակիցն էր, երբ չէր ընդունվել նոր աշխարհակարգի ստամբուլյան հռչակագիրը, երբ ունեինք չվիճարկվող ընտրությամբ իշխող նախագահ եւ Խորհրդարան, ու անհրաժեշտ էր մի նոր կայծակնային պատերազմ՝ դիվանագիտական հարթության վրա, մենք աշխարհով մեկ բղավում էինք մեր խորհրդարանական ընտրությունների իբր 100 տոկոսանոց կեղծումների մասին: Սա նույն Փետրվարյան ապստամբությունն էր, որ զրկեց հայկական կողմին՝ խնդիրը հօգուտ իրեն լուծելու: Չկարողացանք անձնական նախանձից ու վիրավորվածությունից վեր կանգնել. միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա ներկայացուցչությունները մեզանից հազարավոր բողոքներ էին միայն ստանում՝ հնարավորություն ձեռք բերելով մեր հարցերի լուծումը մեր փոխարեն տնօրինելու: 1996 թ. նախագահական ընտրություններում նույն սցենարով արվեց վերջին Փետրվարյան ապստամբությունը՝ պետությանը զրկելով դիվանագիտական կայծակնային պատերազմում հաղթելու: 1996-ը միջազգային ատյաններում Հայ դատի բաղկացուցիչ մաս դարձրած Դաշնակցությունը հիմա նույն խնդրի առջեւ է. եւ ոչ մի արհեստական ընդդիմություն, ցույցեր, հայրենառազմական զեղմամբ հոխորտանք դժբախտաբար այլեւս չեն կարող ապահովել այսօրվա նախագահին՝ ամերիկյան բանակցություններում: Այդ ընտրություններում ես ձայնս տվեցի Վազգեն Մանուկյանին: Ապաշխարա՞նք եք ուզում. ես ու ինձպեսներն էինք մեղավոր, որ չհասկացանք, թե գնացքից թռչելուց հետո Վազգեն Մանուկյանն այլեւս գնացքում չհայտնվելու դեպքում չի կարողանալու տարբերել իր անձնական ու պետական շահը: Համոզված եմ, շատերն են հասկանում այս բաները, բայց չեն խոստովանում: Երբ «Դրոյի» մեղադրանքով կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, ես ու ինձպեսները սկսեցինք մի խաչակրաց արշավանք՝ ազատություն պահանջելով ձերբակալվածների համար. առանց դատի՝ մենք վստահում էինք նրանց անմեղությանը եւ իշխանությունների դավադրությանը: Առնվազն 1999 թ. վերջից դաշնակցականներն իշխանության են. ինչու՞ բանտերից չեն ազատում ձերբակալված իրենց մյուս ընկերներին (նույնիսկ Ռ.Քոչարյանն իրադրության փոփոխության անհասկանալի ձեւակերպմամբ ոչ բոլորին ազատեց): Կնշանակի՝ իմ ու ինձպեսների աղմուկը ճշմարտությանը չէր ծառայում, այլ մեր միջից ընդամենը հորդում էր պետությանը հակառակելու ոգին. ապրելով մի պետության մեջ՝ նրան շարունակում էինք վերաբերել որպես մեկ այլի, որպես Խորհրդային Միության, որը հիմնականում կլանում էր միայն ամենաարժանավոր անհատներին: Ո՞վ է տալու մեր գործունեության եւ դրա հետեւանքների գնահատականների փունջը: Չնայած մեր այդպիսի պահվածքին, այն էլ պատերազմական շրջանում, ի տարբերություն մեզ՝ նրանք ավելի հանդուրժող եղան, ավելի քաղաքացի, իսկ մենք երեք տարվա հեռվից անգամ անհանդուրժող ենք, ոչ-քաղաքացի, որի մթնոլորտից էլ ծնվեցին Խորհրդարանի սպանդի հեղինակները: Այսօրվա իշխանության չարդարացվող անհանդուրժողականությունը հասկանալի է. դա սխալը գործածի բարդույթն է, որ այլոց առջեւ արդարացում է փնտրում, մինչդեռ դրան զուգահեռ՝ ավելի է խորացնում սխալը: Տվե՛ք, եթե ուզում եք, գնահատականը նրանց, ովքեր բոյկոտում էին Խորհրդային Հայաստանին ամեն կարգի աջակցություն, ովքեր պատերազմող հանրապետությունում ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամն էին բոյկոտում (թեեւ երբեք չզլացան երեւակվել նույն հիմնադրամի կարմիր ժապավենները կտրելիս), ովքեր իներցիայով բոյկոտում են նույնիսկ իրենց իշխանության տակ եղող Հայաստանը. տվե՛ք հեղափոխականության գնահատականը, տվե՛ք նաեւ նրանցը, ովքեր որքանով հնարավոր էր՝ պահպանեցին եղածը: Այսօր էլ ամեն ոք հստակ ԳԻՏԱԿՑՈՒՄ է, որ այդքան մազութ «լափել» հնարավոր չէր. նույնիսկ այսօր հակառակ խրամատում եղող խորհրդարանական հանձնաժողովը դա խոստովանեց, բայց մենք ուզում ենք ՀԱՎԱՏԱԼ այդ «լափումների» գոյությանը: Մեզ մոտ ամեն ինչ անհաջող է լինելու, եթե այն, ինչ պետք է ԳԻՏԱԿՑՎԻ, տեղափոխենք ՀԱՎԱՏԻ ոլորտ, իսկ ՀԱՎԱՏԻ ոլորտինը՝ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Այդպես են վարվում աղանդավորները, երբ փորձում են հավատաքննիչ դառնալով ապացուցել իրե՛նց Աստծո ճշմարտացիությունը: Տա՛նք քաղաքական, բարոյական ու քրեական գնահատականն այս երեւույթի: Քաղաքական առումով սա դասական աղանդավորություն է. աղանդավորներ են «Հայլուրի» սիրած «երկրի հիմնական քաղաքական ուժերը»: Բարոյական առումով սա մազոխիզմ է, երբ գիտակցվող երեւույթին չվստահելով՝ փորձում ենք հավատալ հիվանդ երեւակայության տեսլականների: Քրեական առումով սա շատ պարզ զրպարտություն է, որի համար Հայաստանում դեռեւս պատասխան չեն տալիս: Մենք խնդրում ենք Ֆրանսիայում բանտարկված մեր արյունակից Վարուժան Կարապետյանի ազատությունը եւ ճիշտ ենք անում: Բայց խնդրում ենք, պահանջում ենք ոչ թե այն պատճառով, որ նա արդեն բավականաչափ երկար ազատազրկվել է, որ նա կիրթ ու հայրենասեր մարդ է, այլ որովհետեւ թուրք էր ուզում սպանել: Նման վերաբերմունքը ո՛չ մեր օգտին է խոսում, ո՛չ նրան կարող է օգնել: Հայ հասարակությունը ճշմարտապես չիմանալով էլ, թե արդյո՞ք Ստեփան Զատիկյանն էր ժամանակին մոսկովյան մետրոյի ահաբեկչության հեղինակը (հուսամ՝ ոչ), չի դնում նրան Վարուժան Կարապետյանի ու մյուս տղաների կողքին, քանի որ այդ գործողության արդյունքում զոհվողները թուրքեր չէին. հայ հասարակությանը նրանից ավելի հարազատ են իր պատմական հայրենիքում վերջին մի քանի տասնամյակում տասը միլիոնից ավելի դարձած այն քրդերը, որոնք թուրք են սպանում (վկայությունները կարդացեք մեր թերթերում, տեսեք մեր եթերում): Այսինքն՝ մենք դեռ չենք հասկացել, որ ահաբեկչությունն ամե՛ն դեպքում դատապարտելի է. ու քանի դեռ չենք հասկացել, հոկտեմբերի 27-երից ապահովագրված լինել չենք կարող: Մեզնից ո՞ր մեկը դիմացավ ու չհայհոյեց տաղանդավոր մուլտիպլիկատորին՝ մեր ազգային շարժումն այդպես ներկայացնելու համար: Հարյուր անգամ նրա հասցեին հատկապես «թուրք» բնորոշումն եմ լսել այսուայնտեղ, երբ հատկապես խոսվել է «ծծովի կոնֆետների» նրա գովազդի մասին: Համաձայն եմ, որ երեխաներ, կանայք եւ շեղումներ չունեցող քաղաքացիներ են նայում հեռուստացույց, որ հեռուստադիտողը իրավունք ունի ընդվզելու այն ստի դեմ, թե վաղուց կանգնած հոսքագծերը վերագործարկած եւ թարմացրած «Գրանդ քենդին» մեր երկրում քարի վրա քար է դրել, որ չարժե ժողովրդին եւ նրա բոլոր առաջնորդներին ապուշի տեղ դնել, թագը գլխին խրտվիլակ ունենալ եթերում, բայց ի՞նչ կապ ունի դա «թուրք» լինելու հետ. ո՞ր թուրքն իրեն այդպիսի բան թույլ կտա: Անշուշտ, կարելի է մերժել նման մոտեցումը, բայց չհասցնել աբսոլյուտի. «Գրանդ քենդին» էլ, ռեժիսորն էլ մերն են՝ թեկուզեւ մեզ համար անընդունելի հայացքներով: Ցավալին այն է, որ մենք վիճարկում ենք ոչ թե քաղաքացիական կեցվածքը, այլ ազգային պատկանելությունը: Այսօր էլ վիճակը նույնն է. խոստովանելով, որ երկրի վիճակն օրեցօր վատանում է, որ Արցախի հարցում նոր մարտահրավերներ պիտի կարողանանք կամ չկարողանանք դիմակայել, փորձում ենք մեղքեր բարդել միմյանց վրա. ներկաները նախկինների, եւ նախկինները՝ ներկաների (թեեւ ամենաիսկական նախկինը հենց ներկաներն են, ովքեր նույնատիպ պոստերում գոյատեւում են եւ՛ կոմունիստների, եւ՛ ՀՀՇ-ի եւ՛ դաշնակցականների օրոք). կարծում եմ՝ ելքերի անչար փնտրտուքն ավելի հրատապ է եւ արդյունավետ, քան գնահատական անվան տակ փոխադարձ մեղադրանքների տարափը: Եթե պետք է մեղադրել, ապա, որպես քաղաքացի՝ ո՛չ հպատակ, միմիայն ինքներս մեզ՝ արդյո՞ք յուրաքանչյուրս արել ենք այն ամենը, ինչ պետք էր եւ ինչ կարող էինք: Ու՞ր են ցուցարարներ Հայրիկյանը, Մանուկյանը, Դաշնակցությունը: Կա՛մ ամեն ինչ լավ է, կա՛մ վախենում են: Մի՞թե իրենց դեմ ահավոր հրեշ է կանգնած. ես հակառակ կարծիքին եմ: Ու՞ր են հոկտեմբերի 27-ի արյունը դեռ չչորացած՝ հեռուստաէկրանի առջեւ իրենց ժպիտները զսպել չկարողացած պոզա բռնողները: Տվե՛ք սրա գնահատականը: Մեղավորը դարձյալ ես ու ինձպեսներն ենք, որ բարձրաձայն չենք ասում նրանց առնվազն քաղաքականապես վերջացած լինելու մասին: Մեղավորը ես ու մյուս պահպանողականներն ենք, որ առաջինը նշած լինելով Ռ.Քոչարյանի հեռանալու անհրաժեշտությունը, չհուշեցինք նաեւ, թե դա ճշմարիտ ցավով ենք անում, քանի որ նրա՝ ժամկետից շուտ հեռանալը վտանգավոր օրինաչափություն է դարձնում բարձրագույն իշխանության ոչ-ժառանգականությունը, թեեւ Քոչարյանի պաշտոնավարման ամեն մեկ օրը հյուծում է պետությունը, վտանգում Արցախի ապագան: Մենք տվեցինք մեր գնահատականը, բայց նույնը չենք ակնկալում ո՛չ նախկին, ո՛չ ներկա «հանցավոր» ռեժիմներից: Դա ճանապարհ չէ. ճանապարհը ժառանգորդումն է, պահպանումը, աշխատանքը: Մեզ՝ պետականության պայմաններում ձեւավորվածներիս թերեւս մի բան է մնում՝ օգնել, որ անպետականության ու օտարության մեջ կազմավորվածները, ովքեր պետության համար չեն կարող անել ավելին, քան անում են, հեռանան բեմից: Հեռանան սահուն, առանց ցնցումների, առանց իրենց հետ խորտակելու պետության նավը, առանց չարության ու գոռոզության «բարձունքներից» գահավիժելու, հեռանան արածի համար գնահատված եւ ոչ անեծքի բեռան տակ: Միայն այդ դեպքում է, որ պատմության հետագա դասագրքերում հիշվելու են որպես Արցախի հարցն անդունդի եզրին հասցրած՝ բայց ոչ դավաճան, հիմար՝ բայց նվիրյալ, իրենց ժամանակավրեպությունը չգիտակցած՝ բայց զգացած, մոլորյալ՝ բայց ազնիվ: ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել