Լրահոս
Օրվա լրահոսը

Առնչությունները ԱԱՆ-ի հետ

Ապրիլ 07,2001 00:00

ՍՊԱՆԴԻՑ ՀԵՏՈ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՐՎԵՑ… ԵԿԵՂԵՑԻ ԳՆԱԼ Երեկ շարունակվեց Նաիրի Հունանյանի ցուցմունքների հրապարակումը։ Այն տեղի էր ունեցել ԱԱՆ մեկուսարանում։ Ըստ այդ ցուցմունքների, Նաիրի Հունանյանը հանդիպումներ-խոսակցություններ էր ունեցել Ալիկ Հարությունյանի հետ, նախ աշխատանքի հարցով։ Սեպտեմբերի կեսերին զանգել էր Ալիկին։ Նա կաշկանդված է հեռախոսով խոսել, ապա, պայմանավորվել հանդիպել։ «Հարցրի, եղբորս վերցնե՞մ», Ալիկն ասել էր. «Մի ասա»։ Նախագահի անվտանգության քարտուղարը, ըստ Նաիրիի նախաքննական ցուցմունքների, տեղյակ է եղել կազմակերպվող ոճիրի մասին, որը կազմակերպվելու էր ԱԺ-ում։ «Ասացի, որ դահլիճը գրավում եմ, հետո՞։ Նա ասաց դահլիճից կկապվես, ուղիղ եթեր կլինի, Տիկոյին կզանգես։ Կարեւոր է, ասաց Ալիկը, որ ժողովուրդ հավաքվի։ Դռները փակելուց հետո ինձ կպահանջես»։ Ըստ շարունակվող ցուցմունքների՝ «Ալիկն ասաց, որ երկիրը մտել է փակուղի։ Եվ եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը մեջտեղից դուրս գան, կամաց-կամաց երկիրը դուրս կգա փակուղուց»։ Նաիրի Հունանյանն Ալիկ Հարությունյանի «հանձնարարականներից» հիշել էր այն, որ նա ասել էր. «Աշխատեք անուններ տալուց խուսափել» եւ հիշել էր նաեւ դեպքի օրը, երբ Ալիկին էր պահանջել, եւ նա եկել էր բանակցությունների։ Ուշացումով։ Մեկ այլ լրացուցիչ ցուցմունքում Նաիրի Հունանյանը գրել էր, որ խոսակցության թեման եղել է առաջիկա հեղափոխության մասին. «Նախագահի հարցն իմ վրա է, ասում էր Ալիկը»։ Երբ տապալվել էր ԱԺ-ում իշխանափոխությունը, եւ ամբաստանյալը ԱԺ միջանցքում հանդիպել էր Ալիկ Հարությունյանին, վերջինս «ասաց, որ կարելի է դուրս գալ, գնալ եկեղեցի» եւ ապա այլ տարբերակ «առաջարկել». «ինքնաթիռ պահանջել, գնալ այլ երկիր»։ Դեկտեմբերի 12-ի ցուցմունքում Ն. Հունանյանը գրել էր. «Չհասկացա, թե ինչի առաջարկեց գնալ եկեղեցի»։ Մեղադրողները հրապարակեցին նաեւ Ռոբերտ Քոչարյանի մոտ Նաիրի Հունանյանի գնալու պահը (ԱԺ-ում). «Ես անզեն էի։ Երբ մտա, այնտեղ էր Ալիկը։ Նա չէր խոսում։ Նախագահին հիշեցրի, որ 1988-ին Ստեփանակերտում եմ ծանոթացել իր հետ։ Հարցրեց՝ Վազգենի հետ անձնական թշնամանք ունեցե՞լ եմ»։ Իր հունվարի 3-ի (2000 թ.) թիվ 1 քննչական մեկուսարանում ընթացած հարցաքննության ժամանակ Նաիրին խոսել էր «պահեստային տարբերակի» մասին, ըստ որի՝ ինքը եղբորը՝ Կարենին, ասել էր, թե «կասես, կազմակերպիչը եղել է Կարեն Դեմիրճյանը»։ Հենց այդ օրն էլ խոսք է գնում ՀԱՀ-ի փոխտնօրենի՝ Հարութ Հարությունյանի մասին։ Եվ երբ գաղտնի ձայնագրվել է «Հարութի մասը», «անիմաստ էր Հարութի պահը թաքցնելը»։ Նաիրի Բադալյանը «իմ մոտ չի բացվել» Լրագրող Նաիրի Բադալյանի մասին, կարծես, առաջին անգամ հիշատակվում է 2000 թ. հունվարի 11-ի Նաիրի Հունանյանի ցուցմունքում։ «Ալիկ Հարությունյանի հետ չեմ խոսել Նաիրիի մասին։ Նրանց միջեւ պարբերաբար շփումներ եղել են, ինչ-որ պատվերներ եղել են։ Կոնկրետ քննարկում, Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին սպանելու, չի եղել։ Հեղաշրջում կատարելու մասին էլ չեմ քննարկել»։ Երբ 27-ի լույս 28-ի գիշերը պետք է հանձնվեին, ըստ ամբաստանյալի ցուցմունքների՝ ինքը խոսել էր Դերենիկ Բեջանյանի հետ։ Ասել էր, որ «ոչ մի անուն չասես կազմակերպիչներից։ Ես որոշել էի կազմակերպչի դերը միայնակ տանել։ Ասել եմ, որ կազմակերպչական պատասխանատվությունն իմ վրա կվերցնեմ»։ Անուշավան Դանիելյանի եւ Շեւյովի «մասով» Ղրիմում նա ծանոթացել էր ինչպես Անուշավան Դանիելյանի, այնպես էլ «Վերածնունդ» կուսակցության նախագահ Շեւյովի հետ։ Նրանց տեսել էր Սիմֆերոպոլում՝ համագումարին։ «Թվարկված հանդիպումները կրել են թռուցիկ բնույթ եւ ինչ-որ հատուկ նպատակներ չեն հետապնդել։ Շատերն այդ հանդիպումներից պատահական են եղել։ 1995 թ. նոյեմբերին նրանց երկուսին տեսել եմ Օդեսայում հայկական եկեղեցու բացման արարողության ժամանակ»։ Ամբաստանյալը «անձնական կապ, մտերմական հարաբերությունները» բացառեց։ Առնչությունները ԱԱՆ-ի հետ Ըստ Ն. Հունանյանի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքների՝ Ալիկ Հարությունյանն ասել էր, որ «ԱԱՆ-ից էլ ոչ մի վտանգ չի լինի» եւ, որ «ինքն ԱԱՆ-ի հետ հարցերը կկարգավորի»։ Ամբաստանյալը հայտնել էր նաեւ, որ մինչեւ Թուրքիա գնալը հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանն ասել էր՝ հանդիպի իր խորհրդական Արամի հետ, «որը, փաստորեն, հանդիսանում է ազգային անվտանգության աշխատակից։ Արամի հետ հանդիպումից հետո նա ասաց, որ կհրավիրի ԱԱՆ համապատասխան բաժնից մարդ»։ Արամն էլ ծանոթացրել էր ԱԱՆ աշխատակից Կարեն Պարունակյանի հետ։ «Քանի որ դու ես խմբի ղեկավարը, ես քեզ լավ իմանալով որեւէ կասկած կամ մտավախություն չունեմ»,- ասել էր վերջինս։ Հետո Ն. Հունանյանի եւ ԱԱՆ աշխատակցի հանդիպումները դարձել են պարբերաբար… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել