Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայունություն» խմբից 9 պատգամավորի հեռանալու առաջին իսկ օրվանից

Ապրիլ 07,2001 00:00

ԱՄԵՆԱ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «Կայունություն» խմբից 9 պատգամավորի հեռանալու առաջին իսկ օրվանից խոսվում էր, թե նրանք ձեւավորելու են նոր խումբ։ Նրանցից 8-ին այժմ գումարվել են Հարություն Փամբուկյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ Հրանուշ Հակոբյանը եւ ձեւավորել նոր՝ «Ժողովրդական պատգամավոր» խումբը։ Այն դե յուրե դեռեւս գոյություն չունի, քանի խմբի կազմը պաշտոնապես չի հրապարակվել ԱԺ հերթական եռօրյա նիստի ընթացքում։ Մինչ այդ, ըստ իրազեկների, խումբը կարող է առավել մեծանալ՝ ի հաշիվ խմորվող այլ՝ «Ագրոարդյունաբերողների» խմբի։ Եթե, իհարկե, այդպես ձեւակերպեն իրենց կամքը բարձրագույն որոշ իշխանավորներ, որոնց առավել ձեռնտու է գործ ունենալ 1 մեծ, քան 2-3 փոքր խմբերի հետ։ Փոքր-ինչ անակնկալ էր, որ Հրանուշ Հակոբյանն, այնուամենայնիվ, «Ժողովրդականներին» գերադասեց «Ագրարայիններից»։ Հանելուկի լուծումը, թերեւս, պարզ է՝ այս խմբում Հրանուշ Հակոբյանը ստացել է քարտուղարի պաշտոնը։ Թեեւ, ըստ իրազեկների, նրա հավակնություններն այս առումով ավելին էին։ Առավել մեծ անակնկալ էր, որ զանազան մականունավոր պատգամավորների կողքին հայտնվեց իրո՛ք ժողովրդական կոմպոզիտորը՝ Ռոբերտ Ամիրխանյանը, որն, անկեղծ ասած, որպես պատգամավոր առանձնապես աչքի չի ընկել։ Խմբից շատերի համար է հատկանշական, որ խորհրդարանում են հայտնվում գերազանցապես «կանչով», երբ հարկավոր է այս կամ այն օրինագիծն անցկացնել կամ տապալել։ Նրանց մեծ մասի համար պատգամավոր լինելը երկրորդ մասնագիտություն է՝ գործարար լինելուց զատ։ Սակայն մեկնաբանությունների փոխարեն կարելի է պարզապես թվարկել՝ «Հայնավթամթերք» ՊՓԲԸ-ի նախագահ Վահագն Գրիգորյան, «Երեւանի ալրաղաց» ԲԲԸ-ի փոխնախագահ Լեւոն Սարգսյան, «Տրանսբանկ» ԲԲԸ-ի նախագահ Հարություն Փամբուկյան, «Սկյուռիկ» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Վրեժ Շահգելդյան։ 43 ընտրատարածքի պատգամավոր Հակոբ Հակոբյանը մինչեւ ընտրվելն էր «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի գործադիր տնօրենը, թե ինչ առնչություններ ունի այժմ՝ հանրահայտ չէ։ Լայն շրջանակներն առանձնապես տեղեկացված չեն նաեւ խմբի անդամներ Պարույր Կարապետյանի եւ Գրիգոր Մադաթյանի (կապի եւ տրանսպորտի նախկին նախարարի եղբայրը) բիզնեսի մասին։ Նշենք նաեւ, որ «Ժողովրդական պատգամավոր» է նաեւ Հովհաննես Հովհաննիսյանը։ Կարծում ենք, այսպիսով լուծվեց այն խնդիրը, թե որ խումբն է նա ներկայացնում որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Իսկ «Ժողովրդական պատգամավորներին», ինչպես եւ կանխատեսվում էր, ղեկավարելու է «Կայունության» նախկին քարտուղար եւ «ՏԱԱԳ» ընկերության խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել