Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ

Ապրիլ 07,2001 00:00

«ՄԵՆՔ ԿՓՈՐՁԵՆՔ ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ» Մինչ մայրաքաղաքում ժամանակավոր հրադադար է «Միասնության» շուրջ, մինչ քաղաքական այրերը շարունակում են ձեւ անել, թե խիստ ծանրակշիռ հարցերով են զբաղված, հանրապետության գյուղերում եւ քաղաքներում մարդիկ շարունակում են ապրել իրենց օրվա հոգսերից ուժասպառ, օրվա հացի որոնումներով։ Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջանների գյուղերն առավել հոգսաշատ բնակավայրերից են։ Վարդենիսում կան գյուղեր, որոնց տները հիմնականում դատարկ են։ Եվ սա այն դեպքում, երբ շրջանի մեծ մասը սահմանամերձ է։ Գյուղացիներն իրենց զգում են ոչ թե պետության քաղաքացի, այլ՝ լքված ու մոռացված։ Վարդենիսի շրջանի Ակունք գյուղում արդեն հինգ տարի շարունակ ծնվող երեխաները ծննդյան վկայականներ չունեն։ Այսինքն՝ առաջիկա մարդահամարի ժամանակ այդ երեխաները չեն կարող հաշվառվել։ Գյուղացիները դժգոհ էին նաեւ ընտանեկան նպաստի համակարգից, այստեղ տիրող անարդարություններից։ Առաջարկում էին փոխել նպաստի կարգը եւ նպաստ տրամադրել միայն անչափահաս երեխաներին։ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը երեկ այցելեց Ակունք եւ Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր գյուղեր։ Ակունքի մշակույթի տունն անդուռ ու անլուսամուտ էր, եւ խորհրդանշական էր այդ շինությունը մշակույթի տուն կոչելը։ Հանդիպումը տեղի ունեցավ դրսում։ Մի գյուղացի հետաքրքրվեց. «Քո ծրագիրն ինչ ա՞»։ Ստ. Դեմիրճյանն ասաց, որ իր ծրագիրը Կարեն Դեմիրճյանի ծրագիրն է։ «Ապրե՛ս»,- ասաց գյուղացին։ 5 հազար բնակիչ ունեցող գյուղի հոգսերը շատ են՝ ոռոգման ջրի խնդիր, սերմացուի եւ հողի հարկի խնդիր, որպես բարձր լեռնային եւ սահմանամերձ՝ ոչ մի օգնություն։ Գարնանացանը վաղուց պետք է սկսված լիներ, բայց ոչ մի հա գարնանացան դեռեւս չի կատարվել՝ սերմացու, տեխնիկա եւ վառելանյութ չլինելու պատճառով։ Գյուղացիները դժգոհում էին, որ իրենց ընտրությունից ընտրություն են հիշում։ Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջաններում մոտ 3 հազար ՀԺԿ անդամ կա։ Աստղաձորում եւս նույն սոցիալական խնդիրներն էին։ Գյուղացիները դժգոհ էին, որ մայրաքաղաքում ոչ ոք չի հիշում իրենց մասին։ Աստղաձորի 922 հա վարելահողի կեսն էլ չի ոռոգվում, պոմպակայանը երեք տարի չի նորոգվել, 1000 աշակերտ եւ 100 ուսուցիչ ունեցող դպրոցը 23 տարի չի վերանորոգվել։ Ու այս ամբողջ խեղճության կողքին գյուղացիներն իրենց առաջնահերթ խնդիրը համարում էին «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը։ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանն այս առիթով ասաց, որ հետամուտ են լինելու «27»-ի գործի բացահայտմանը. «Դա ժողովրդի դատն է, մենք կհետեւենք, կաջակցենք մեր փաստաբաններին եւ, եթե տեսնենք, որ ինչ-ինչ խոչընդոտներ կան, մեր խոսքը կասենք, կխորհրդակցենք ձեզ հետ եւ կանենք ինչ որ հարկն է»։ Հանդիպմանը ներկա գյուղացիներն ասացին, որ կանգնած կլինեն նրա թիկունքին։ Գյուղացիներին հետաքրքրում էր նաեւ «Միասնություն» դաշինքի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրարանցումը։ Շատերը չէին էլ հասկացել, թե ով՝ ինչ է ուզում։ Դաշինքին վերաբերող հարցերին Ստ. Դեմիրճյանը պատասխանեց, կրկնելով նախորդ օրն իր ասածները. «Միասնություն»-ից ով ուզում է՝ կարող է դուրս գալ, ով խոսում է նոր մեծամասնություն ստեղծելու մասին, ազատ է, կարող է դուրս գալ եւ ստեղծել»։ Գյուղացիներից մեկը խիստ վրդովված էր. «Իրա՞նք են ստեղծել, որ ուզում են քանդել»։ Նախագահի պաշտոնակատարն այս առիթով ասաց. «Դաշինքը ստեղծվեց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի շուրջ։ ՀԺԿ-ն դաշինքի ծրագրերից երբեք չի շեղվել, մեր դիրքորոշումները հստակ են եւ չեն փոխվել»։ Աստղաձորի բնակչությունը հարցեր ուներ ԲՑ-ների մասնավորեցման վերաբերյալ։ Ստ. Դեմիրճյանը գյուղացիներին բացատրեց, որ ՀԺԿ-ն դեմ է ԲՑ-ների «այս ձեւով մասնավորեցմանը։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ վերահսկիչ փաթեթը պետք է մնա պետության ձեռքին։ Եվ հետո, խոսում են չարաշահումների մասին։ Չարաշահումների դեմ պետք է պայքարել եւ ոչ թե՝ ցանցերը վաճառել»։ Հանդիպման ժամանակ հետաքրքիր մի քանի միջադեպ եղավ։ Վերոհիշյալ գյուղերում բնակիչները հնարավորություն ունեն դիտել միայն Հանրային հեռուստատեսությունը եւ «Պրոմեթեւսը»։ Գյուղացիները պնդում էին, որ կառավարության ոչ մի անդամ իրենց որեւէ հարցում չի օգնել, իսկ օրինակ՝ Համլետ Ղուշչյանը կօգնի, եթե կարողանան նրա հետ կապվել։ Ստեփան Դեմիրճյանն էլ հումորին նույն կերպ պատասխանեց. «Ձեզ հուզող հարցերը կուղղեմ Ղուշչյանին, թող նա էլ ձեզ օգնի»։ Կատակը՝ կատակ, բայց գյուղացիներից մեկի պնդմամբ «դանակը ոսկորին է հասել»։ Նախ, երբ դահլիճ մտավ Ստեփան Դեմիրճյանը, ներկաները գոռացին՝ «Ու-ռ-ռ-ա՜», եւ ծափահարեցին։ Ընդհանրապես գյուղերում շատ ջերմ էին ընդունում ՀԺԿ նախագահի պաշտոնակատարին։ Մարդիկ պնդում էին, որ ժողովրդին միայն ոտքի հանել է պետք։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ ինքը հրաշքներ չի խոստանում, Կարեն Դեմիրճյանն էլ երբեւէ հրաշքներ չի խոստացել, ուղղակի խոսելու փոխարեն, գործ է արել. «Ես էլ իմ հնարավորությունների սահմաններում կաշխատեմ լինել գործնական, որպեսզի երկիրն այս վիճակից հանենք։ Առհասարակ, խոսելու ժամանակը չէ, մենք կփորձենք գործով ապացուցել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել