Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

Ապրիլ 06,2001 00:00

ՓՈՔՐԻԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ Արփի Թավիլ-Շաթելյանը ծնվել եւ մեծանում է Սանկտ-Պետերբուրգում։ 10-ամյա հայուհին արդեն հասցրել է մասնակցել մի շարք կարեւոր երաժշտական մրցույթների եւ բարձր մրցանակներ է ստացել։ Վերջերս փոքրիկ ջութակահարը մասնակցեց Սանկտ-Պետերբուրգում պատանի կատարողների (ջութակ, թավջութակ, քնար) 2-րդ բաց մրցույթին։ Համառուսաստանյան այս ներկայացուցչական մրցույթում Արփի Թավիլ-Շաթելյանը ստացավ միակ առաջին մրցանակը։ Մրցույթին մասնակցում էին պատանի կատարողներ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Սարատովից, Սամարայից, Տոլյատիից, Մուրմանսկից, Կալինինգրադից եւ այլ քաղաքներից։ Մրցույթի ժյուրիի կազմում էին Մոսկվայի, Պետերբուրգի, Պետրոզավոդսկի կոնսերվատորիաների պրոֆեսորներ։ Մրցույթն անցկացվեց երեք փուլով։ 20 հնարավորից ստանալով 19,5 միավոր, փոքրիկ Արփին աննախադեպ առաջ անցավ 8-11 տարեկան ջութակահարներից։ Վերջերս փոքրիկ ջութակահարը հանդես եկավ համերգով։ Նրա կատարումը շարունակում է հիացնել մասնագետներին, որոնք Արփիին փայլուն ապագա են կանխատեսում։ Արփին Հայաստանում հաճախ չի լինում, բայց հրաշալի խոսում է հայերեն եւ երազում է հայ ստեղծագործողների գործեր եւս կատարել։ Նրա ջութակը հայ վարպետի ձեռքի գործ է եւ փոքրիկ ջութակահարը համոզված է, թե ինքը հենց այդ պատճառով է հաղթում մրցույթներում։ Սանկտ-Պետերբուրգի Արվեստների լիցեյի աշակերտուհին վստահաբար կդառնա հայ մշակույթի եւ երաժշտական ավանդույթների արժանի շարունակողը։ Կարճ ժամանակ անց Արփի Թավիլ-Շաթելյանը իր ջութակով կփայլի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ աշխարհի բեմերում։ Հաջողություն մաղթենք փոքրիկ Արփիին։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել