Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՐԱՆԻ՞Ց ԷԼ ԱԿՆՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄ

Ապրիլ 06,2001 00:00

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՐԱՆԻ՞Ց ԷԼ ԱԿՆՀԱՅՏ ԽԱԽՏՈՒՄ 2001թ. փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ-ն քվեարկեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օգտին։ Այն մասնավորապես վերաբերում էր քաղդատօրենսգրքի 225 հոդվածը լրացնելուն «բովանդակությամբ նոր մասով»։ Այն է. «Սույն հոդվածի առաջին մասի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով (գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը) վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել դատարանի վճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում»։ 3-ամսյա ժամկետ նախատեսվեց նաեւ «Դատարանակազմության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով։ ԱԺ-ում դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ Վահան Հովհաննիսյանը, ձեռնպահ չի գտնվել, կողմ են եղել 98-ը։ Չեն քվեարկել 8-ը։ Հետաքրքիր է, որ մարդու իրավունքներից օրնիբուն խոսող օրենսդիրներն ու ԱԺ-ից դուրս գտնվողները, մասնավորապես՝ փաստաբանները, իրավագետները, իրավաբանները լռել են, նրանցից շատերը նույնիսկ անտեղյակ են։ Եթե քաղաքացին վճռաբեկ դատարան դիմելիս կաշկանդված չէր ժամկետների մեջ եւ իր պաշտպանությունը կարող էր իրականացնել ցանկացած ժամանակ, տարվա տարբեր եղանակներին կամ ամիսներին, ապա այս դեպքում գործում է 3-ամսյա «մտրակը»։ Մեր շատ քաղաքացիներ (որոնց հետ զրուցել եմ), որոնք համոզված են, թե օգտվում են եռաստիճան դատական պաշտպանության իրավունքից, նույնպես տեղյակ չէին կատարվածից։ Իրականում Եվրախորհրդին անդամակցելիս կատարեցինք առաջին կոպիտ քայլը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ոտնահարելու առումով։ Իսկ մի՞թե պատգամավորները հասկացել են, թե ինչ են քվեարկել։ Հաստատ կասկածում եմ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել