Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ

Ապրիլ 06,2001 00:00

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ «Առավոտի» նամակների բաժնում թղթապանակները սովորաբար հաստափոր են լինում։ Ամենահաստափորը բոլոր ժամանակներում իրավական բաժնինն է. դատաիրավական համակարգից դժգոհություններ միշտ կան ու կլինեն։ Այլ համակարգում էլ աշխատողներն առանձնապես հրեշտակներ չեն։ Բայց երբ վերեւում ուժեղ ձեռք է լինում, ներքեւինները իսկապես աշխատում են՝ նույն ժամանակ նաեւ քաղաքացիների բողոք-նամակներին ընթացք տալով։ Եվ ոչ թե ձեւ են անում, թե աշխատում են եւ արհեստականորեն ձգձգում ցանկացած բողոք՝ քաղաքացուն ֆուտբոլի գնդակի պես այս պաշտոնյայի դռնից մյուսին «փոխանցելով»։ Այդ «ֆուտբոլի գնդակների» մեծ մասն ի վերջո հայտնվում է մամուլում, այդ թվում եւ «Առավոտում»։ Գործադիր ու դատական մարմինների հատկապես մանր չինովնիկներից դժգոհների նամակների ամենամեծ, աներեւակայելի հոսքը Անդրանիկ Մարգարյանի վարչապետությանը հաջորդած ամիսներին էր. մեր խմբագրության ամեն մի բաժին մի ալտերնատիվ նախարարության եւ վարչության էր վերածվել։ Վերջերս հանկարծ արձանագրեցինք, որ բողոքների թղթապանակը նիհարել-բարակել է. մի՞թե հայրենի կառավարությունն իր զանազան օղակներով սկսել է այնքան լավ աշխատել, որ քաղաքացիները մոռանում են մամուլի տան ճանապարհը։ Թե՞ փոստային ծառայությունն է վատ աշխատում։ Մի քանի հարցումներից պարզեցինք, որ ոչ մեկն է, ոչ՝ մյուսը։ Մարդիկ հուսահատ են եւ հոգնած՝ ամեն ինչից։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել